Ինքնակենսագրութիւն` Մարիաննա Շահպարոնեանի
Պատմեմ ձեզ իմ պատմութիւնը: Ես ծնուել եմ Հայաստանում` Երեւան քաղաքում, սակայն 2 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխուեցինք Ռուսաստանի Դաշնութիւն` Մոսկուա: Այնտեղ եմ յաճախել դպրոց եւ համալսարան, այնուհետեւ ուսումս շարունակել եմ Պելճիքայում:
Իմ մէջ հայրենասիրութիւն սերմանել են փոքրուց: Յիշում եմ` հայրս պարտադրում էր, որ մենք տանը խօսենք միայն հայերէն: Մեր տանը միշտ քննարկւում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները:
Երբ ապրում ես դրսում` հայրենիքից հեռու, կարօտը խեղդում է, ուստի փորձում ես շուրջբոլորդ ստեղծել Հայաստան:
Իւրաքանչիւր ամառ մենք պարտադիր այցելում էինք Հայաստան եւ առնուազն 2-3 ամիս անցկացնում էինք այդտեղ: Ծանօթանում էինք մեր երկրի գեղեցկութեանն ու մշակոյթին, այցելում տեսարժան վայրեր, շփւում մարդկանց հետ:
Բանաստեղծութիւններ գրել սկսել եմ հինգ տարեկանից, եւ հէնց առաջին ոտանաւորը եղել է Հայաստանի մասին:
Մայրս պատմում է, որ Հայաստան հերթական այցելութեան ժամանակ գնացել էինք Սեւանայ լիճ` հանգստի: Լճի ափին մի քանի րոպէ կանգնելուց յետոյ ես ասացի` մայրի՛կ, շտապ թուղթ եւ գրիչ վերցրո՛ւ, բան եմ ասում, որ գրես: Եւ նա ապշած էր մնացել, որ ես սկսել էի շարադրել ոտանաւոր, որն ունէր հանգեր:
Նաեւ այցելում էի կիրակնօրեայ հայկական դպրոց, որպէսզի սովորէի հայերէն գրել եւ կարդալ: Կիրիլեան եւ լատինական տառերից յետոյ հայկական այբուբենը` բաղկացած 39 տառից, հեշտ չէր ընկալել: Ինձ համար այն թւում էր շատ դժուար. տառերը շատ էին, շփոթւում էի, մի պահ մտափոխուել էի ու չէի ուզում շարունակել սովորել հայերէն:
Ինձ մօտեցաւ իմ ուսուցիչը` բարձր որակաւորման մանկավարժ, Երեւանի դպրոցներից մէկի նախկին տնօրէն, ՌԴ վաստակաւոր ուսուցիչ եւ միաժամանակ իմ հարազատ տատիկը ու ասաց. «Մարիաննա՛ ջան, դու քո գիմնազիայում սովորում ես ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, լատիներէն, ու դրանք դժուար չե՞ն, բայց մեր սուրբ հայկական տառերը դժուա՞ր են: Դու հայ ես, երբեք մի՛ մոռացիր այդ մասին»:
Այս խօսքերն ինձ ոգեշնչեցին, եւ այդուհետ ես աւելի մեծ ջանասիրութեամբ սկսեցի սովորել հայոց լեզուն ու բաւականին արագ գրել եւ կարդալ սովորեցի:
Տարատեսակ մրցոյթների եւ փառատօների դափնեկիր եմ: Երկու անգամ մասնակցել եմ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնին եւ ընթերցել իմ գրած ոտանաւորները Հայաստանի մասին:
Հայաստան վերադառնալու միտքը մշտապէս ներկայ է եղել մեր ընտանիքում. մենք խօսել ենք այդ մասին, քննարկել եւ երազել միասին: Եւ մի ձիւնառատ, մռայլ առաւօտ հայրս ասաց, որ վերադառնում ենք հայրենիք: Այլընտրանք չկար. այս կարօտի զգացումը սրտում անհնար է այլեւս ապրել օտար հողում:
Եւ մենք տեղափոխուեցինք: Ես անչափ շնորհակալ եմ հօրս այդ ճիշդ որոշումը կայացնելու համար:
Այժմ ստեղծել եմ մի ժողովածու, որի մէջ ներառուած են միայն հայրենիքին նուիրուած իմ ոտանաւորները, աւելի արդիական դարձաւ ստեղծուած իրավիճակում` արցախեան երկրորդ պատերազմից յետոյ: Շատ կը ցանկանամ իմ ստեղծագործութիւնների միջոցով աշխարհասփիւռ հայութեան ուշադրութիւնը սեւեռել ազգային արժէքների ուղղութեամբ, ոգեշնչել սովորել հայերէն, վերադառնալ հայրենիք:
Սիւնիք
Սիւնի՛ք, մեր անկոտրո՛ւմ ողնաշար, Հրաշագեղ, անմոռաց բնաշխարհ,
Հայեացքներս ուղղենք Տաթեւի վանք,
Տաք զեփիւռի քնքշանքը զգանք,
Տեսարժան Շաքիի լեռնային մի ջրվէժ,
Նժդեհն այստեղ մարտեր է վարել թէժ,
Սիւնի՛ք, մեր անկոտրո՛ւմ ողնաշար,
Խիզա՛խ, հնօրեայ բառապաշար,
Թշնամու հանդէպ ոչ յիշաչար,
Անսասան, պինդ եւ երբեք անչար,
Ուժգին պատասխան տալու ունես պատճառ,
Որ լսենք նրանց պարտուած ոռնալը լաչառ,
Անդաւաճան մնալը կը դառնայ մեզ յաղթաթուղթ,
Չէ՞ որ պէտք է իրագործենք մի սուրբ ուխտ,
Որ ախոռ չդառնայ այստեղ պանդուխտ,
Պաշտպանենք տարածքները մեր ամէն գնով,
Թէ՛ խաւար գիշերով, թէ՛ նորաբաց լոյսով,
Բերքաշա՛տ, արեւաշո՛ղ Սիւնիք,
Հայաստանի անբաժան մասնիկ,
Երազանքների մեր Փիւնիկ:
Հայաստանը Հետդ Տար
Ուր որ գնաս, Հայաստանը հետդ տար,
Նախադասութիւն կամ հայերէն բառ,
Մի թիզ հող, թէ պատկերուած մի սար,
Դուդուկի ելեւէջ եւ հայորդիների պար,
Ուր որ գնաս, Հայաստանը հետդ տար,
Որ չթողնես սիրտդ դառնայ քար,
Որ հարազատ պատկերը միշտ մնայ վառ:
Ուր էլ լինես, միշտ հայկականն ընտրիր,
Իւրաքանչիւրի աչքերի մէջ հայի փնտռիր,
Հայրենիքի հետ կապը մի՛ կտրիր,
Հայ մնայ, թէկուզ օտար հողում,
Մեր Աստծոյ լոյսն է քո մէջ շողում,
Հայերէն լսելիս մարմինդ է դողում,
Կարօտը քեզ հանգիստ չի թողնում:
Ուր որ գնաս, Հայաստանն հետդ տար,
Նա կը դառնայ հոգուդ փրկիչ լար:
Թալանուած Երազանք
Ա՜խ… երանի շտափոյթ տուն յետ գաս,
Հայի մեծագոյն սէրը մօտիկից զգաս,
Քո մասին գրուած է Աստուածաշնչում,
Նուիրուած տողերը խորոտ են եւ հնչուն:
Լե՛ռ իմ աննման, Արարա՛տ,
Ձնով ծածկուած ես առատ,
Ինչքան մօտենում եմ, հեռանում ես աւելի,
Սա դաժան պատիժ է, դէ լա՛ւ, է՛լի,
Չեմ թողնի թշնամու աչքերը քեզ վայելի,
Ա՜խ… իմ թալանուած դու երազանք,
Երանի հասնեմ քեզ եւ Կուսանաց վանք,
Այցելեմ Հայաստան Արեւմտեան,
Այդ պատկերը հոգումս պահեմ յաւիտեան,
Թալանուած երազանք… լեռ իմ Արարատ,
Տուն վերադառնալդ նուէր կը դառնայ ճարատ:
ՄԱՐԻԱՆՆԱ ՇԱՀՊԱՐՈՆԵԱՆ