Համահայկական տիրոյթում այսօր ամէնից շատ խօսում են համախմբման մասին: Համախմբումը հաւաքականութեան նպատակների իրականացման անհրաժեշտ տարրն է: Իւրաքանչիւր ոլորտում պառակտումը, ոչ նպատակասլաց ընթացքը պատճառ են դառնում ուժերի ջլատման եւ ներուժի վատնման:
Թւում էր, թէ հայ իրականութեան մէջ 2018թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնը եւ դրան յաջորդած մի քանի ամսուայ պատրանքային խանդավառութիւնը կարող է նոր լիցք տալու համահայկական զարթօնքին` թօթափելով անտարբերութեան եւ անհոգութեան մթնոլորտը: Սակայն պատահեց ճիշդ հակառակը. գնալով` ազգայինը դուրս մղուեց օրակարգից:
Արցախը` որպէս ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, այն շաղախն էր, որն աւելի քան 25 տարի ստեղծել է հայկական աշխարհի տարբեր հատուածների միաւորման արդիւնքում ձեւաւորուած գաղափարական համակարգը:
Արցախեան պայքարը նախ եւ առաջ հիմք է հանդիսացել ազգային գիտակցութեան արթնանալուն: Հայկական պետութիւնը հիմնադրուել է հէնց այդ ազգային գիտակցութեան գաղափարախօսութեան յենասիւների վրայ: Պատահական չէ, որ ինչպէս Արցախի, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան հռչակագրերում անդրադարձ կայ հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման գաղափարին: Արցախում հայկական պետութեան կայացումը ինքնին փաստ է, որն արձանագրուել է նաեւ հայկական տարածքների ընդլայնմամբ` պատմական հայրենիքի վերատիրացմամբ:
Յաղթանակն ինքնին համախմբող բնոյթ ունի: Բոլորը ցանկանում են բաժին ունենալ յաղթանակից, մասնակիցը լինել յաղթանակի «խրախճանքին»: Ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդը արցախեան յաղթանակի լիցքով թէ՛ ենթակայօրէն եւ թէ՛ առարկայաբար կանխել է ցեղասպանութիւնը: Աշխարհասփիւռ հայ ժողովրդի մէջ ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի բարդոյթը փարատուել է Արցախով, իսկ գործնականում` փանթուրքիստական նկրտումները չէզոքացուել են հայկական բանակի կուռ շարքերի առկայութեամբ:
Այս հոլովոյթը պատճառ է դարձել «Յաղթող հայի» ինքնութեան հաստատմանը, որի առանցքը, սեւեռակէտը հանդիսացել է Արցախը:
2018թ. իշխանափոխութիւնից յետոյ ապազգային հոսանքները մէկ առ մէկ քայքայել են վերը նշուած հիմնասիւները: Եւ հէնց այդ պատճառով է, որ չի գոյանում նպատակաուղղուած համախմբման բեմահարթակը:
Հայաստանի Հանրապետութեան ձախաւեր իշխանութիւնների գրանցած պարտութիւններն իրականութիւն են, յաճախ` յուսահատեցնող, թեւաթափ անող, սակայն միայն ու միայն պայքարի առկայութեամբ է, որ կարելի է թօթափել պարտուածի հոգեկան բարդոյթը եւ վերականգնել ազգային-գաղափարախօսութեամբ օժտուած համախմբման յենասիւները:
Այսօր Արցախը միասնականօրէն պայքարում է հայկական պետականութեան պահպանման, հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման համար, եւ դա հէնց այն կիզակէտն է, որի հիման վրայ հնարաւոր է ձեւաւորել համահայկական միասնականութիւն:
31 մարտ 2023


