ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Եւ այսպէս, վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային նշանակալի իրադարձութիւնների շարքում ամենավերջինը եւ անհամեմատ աղմկայարոյցը, անշուշտ, կը համաձայնէք, Ռուսաստանի Դաշնութեան հարաւ-արեւմուտքում` ռուս-ուքրանական հակամարտութեան գօտուն յարակից տարածքում մէկէն ծագած ռազմական խռովութիւնն էր, աւելի ճիշդ` ռազմական խռովութեան փորձը, որ նախաձեռնել էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձաւոր շրջապատի մարդկանցից մէկը` նրա նախկին խոհարար, ներկայումս խոշոր ձեռնարկատէր եւ, որքան էլ որ դա արտառոց հնչի, ոչ պետական, անհասկանալի իրաւական կարգավիճակով ռազմական կազմակերպութեան հիմնադիր եւ տէր ու տիրակալ Եւկենի Փրիկոժինը:
«Վակներ» կամ «Վակներ կրուբ», այսպէս է կոչւում Փրիքոժինի ստեղծած ռազմական խմբաւորումը: Ստիպուած եմ յուսախաբ անել երաժշտական արուեստի մասնագէտներին ու երաժշտասէրներին: Բանն այն է, որ այդ անուանումն ամենեւին կապուած չէ 19-րդ դարի գերմանացի հռչակաւոր երգահան ու խմբավար, օփերայի խոշորագոյն բարեփոխիչ Վիլհելմ Ռիխարտ Վակների ազգանուան հետ, որ, ինչպէս գիտէք, զգալի ազդեցութիւն է գործել եւրոպական, յատկապէս գերմանական երաժշտական մշակոյթի, ի մասնաւորի` օպերային եւ սիմֆոնիք ժանրերի վրայ: Առաւել եւս, որ Ռուսաստանի նախագահի եւ Զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի նախկին գլխաւոր խոհարար Փրիկոժինը ողջ գիտակցական կեանքում տասնեակ մղոններով հեռու է երաժշտական արուեստից, այդ թւում` մանաւանդ, օփերային եւ սիմֆոնիք ժանրերից: Պարզապէս «Wagner Group» անգլերէն արտայայտութիւնը, որով նա կոչել է իր խմբաւորումը, ռուսերէն թարգմանւում է ոչ այլ կերպ, քան` «Փուշեչնոէ միասօ», հայերէն` «թնդանօթի միս»:
Խմբաւորումը 2014 թուականից գործելէ Ուքրանիայի, այնուհետեւ` Սիրիայի տարածքներում: Զինուած լինելով զրահամեքենաներով, հրետանիով եւ ռազմականօդուժով, այն գործում է Ռուսաստանի դաշնութեան ուժային կառոյցների հետ համաձայնեցուած` որպէս զուգահեռ կամստուերային զինուած կազմաւորում, որին դժուար է պատասխանատուութեան ենթարկել: Արդէն մէկ տարուց աւելի է, ինչ «Վակները» մասնակցում է Ուքրանիայում Ռուսաստանի ձեռնարկած յատուկ ռազմագործողութեանը, աշխարհի մի զգալի մասի բնորոշմամբ` նախայարձակման: Ոչ լրիւ ստոյգ տուեալներով` «վակների» կազմում ներկայումս հաշուըում է շուրջ, գուցէ եւ աւելի քան 50 հազար զինծառայող, որից 25 հազարը բուն վակներականներն են, իսկ մնացածը` կամաւորականներ եւ Ուքրանիայում ծաւալուած մարտերին մասնակցելու պայմանով ռուսական բանտերից հաւաքագրուած նախկին կալանաւորներ: Ռազմական վերլուծաբանների տուեալներով, խմբաւորման միջուկը 7-8 հազարի հասնող, բոլոր փորձութիւնների միջով անցած, անհամեմատ մարտունակ վարձկաններն են կազմում:
Ի լրումն` նշեմ նաեւ, որ Մակ-ը եւ Ֆրանսան «Վակներ»-ի վարձկաններին մեղադրում են Կենտրոնական Ափրիկէի Հանրապետութիւնում բռնաբարութեան եւ կողոպուտի մէջ: Իսկ Եւրոպական միութիւնը եւ մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել այդ մասնաւոր ռազմական կազմակերպութեան նկատմամբ` մեղադրելով նրան Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը խարխլելու, Սիրիայում եւ Լիպիայում իրավիճակն ապակայունացնելու, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մէջ:
«Վակներ» խմբաւորումը, ըստ ռուսական լրատուամիջոցների, զգալի աւանդ ունի Ուքրանիայում ծաւալուած ռազմական գործողութիւններում: Նրա անմիջական մասնակցութեամբ են ազատագրուել, թէ գրաւուել (ինչպէս կ՛ուզէք հասկացէք) Տոմպասի Արթեոմովսկ, կամ, ինչպէս ներկայումս է Քիեւի կողմից պաշտօնապէս անուանափոխուած կոչւում, Պախմութ քաղաքը եւ մի շարք այլ խոշոր բնակավայրեր: Կազմաւորման մեծ թուով վարձկաններ ցուցաբերած արիութեան եւ սխրանքների համար պարգեւատրուել են Ռուսաստանի պետական շքանշաններով ու մետալներով, ընդհուպ` մինչեւ «Ռուսաստանի հերոս» բարձրագոյն կոչմամբ, ի հարկէ, նախագահ Պուտինի հրամանագրերով:
Մի խօսքով, «Վակներ» խմբաւորումը մարտական գործողութիւնների համապատկերում, համաձայն ռուսական զանգուածային լրատուամիջոցներ հաղորդագրութիւնների, Ռուսաստանի զինուած ուժերի առաւել մարտունակ եւ յաջողակ ռազմական միաւորման համբաւն ունի, շարունակաբար, բնականաբար, մնալով որեւիցէ պատասխանատուութեան ոչ ենթակայ, կամ այլ կերպ` ոչ միշտ կառավարելի ռազմական կառոյց: Դա, ի հարկէ, եթէ որոշակի բաւարարում էր Ռուսաստանի քաղաքական ղեկավարութեանը, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա, ըստ երեւոյթին, ոչ ՌԴ զինուած ուժերի բարձր ղեկավարութեանը` պաշտպանութեան նախարար Սերգեյ Շոյգուի եւ զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ Վալերի Կերասիմովի գլխաւորութեամբ: Կարելի է դատել այսպէս` «Վակներ»-ի եւ անձամբ Եւկենի Փրիկոժնու յարաճուն լայն համբաւը, մեղմ ասած, ամենեւին էլ չէր շոյում ռուսական բանակի բարձր հրամանատարութեան ինքնասիրութիւնը, ընդհակառակը, հետզհետէ աւելի էր գերակշռում նախանձի ու խանդի նրա զգացողութիւնը, ինչը ստիպում էր ստեպ-ստեպ դիմել կանխարգելիչ ու սադրիչ քայլերի: Մասնաւորապէս այդ մասին են վկայում Փրիկոժինու քանիցս հրապարակաւ հնչեցրած դժգոհութիւնները «Վակներ» խմբաւորմանը զէնք ու զինամթերքի ոչ պարբերական եւ անբաւարար մատակարարման կապակցութեամբ, ինչը զգալի կորուստների տեղիք էր տալիս այդ զօրաբանակին: Թէ որքան ստոյգ է, դժուարանում եմ ասել, բայց ԱՄՆ Սպիտակ տան տուեալներով, մինչեւ 2023 թ. փետրուարի կէսերը մասնաւոր զինուած կազմակերպութիւնները կորցրել են մօտ 30 հազար զինուոր եւ վիրաւոր Ուքրանիայում: Նոյնիսկ բանը հասել էր նրան, որ Փրիկոժինը վերջերս սպառնում էր, թէ Արտեոմովսք-Պախմութում ուքրանական զօրքերի վերահսկողութիւնը վերացնելուց յետոյ մտադիր է իր խմբաւորումը հանել ռազմական գործողութիւնների գօտուց, ինչը, անշուշտ, ռազմական մասնագէտները կարող են վկայել, կը յանգեցնէր առաջնագծի այդ հատուածներում ռուսական զինուժի դիրքերի զգալի թուլացմանը` նրա համար անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ:
Երեւի թէ այդ եւ այլեւայլ խտրական իրողութիւններից պռնկեպռունկ լցւում էր «Վակներ» խմբաւորման ղեկավարի համբերութեան բաժակը, որի վերջին կաթիլը, ըստ նրա յունիսի 23-ի յայտարարութեան, իր կազմաւորման թիկունքային ստորաբաժանումների հրետակոծումն էր պետական կանոնաւոր զօրքերի կողմից, ինչը շտապեցին ժխտել ու հերքել թէ՛ պաշտպանութեան նախարարը եւ թէ՛ ԶՈՒ գլխաւոր սպայակոյտի ղեկավարութիւնը` որպէս ապացոյց ներկայացուած տեսանիւթերը բնորոշելով որպէս շինծու բեմականացումներ:
Փորձենք ենթադրել: Գուցէ եւ հիմնական դրդապատճառն իշխանափոխութեան, նախագահ Պուտինին գահընկէց անելու խնդրի հասունացումն էր, խնդիր, որի լուծումն Արեւմուտքում լինի, թէ հէնց Ռուսաստանի ներսում` արմատական ընդդիմութեան շրջանում, ոմանք, ինչպէս, օրինակ, ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, «Եուքոս» խոշոր նաւթային ընկերութեան ունեզրկուած տէր եւ ռուսական բանտային ճաղերի ետեւից հէնց Պուտինի «բարեհաճ» հրահանգով Արեւմուտք արտաքսուած Միխայիլ Խոտորքովսքին, այլ հնար չգտնելով, տեսնում են միայն զինուած ապստամբութեան մէջ:
Գուցէ եւ Ռուսաստանի իշխող վերնախաւում այն աստիճան են խորացել քաղաքական տարաձայնութիւնները, որոնց հանգուցալուծման եթէ ոչ միակ, ապա առանցքային միջոցներից մէկն էր «Վակներ» մասնաւոր ռազմական կազմաւորման ղեկավարի եւ նրա զինակիցների խռովութիւնը: Չնայած, ինչպէս կարելի է դատել լրահոսից, նախկին խոհարարն իր զայրոյթը կարծես թէ փորձում էր թափել ոչ այնքան իր վաղեմի տիրոջ` Քրեմլինի խոհանոցի գերհամեղ խորտիկների գլխաւոր համտեսող Վլադիմիր Պուտինի, որքան որ Շոյկուի եւ Կերասիմովի ու նրանց մերձաւոր շրջապատի զօրավարների վրայ:
Գուցէ եւ Փրիկոժինի թիկունքում, չսիրելով, չընդունելով նրան, մեղադրելով հանդերձ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններում, այնուամենայնիւ, այսպէս ասած` «գործարք թէկուզ սատանայի հետ» սկզբունքով հաւաքական Արեւմուտքն էր կանգնած: Այն ակնկալիքով, որ Ռուսաստանը կարելի է փլուզել միայն ու միայն ներսից պայթեցնելով: Քանզի անարդիւնք են անցնում այդ նպատակով իրականացուող արտաքին բոլոր ճնշումները` յանձինս շարունակաբար սահմանուող ու կիրառուող եւ հետզհետէ առաւել խստացող պատժամիջոցները, որոնց փաթեթների թիւը, ինչպէս գիտէք, արդէն 11-ի է հասնում: Յատկանշական է, որ Արեւմուտքից արդէն յայտնել են, որ ըստ ամերիկեան հետախուզութեան տուեալների, նախապէս տեղեակ էին Փրիկոժինի խռովութեան նախապատրաստման մասին, բայց չցանկանալով լրացուցիչ անհանգստութիւն պատճառել պարոն Փութինին` գիտակցաբար չեն զգուշացրել նրան: Զաւեշտալի է, չէ՞, հնչում. պարզւում է` չեն ցանկացել լրացուցիչ անհանգստութիւն պատճառել, երբ նոյն այդ Արեւմուտքում` Լա Հէյի միջազգային քրէական դատարանի մինչ դատական վարոյթի երկրորդ պալատն այս տարուայ մայիսի 17-ին Վլադիմիր Պուտինի եւ երեխաների հարցերով նրա յանձնակատար Մարիա Լվովա-Պելովայի ձերբակալման հրաման է տուել` կասկածելով ուքրանացի երեխաների ապօրինի տեղահանման մէջ:
Գուցէ եւ այդ ամէնը քաղաքական արհեստագիտութիւնների արդիւնք թատերախաղ էր, ռազմաքաղաքական մոթիվներով, մէկ արարով իւրօրինակ փիառ-արշաւ, որ մտայղացուել ու նախաձեռնուել է հէնց Քրեմլինի եւ կամ Ռուսաստանի Անվտանգութեան դաշնային ծառայութեան աշխատասենեակներից մէկում` իշխող վերնախաւի եւ առանձնապէս նախագահ Պուտինի հետզհետէ անկում ապրող հեղինակութիւնը սեփական հանրութեան աչքում նորից բարձրացնելու համար` ի ցոյց մնացեալ աշխարհի, մանաւանդ` ի հեճուկս հաւաքական Արեւմուտքի: Յամենայն դէպս, այդ վարկածը ենթադրել է տալիս ստեղծուած արտակարգ իրավիճակի առնչութեամբ ՌԴ առաջին դէմքի որոշակի ուշացումով հնչած բաւական զգացմունքային ելոյթը հեռուստատեսութեան ու ռատիոյի առանց բացառութեան բոլոր ալիքներով` տոգորուած խորը հայրենասիրութեան ոգով, պետութեան ու ժողովրդի անվտանգութեան նկատմամբ հայրական հոգածութեամբ:
Այս ամէնը, ինչ խօսք, հարցեր են, որոնց ստոյգ պատասխանները հասարակ մահկանացուներս հազիւ թէ այսօր կամ վաղը գտնենք: Թէկուզ «մախաթը պարկի մէջ չես թաքցնի» ժողովրդական ասացուածքի ուժով օրերից մի օր դրանք հաւանաբար ի յայտ կը գան լոյս սփռելով տեղի ունեցած իրադարձութիւնների խորքային շարժառիթների վրայ:
Ինչեւէ: Անկախ այդ ամէնից, «Վակներ» մասնաւոր ռազմական կազմակերպութեան խռովութիւնը կամ դրա թատերականացուած փորձը, այնուամենայնիւ, յունիսի 23-ին տեղի ունեցաւ: Փրիկոժինի, ըստ լրահոսի տուեալների, 25 հազարանոց զինավառ զօրքը, լքելով ուքրանական ճակատը, շարժուեց դէպի Տոնի Ռոստով, որտեղ Ռուսաստանի Զինուած ուժերի հարաւարեւմտեան ռազմական շրջանի սպայակոյտն է տեղակայուած եւ առանց մի կրակոցի գրաւեց քաղաքն ամբողջութեամբ` օդակայանով հանդերձ: Այն տպաւորութիւնն էր, թէ Տոն գետի ափին փռուած այդ խոշոր մարզային կենտրոնը, իրօք, անհամբերութեամբ սպասում էր Փրիկոժինի եւ նրա զօրաբանակի ժամանմանը, ինչպէս որ 1773 թ. սեպտեմբերին անհամբեր սպասում էր իր ապստամբ հայրենակցի` Տոնի խռովարար Կազակ Եմելեան Փուքաչովի գալստեանը: Եւ կամ հլու-հնազանդ իր ճակատագրին` որոշել էր առանց որեւէ դիմադրութեան, գուցէ եւ նման դէպքերում աւանդական աղ ու հացով յանձնուել խոշոր ռազմական ուժով արշաւի ելած Եւկենի Փրիկոժինի ողորմածութեանը:
Ի դէպ, նշեմ, որ 1928 թուականից ի վեր Տոնի Ռոստովի շրջագծի մէջ է առնուած հայաշեն ու հայաբնակ Նոր Նախիջեւան քաղաքը` մարզկենտրոնի Պրոլետարական շրջան անուան տակ: Այն հիմնադրել էին տակաւին 1778 թ. Ռուսիոյ Եկատերինա 2-րդ կայսրուհու հրաւէրով եւ ռուսական բանակի հայազգի հռչակաւոր զօրավար, Ռուսաստանի ազգային հերոս, զինուորական բարձրագոյն` գեներալի սիմուս կոչման արժանացած Ալեքսանտր Մուվորովի ամենայն աջակցութեամբ Ղրիմից վերագաղթած հայ վաճառականները:
Մի ամբողջ օր քաղաքը գտնւում էր խռովարարների վերահսկողութեան տակ` փողոցները լեփլեցուն էին խմբաւորման հրասայլերով եւ այլ ծանր ռազմական սարքերով: Ապա, փոքր ինչ շունչ քաշելով Տոնի ափին, «Վակների» զրահամեքենաների շարասիւնը Մոսկուա տանող մայրուղիով շարունակեց իր արշաւը դէպի Վորոնեժ եւ Լիպեցկ քաղաքներ: Բնականաբար` դարձեալ առանց կրակոցների եւ նշոյլ անգամ դիմադրութեան: Կարծեմ Լիպեցկից յետոյ էր, յայտարարուեց, թէ մինչեւ մայրաքաղաք Մոսկուա հազիւ 200 քիլոմեթր է մնացել ուղիղ գծով:
Ի հարկէ, թէ՛ Մոսկուայում եւ թէ՛ դէպի այնտեղ տանող մայրուղու բոլոր քաղաքներում եւ այլ բնակավայրերում ձեռնարկուեցին յայտարարուած արտակարգ դրութեանը յարիր անվտանգութեան միջոցներ: Մոսկուայի Քրեմլինի բակը եւ յարակից փողոցներն ու հրապարակները, անգամ Քրիստոս Փրկիչ տաճարի շրջակայքը խստագոյն վերահսկողութեան տակ էին առնուել` լցուած լինելով Ռուսաստանի զրահամեքենաներով եւ զօրքերով: Դադարեցուել էին բոլոր կարգի հանրային միջոցառումները, քաղաքացիներին ամենուրեք յորդորում էին մնալ իրենց տներում ու փողոց դուրս չգալ: Մի խօսքով ինչպէս որ ցանկացած թատերախաղում, բեմահարթակը յագեցուած էր ներկայացման թեմայից բխող բոլոր անհրաժեշտ բեմայարդարանքներով:
Բայց ինչպէս սովորաբար ամռան ամիսներին է պատահում, երբ երկնքում անսպասելի ճայթած ամպրոպը կարճատեւ յորդ անձրեւից յետոյ մէկէն պապանձւում է` թոյլ տալով արեւի շողերին սփռուել ամէնուրէք, նոյն կերպ անսպասելի դադարեց «Վակներ»-ի խռովութիւնը: Եւ թւում է թէ անծայրածիր այդ երկիրը` ողջ Ռուսաստանն իսկոյն թեթեւացած շունչ քաշեց:
Պարզւում է` Պելառուսի նախագահ Ալեքսանդր Լուքաշենկոն, նախապէս ստանալով նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնութիւնը, հեռաձայնով բանակցել է Քրեմլինի խոհանոցից իր հին ծանօթի` Եւկենի Փրիկոժինի հետ: Պելառուսի երկարակեաց առաջնորդի պատմածով, իրենց հեռախօսազրոյցներն օրուայ ընթացքում մի քանի փուլ են տեւել ու թէկուզ մեծ դժուարութեամբ, ի վերջոյ յաջողութեամբ են պսակուել: Նա, ի հարկէ, զրոյցների ոչ բոլոր մանրամասներն է ներկայացրել լայն հանրութեանը: Իսկ թէ ի՛նչ էր թաքնուած այդ չասուած մանրամասներում, լաւ իմանալով Լուքաշենկոյի շողոքորթ խառնուածքը, կարելի է երեւակայութեան ուժով որոշակի պատկերացնել: Եւ այսպէս, երեւի թէ նա գովել է Փրիկոժինի խոհարարական հմտութիւնները, խոր ափսոսանք յայտնելով, որ օրը ցերեկով եթէ անգամ ճրագով ման գաս, խոհարարական մշակոյթի նրա նման կախարդ վարպետներ չկան ո՛չ Ռուսաստանում եւ ո՛չ էլ իր հայրենի Պելառուսում: Ընթացքում` խօսքի մէջ խորհուրդ է տուել դադարեցնել խռովութեան խաղը եւ իր զինակիցների հետ միասին տեղափոխուել իր մօտ` Մինսք, մշտական բնակութեան` բոլորի անձնական անվտանգութեան բոլոր երաշխիքներով: Համաձայնութիւնը, ինչ խօսք, ձեւական չեմուչեմից յետոյ ի վերջոյ կայացել է, եւ «Վակներ»-ի զրահամեքենայի շարասիւները կտրուկ ետդարձ են կատարել դէպի ելման ճամբարներ: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի հրահանգով երկրի իրաւապահ մարմինները մէկ մարդու պէս կարճել են խռովութեան առանց բացառութեան բոլոր մասնակիցների նկատմամբ յարուցուած քրէական գործերը` դադարեցնելով քննչական վարոյթները: Բնականաբար, Եւգենի Փրիկոժինը դադարեց իր խոհարարական ճակատին կրել հայրենիքի դաւաճանի խարանը, ինչպէս մինչ այդ իր ելոյթում նրան «խոստացել» էր նախագահ Պուտինը:
Բայց ակամայ հարց է ծագում. արդեօք Փրիկոժինը միայնա՞կ է մեկնել Պելառուս, թէ՞ իր գլխաւորած զօրաբանակի հետ մէկտեղ` ըստ խաղի նախօրօք սահմանուած կանոների ամրապնդելու համար այդ երկրի, մանաւանդ արեւմտեան սահմանների պաշտպանութիւնը, նկատի առնելով, որ հարեւան Լեհաստանում ՕԹԱՆ-ի զօրքերի վերջին կուտակումներն ուղղակի անվտանգային բնոյթի խնդիրներ են յարուցում Մինսքի համար: Պատահական չէ, որ Մոսկուան մինչ այդ արդէն իր միջուկային կայանքներն էր տեղակայում Պելառուսի տարածքում: Այս խորապատկերում չբացառենք նաեւ Մերձտնեսթրում հետզհետէ վատթարացող իրավիճակը, երբ, ինչպէս ներկայումս Արցախի շրջափակման պայմաններում է` Հակարիի կամրջի ապօրինի ազրպէյճանական անցակէտում, պեթոնէ պատնէշներ են տեղադրւում նաեւ այդ չճանաչուած հանրապետութիւնից Մոլտովա մուտք գործող ճանապարհների անցակէտերում` արգելափակելով կամ, առնուազն, դժուարացնելով մարդկանց ու փոխադրամիջոցների մինչ այդ ազատ ելումուտը դրանցով:
Այսպիսով, մէկ արարով ռազմաքաղաքական ներկայացումն աւարտուեց: Դերասանները փակ վարագոյրերի ետեւում կամ բեմադրիչի գովասանքները, գուցէ եւ դիտողութիւններն էին լսում, կամ թէ ետնաբեմի հանդերձարաններում բեմական հագուկապն էին փոխում: Իսկ հանդիսատեսները խուռներամ լքում էին լեցուն դահլիճը: Մէկը փայլուն ներկայացումից եւ նրա նման աւարտից խորը հիացմունքով: Մէկը` խորը հիասթափութեամբ, ափսոսանք ապրելով, որ, աւա՜ղ, չիրականացաւ բեմական խաղի իրենց սրտի համար երանելի աւարտը:
Դիտարկենք, որ առաջինների մէջ, այսպէս ասեմ, պետական կերակրատաշտակից լիուլի օգտուող հանդիսատեսներն էին եւ կամ` Ռուսաստանում հնարաւոր նոր քաղաքացիական, եղբայրասպան պատերազմից ամէն գնով խուսափողներն ու արտաքուստ խաղաղ, բարօր եւ անհոգ կեանքի կողմնակիցները, միով բանիւ` պետականամէտներն ու ռուսասէրները: Իսկ վերջինների թւում Ռուսաստանի գործող իշխանութեան քաղաքականութեան արմատական ընդդիմութեան ներկայացուցիչներն էին, հաւաքական Արեւմուտքից, Ազրպէյճանից, ինչո՞ւ չէ, նաեւ Հայաստանից ներկայացումը սրտատրոփ անհամբերութեամբ դիտած հակառուսներն ու ռուսատեացները:
Արեւմտեան հիասթափութիւնը, կարելի է ասել, հասկանալի է. Ռուսաստանն այս անգամ քաղաքացիական պատերազմի մէջ ներքաշելու միջոցով փլուզելու ակնկալիքը չարդարացաւ: Միակ սփոփանքը, Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կարծիքով, որ նա յայտնել է կիրակի երեկոյեան La Provence-ում հրապարակուած իր հարցազրոյցում, այն է, որ, իրավիճակը դեռ զարգանում է, բայց ցոյց է տալիս «ռուսաստանեան ճամբարում եղած պառակտումը, ինչպէս բանակի, այնպէս էլ «Վակների» պէս օժանդակ ուժերի փխրունութիւնը»: Ասուածի տողատակը կարելի է ենթադրաբար վերծանել այսպէս` «Այո՛, փորձը փորձանք չէ, այն էլի կը կրկնենք, բայց` աւելի լուրջ ու յուսալի ուժերի եւ ազդեցիկ լծակների գործադրմամբ»: «Այս ամէնը պէտք է ստիպի մեզ ծայրաստիճան զգօն լինել եւ ամբողջովին արդարացնում է այն աջակցութիւնը, որ ցոյց ենք տալիս ուքրանիացիներին իրենց դիմադրութեան գործում»,- յաւելել է Ֆրանսիայի առաջնորդը:
Ազրպէյճանի առումով: Փրիկոժինի խռովութեան ընթացքում Պաքուի առանց բացառութեան բոլոր` իշխանամէտ, թէ ընդդիմադիր (էական չէ, բոլորն էլ միեւնոյն իշխանական կենտրոնից են սնւում եւ ուղղորդւում) լրատուամիջոցները միաբերան անզուսպ ու անթաքոյց հիացմունքով էին գրում դէպի Մոսկուա ռուս խռովարարների արշաւանքի մասին` կանխագուշակելով առնուազն նախագահ Պուտինի տապալումը եւ կամ, առաւելագոյնը, Ռուսաստանի փլուզումը: Ամենեւին էլ պատահական զուգադիպութիւն չէր, որ խռովութեան նախաշէմին` յունիսի 15-ին, Պաքուն զրահամեքենաներով լրիւ փակել էր Արցախից եւ Հայաստանից մարդկանց ու բեռնատարների ելումուտը Հակարիի կամրջով, իսկ նախաշեմին զրահամեքենաների փոխարէն, որպէս թէ արտաքին աշխարհի համար դիտարկելի եւ ընդունելի քաղաքակիրթ միջոց, նոյն տեղում տեղադրել էր պեթոնէ պատնէշներ: Ասել է թէ` Պաքւում եւ Անգարայում նոյնպէս տեղեակ էին Փրիկոժինի արշաւանքի հաւանականութեանը, ինչ խօսք, արեւմտեան կամ ամերիկեան գործընկեր հետախուզութիւնների տեղեկատուութեամբ, ուստի եւ երկուստեք պատրաստւում էին վճռական ռազմագործողութիւնների, Ազրպէյճանը` 2020 թ. աշնանային պատերազմից յետոյ Արցախի մնացեալ տարածքի, Թուրքիան եւ Ազրպէյճանը միասին` Հայաստանի հարաւային հատուածի ուղղութիւններով` Երասխից մինչեւ Մեղրի: Թէ ինչ արիւնահեղ նոր պատերազմի թատերաբեմ կը դառնային հայկական տարածքները` չմանրամասնեմ: Յիշեցնեմ միայն Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարի վերջին պոռոտախօսութիւնը, թէ իբր «ազրպէյճանական բանակի նոյնիսկ մէկ կորպուսը Ղարաբաղում կարող է լուծել բոլոր խնդիրները, եւ մեծ ջանքեր չեն պահանջուի Ղարաբաղում մնացած ռազմական խմբաւորումները ոչնչացնելու համար»: Բայց ահա, քանի որ անսպասելի անփառունակ վախճան ունեցաւ Ռուսաստանում ծայր առած փրիկոժինեան խռովութիւնը, ուստի յանկարծակիի եկած թէ՛ Էրտողանը եւ թէ՛ Ալիեւը ստիպուած եղան զուգերգի պէս հանդէս գալ Ռուսաստանի օրինական իշխանութեանը զօրակցելու մասին յայտարարութիւններով: Բայց թէ ո՞ր իշխանութեան` Պուտինի՞, թէ՞ հնարաւոր կամ ցանկալի մէկ այլ, դարձեալ պարզ չէ: Այնուամենայնիւ, Պաքուն ռուսաստանեան խռովութեան ձախողումից անմիջապէս յետոյ` յունիսի 24-ին, Հակարիի իր ապօրինի անցակէտի ելումուտից հեռացրեց օրեր առաջ տեղադրած պատնէշները, նոյն օրը թոյլատրեց, որպէսզի Կարմիր խաչի գրասենեակի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ Արցախից 15 բուժառու ու նրանց 9 ուղեկից տեղափոխուեն Հայաստանի մասնագիտացուած բուժական հաստատութիւններ: Եւ դա այն դէպքում, երբ Հակարի կամրջի մօտակայքում ազրպէյճանական կողմի իսկ սադրած միջադէպից յետոյ տաս օր շարունակ կամուրջն արգելափակուած էր լրիւ: Դրա հետ մէկտեղ` Պաքուն հրաժարուել է թոյլատրել ռուսաստանեան խաղաղապահների երթեւեկութիւնը Բերձորի (Լաչինի) միջանցքով, ինչը նշանակում է, որ սննդամթերքի եւ այլ շտապ ապրանքների մատակարարումը մինչեւ հիմա էլ արգելափակուած է Ազրպէյճանի կողմից: Ի դէպ, մինչ այղ Պաքուն ռուս խաղաղապահներին եւ կարմիր խաչի արցախեան գրասենեակին, ինչպէս նաեւ արցախցիներին, «առաջարկել էր» օգտուել Ստեփանակերտ-Աղտամ ճանապարհից, ինչը, բնականաբար, բոլոր «հրաւիրեալներն» էլ մերժել էին` լրիւութեամբ անընդունելի համարելով այդ տարբերակը: Իսկ ահա յաջորդ օրը` յունիսի 25-ին, Պաքուն Հակարիի կամուրջ է հրաւիրել Ազրպէյճանում հաւատարմագրուած 60 դիւանագէտի` ցոյց տալու համար, թէ իբր կամուրջը վաղուց ի վեր բոլորովին ապաշրջափակուած է, ոչ մի պեթոնէ պատնէշ էլ չկայ նրա ելումուտին:
Աւաղ, մայր Հայաստանում եւս քիչ չեն արեւմտեան նուիրատու աղբիւրներից սնուող եւ «Վակներ» խմբաւորման ռազմարշաւի հետ մեծ յոյսեր կապած քաղաքական գործիչները: Մանաւանդ` իշխանամերձ շրջանակներում: Բայց ահա նրանցից ոմանք, չմտահոգուելով Արցախի, անգամ Հայաստանի ճակատագրով, այլ բեմագիր են նախատեսում բուն Հայաստանի համար, այն է` «գնդակահարել 5-րդ շարասեան անդամներին»… Նկատի ունեն ռուսական կողմնորոշման տէր գործիչներին ու նրանց համակիրներին: Կարծես թէ Հայաստան ներխուժելու դէպքում, ինչը չի բացառւում երբեք, թուրք ու կովկասեան թաթար զինուորականները դա չեն կարող անել` Հայաստանի իրենց ասած «5-րդ շարասեան» հետ միասին ոչնչացնելով ողջ հայ բնակչութեանը, ներառեալ նաեւ հէնց իրենց` արեւմտամէտ ու թուրքասէր այդ գործիչներին, ի լրումն 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանութեան: Թուրքի համար ի՞նչ հայ, բոլորն էլ համատարած դաշնակցականներ են, նոյնիսկ մոլի հակադաշնակցականները: Անուններ չթուարկեմ` բոլորը գիտեն, թէ որոնք:
Ի հարկէ, Աստուած հեռու տանի ու պահպանի ազգիս նման արհաւիրքից, բայց ամէնից առաջ` արեւմտեան հովերով տարուած-մոլորուած. աւելի ստոյգ` Արեւմուտքի մատուցած «տոլարային ասեղին նստած» ու իրենց սնած մայրական կաթն անգամ մոռացած նման վայ-գործիչներից:
Այնպէս որ, ասենք` Ամէն:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար