Ազրպէյճանի զինուած ուժերը, հերթական անգամ կոպտօրէն խախտելով 2020 թուականի նոյեմբերի 9-ին ընդունուած եռակողմ յայտարարութեամբ Լեռնային Ղարաբաղում հաստատուած հրադադարի դրութիւնը, յունիսի 27-ի լոյս 28-ի գիշերուայ ժամը 1:30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետութեան տարածքի ուղղութեամբ, որի հետեւանքով զոհուել է մեր 4 հայրենակից:
Ազրպէյճանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների այս հերթական սպանութիւնը վկայում է, որ այդ հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, անտեսելով միջազգային հեղինակաւոր կառոյցների կոչերն ու որոշումները, խաղաղութեան եւ երկխօսութեան կեղծ օրակարգերով սքողուած, ցեղասպանական գործողութիւններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին` Արցախի վերջնական հայաթափմանը:
Ուշագրաւ եւ յատկանշական է, որ Ազրպէյճանի կողմից հրադադարի դրութեան պարբերաբար իրականացուող խախտումների այս նոր միջադէպը, նախորդ դէպքերին համանման, նոյնպէս արձանագրուել է այն ժամանակ. երբ ներկայումս Միացեալ Նահանգների պետական քարտուղարի միջնորդութեամբ Ուաշինկթընում տեղի են ունենում Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցութիւնները` հայ-ազրպէյճանական հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, եւս մէկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղութեան պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցութիւնները նոյնպէս իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղութեան ու կայունութեան հաստատման մթնոլորտի ձեւաւորման նմանակում` իբր թէ միջազգային ջանքերի համատեքստում:
Խորապէս անհանգստացած առկայ վտանգաւոր իրողութեամբ` Արցախի Հանրապետութեան ժողովրդի անունից դիմում ենք.
- ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` կարեկցանքի յայտարարութիւններից, յորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել յստակ գործնական քայլեր, մասնաւորապէս, պատժամիջոցներ կիրառել Ազրպէյճանի նկատմամբ` զսպելով նրա յարձակողապաշտ նկրտումները: Համոզուած ենք, որ երկակի չափանիշերի գործելաոճը աւելի է ոգեւորում Ազրպէյճանին` նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի:
- Ռուսաստանի Դաշնութեանը` խաղաղապահ առաքելութեան շրջանակում առաւել կոշտ միջոցներով կասեցնել Ազրպէյճանի հակամարդկային, ցեղասպան գործողութիւնները:
- Ուաշինկթընեան բանակցութիւններում Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեանը` անյապաղ դադարեցնել մեկնարկած բանակցութիւնները` մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի Հանրապետութեան սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցութիւնների շարունակումը կը նշանակի ազրպէյճանական կողմի յարձակողապաշտ պահուածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտօնութիւն:
Մեր խոնարհումը բերելով յանուն հայրենիքի իրենց կեանքը նուիրաբերած մեր չորս նահատակների յիշատակին` պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը:


