Պատրաստեց ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆԸ
«Ինձ համար աւելի լաւ է շրջափակման մէջ տառապեմ իմ հայրենիքում, քան ազատութեան մէջ` առանց հայրենիքի»
ԼԻԱՆԱ ՈՍԿԱՆԵԱՆ
արցախցի բազմազաւակ մայր
«… Ոչ մի տեղ առանց Սիւնիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզօր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյութիւն ունենալ չի կարող: Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք` աւելի, քան բոլորը: Բարոյական ուժն օգնում է փոքր ազգերի գոյութեանը: Այն օգնում է նաեւ հայերին անհաւասար կռւում: Այն տանում է յաջողութեան, ուժեղ թշնամու դէմ թոյլերի յաղթանակի», սրանք մեծ զօրավար ու փիլիսոփայ Գարեգին Նժդեհի խօսքերն են, որ հնչում են մէկդարեայ հեռաւորութիւնից:
Եւ սա ոչ միայն պատմական ճշմարտութիւն է, այլեւ կեանքի բանաձեւ ու պատգամ` ուղղուած սերունդներին: Առանց Արցախ` չկայ Հայաստան: Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը եղել է մեր ազգային գոյապայքարի բերդերից մէկը… Եղել է հոգեւոր-մշակութային կենտրոն, որը համաքրիստոնէական ժառանգութիւն է:
2020 թուականին թշնամին նորից պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դէմ: Արցախ աշխարհի դէմ սանձազերծուած պատերազմից յետոյ մեր գոյապայքարը շարունակւում է: Թշնամին արդէն 60 օր շրջափակուած է պահում Արցախը: 120.000 մեր հայրենակիցները կանգնած են կեանքի իրաւունքի համար պայքարելու խնդրի առաջ: Սա ցեղասպանութեան եւս մի բաղադրիչ է, որով թշնամին փորձում է իրագործել Արցախը հայաթափելու ծրագիր: Եւ մինչ միջազգային կառոյցներում փորձում են գնահատական տալ ստեղծուած իրավիճակին, արցախցին անկոտրում շարունակում է դիմակայել իր պատմական հողի վրայ ապրելու համար, ծնւում են փոքրիկներ, որ մեր վաղուայ սերունդն են:
… Լիանա Ոսկանեանը Արցախ աշխարհում ապրող մեր հայուհիներից է: Մասնագիտութեամբ` դերասանուհի, դիմայարդար: Նա կարմիր վկայականով աւարտել է Բժշկական ուսումնարանը: Իսկ մինչ այդ 12 տարեկանից աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազեանի անուան տրամաթիքական թատրոնում:
Լիանան ունի վեց երեխայ: Վեցերորդ փոքրիկը ծնուել է օրեր առաջ: Արցախի շրջափակման օրուանից Լիանայի ամուսինը չի կարողանում Երեւանից վերադառնալ եւ վերամիաւորուել իր ընտանիքին: Լիանայի հետ զրոյցի ընթացքում ինձ համար եւս մէկ անգամ բացայայտել ու ճանաչել եմ այն ոգին, որը մեզ պիտի գօտեպնդի յանուն Արցախի պայքարել մինչեւ վերջ ու չյանձնուել:
… Կ՛ուզէի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզօր ժողովրդին, որի պատմութիւնը պատմուած, բոլոր կռիւները մղուած ու տանուլ են տրուած, որի շէնքերը խորտակուած, գրքերը չընթերցուած, եւ որի աղօթքները անպատասխան են մնացած: Փորձէք կործանել այս ցեղը: Կործանեցէք Հայաստանը, տեսէք` կը կարողանա՞ք: Քշեցէք տներից անապատ, մի՛ մոռացէք խլել ճամբի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցէք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսէք` դարձեալ պիտի չապրե՞ն: Տեսէք` ցեղը դարձեալ պիտի չյառնի՞…
Հեռաւոր Քալիֆորնիայում ծնուած մեծ պիթլիսցու` Ուիլիըմ Սարոյեանի այս խօսքերի մէջ ես տեսնում եմ արցախցու այսօրուայ կերպարը: Այո՛, չի հանգստացել թշնամին: Արթուն է: Բայց արցախցին մարդասիրական աղէտի շեմին կանգնած էլ շարունակում է ուղիներ որոնել իր հողից չարտագաղթելու եւ այստե՛ղ` հայոց բնօրրանում իր սերնդին մեծացնելու մասին: Լիանա Ոսկանեանի ընտանիքի պատմութիւնն ա՛յս մասին է…
«Ես չեմ կարող հերոսների արեան դաւաճանել»
… Լիանա Ոսկանեանը երեք պատերազմի ականատեսն է եղել: Նրա հերոս քեռին արցախեան առաջին պատերազմի մասնակից է եղել, որ 17 տարեկանում անմահացաւ թէժ մարտերում` միանալով մեր անմահների գնդին: Եւ ընտանիքի հերոսական պատմութիւններն այսօր իրեն ուժ են տալիս դիմակայելու անասելի դժուարութիւններին:
– Ես հերոս քեռի եմ ունեցել, որ դպրոցական հասակից զինուորագրուեց հայրենիքի պաշտպանութեանը եւ զոհուեց 17 տարեկանում: Զոհուեցին նուիրեալները: Ես չեմ կարող այդ հերոսների արեան դաւաճանել ու գնալ: Կը հաւատա՞ք, որ ինձ համար աւելի լաւ է շրջափակման մէջ տառապել իմ հայրենիքում, քան ազատութեան մէջ` առանց հայրենիքի: Չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. այսպէս է սկսւում իմ նամակագրութիւն-զրոյցը Լիանայի հետ:
Եւ այնքա՜ն ոգի եւ լոյս կայ այս մի քանի նախադասութեան մէջ…
Այսօր կտրուել է կեանքի ճանապարհն Արցախի հետ: Սակայն ոչ մի երեւելի եւ աներեւոյթ ուժ պէտք չէ խզի հոգեւոր կապը մեր հայրենակիցների հետ: Իւրաքանչիւր արցախցու խնդիրը մե՛ր իսկ գոյութեան խնդիրն է: Հայաստանում եւ սփիւռքում ամէն գիտակից հայի սիրտն այսօր բաբախում է Արցախում… Իսկ իւրաքանչիւր արցախցի ընտանիքի պատմութիւնը պէտք է դառնայ ամէնքիս սրտի մի զարկը:
– Շատ ծանր օրեր ենք ապրում,- պատմում է Լիանա Ոսկանեանը:- Այնքան կենցաղային խնդիրները չեն, որ օր օրի աւելի է սեղմւում օղակը, այլ հոգեբանօրէն ճնշուած վիճակն է: Հիմա իւրաքանչիւր արցախցի պատրաստ է դիմակայել ցանկացած դժուարութեան, կարեւորը` իշխանութիւնները նոր յանձնումների չգնան: Ես բազմազաւակ մայր եմ, 36 շաբաթական յղի եմ, մնացել եմ այս շրջափակման մէջ մենակ:
Ամուսինս մինչ ճանապարհը փակուելը Արցախից Ռուսաստան բեռնափոխադրումներ էր իրականացնում. մօտ 20 օր վրացական անցակէտում մնալուց յետոյ վերջապէս հասաւ Հայաստան: Բայց այդ օրը մահացաւ ամուսնուս մօրաքոյրը: Երեւանում էր ապրում: Յուղարկաւորութեան յաջորդ օրը գերեզման պիտի գնային, յետոյ վերադառնալու էր Արցախ: Ճանապարհը փակուեց… էլ չի եկել ու մնացել է նաեւ առանց աշխատանքի:
Խանութները շատ քիչ քանակութեամբ են սնունդ ստանում. մի ընտանիքից մի քանի հոգի գնում` հերթ են կանգնում, վերցնում են: Իմ վիճակով պայմանաւորուած` ես չեմ կարողանում անընդհատ տնից դուրս գալ, դժուար է ինձ համար, որովհետեւ շատ երկար քայլելու կամ կանգնելուց ցաւեր եմ ունենում: Չեմ կարողանում հետեւել, թէ որտեղ ինչ մթերք են ստացել, որպէսզի հերթ կանգնեմ եւ վերցնեմ:
Մեծ տղաս 14 տարեկան է, իսկ շատ ժամանակ խանութներում հերթ կանգնած երեխաներին սնունդ չեն տալիս: Ասում են` թող մեծերը գան:
Սնունդից բացի` սպառուել են նաեւ առողջապահական եւ մաքրութեան պարագաները, աղ ընդհանրապէս ոչ մի տեղ չկայ: Իսկ բանջարեղէնի մասին չեմ խօսում: Մարդիկ համացանցում` ֆէյսպուքեան խմբերում գրում են իրենց առաջին անհրաժեշտութեան կարիքների մասին, եւ այդպէս մէկը մէկին օգնելով` մի քանի գետնախնձոր է տալիս: Յատկապէս փոքր երեխաներ ունեցողների համար գո՛նէ գետնախնձորն անհրաժեշտութիւն է… Փոքր աղջիկս 2,5 տարեկան է. բացի թանապուրից գետնախնձորի փիւրէից ու հնդկաձաւարից ոչինչ չի ուտում: Մի քանի գետնախնձոր ունեմ. 3-4 օրը մէկ փիւրէ եմ պատրաստում, որ միայն ինքն ուտի: Այնքան մեծ ցաւ եմ ապրում, երբ խանութ եմ մտնում եւ տեսնում` ամբողջը դատարկ…
Արդէն դեկրետ եմ գնացել. լաւ է, որ դրանով պայմանաւորուած` մի քիչ գումար եմ ստացել, առայժմ դա եմ ծախսում… նոյնիսկ ապագայ փոքրիկիս համար դեռ ոչինչ չեմ գնել:
Լիանայի դժուարութիւններն այսքանով չեն աւարտւում: Առաւել ծանր ու մտահոգիչ է լսել, որ արցախցիների համար անգամ բաւարար հնարաւորութիւններ չկան բուժում ստանալու, դեղորայքի խիստ պակաս կայ: Իր վեցերորդ երեխային սպասող մայրը վերջին անգամ բժշկի է այցելել յունուարի 8-ին: Եւ իր խօսքով, տարրալուծարանային քննութիւններ էլ չեն վերցնում, որպէսզի եղած սուղ միջոցները բաւականացնեն առաւել ծանր դէպքերի համար:
– Ծննդատանը հազուադէպ են տարրալուծարանային քննութիւններ վերցնում` միայն նրանց, որոնք արտայայտուած առողջական խնդիրներ ունեն: Ինձ մօտ ամէն բան բնական է: Բայց այսքան տագնապալի հոգեվիճակներում ինչքան էլ աշխատում եմ հանգիստ լինել, չի ստացւում: Ո՛չ ցերեկներն ենք հանգիստ, ո՛չ էլ գիշերը քնել կայ: Շուշիի ճանապարհը հենց մեր տան դիմացն է. ամէն անգամ պատուհանից նայում եմ, որ գո՛նէ մի մեքենայի շարժ տեսնեմ… Չկայ… Խենթանալու բան է,- ասում է արցախցի մայրը…
Եւ թերեւս հնարաւոր չէ պատկերացնել նաեւ բազմազաւակ ընտանիքի հօր` Լիանայի ամուսնու հոգեվիճակը, որ այս օրհասական վիճակում չի կարող գտնուել կնոջ եւ երեխաների կողքին: Սակայն Լիանան ոչ մի կերպ չի պատկերացնում իրեն առանց Արցախի, միայն ժամ առաջ ընտանիքի վերամիաւորման մասին է երազում: Եւ դարձեալ կրկնում է զրոյցի սկզբում ասած խօսքերը.
– Չեմ ուզում գնալ իմ Արցախից: Կը հաւատա՞ք, որ ինձ համար աւելի լաւ է շրջափակման մէջ տառապեմ իմ հայրենիքում, քան ազատութեան մէջ` առանց հայրենիքի:
– Իսկ ինչպէ՞ս են այս ամէնին դիմակայում ձեր աւելի տարիքի աւագ երեխաները,- հարցնում եմ:
– Նրանց ընկալումները զգայական են… Պատերազմից հասցուած ցաւի ազդեցութեան տակ են: Մեծ տղայիս շրջապատում շատերը կան, որ, երբ շրջափակումը վերացուի, պատրաստւում են հեռանալ Արցախից: Երբեմն սրտի ցաւով ու տագնապով ասում է.
– Մենք էլ ենք գնալու, չէ՞…
Իսկ ես պատասխանում եմ.
– Ո՛չ, տղաս, մենք մնալու ենք այստեղ: Մեր զինուորները զոհուել են, որ մենք Արցախում մնանք, հա՛յ մնանք ու պահենք այս հողը: Ինչպէս ես որոշեմ, այդպէս էլ պիտի լինի: Երբեմն նոյնիսկ հարցնում են.
– Մա՛մ, մե՞զ ես շատ սիրում, թէ՞ հայրենիքդ…
– Իսկ ես ոչինչ չեմ պատասխանում: Միայն գիտեմ, որ պիտի մինչեւ վերջ պայքարենք Արցախը պահելու համար: Մինչեւ վերջ մնալու եմ Արցախում:
– Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի այդ պայքարի ջահը կրող առաջնորդը,- դիմում եմ Լիանա Ոսկանեանին:
– Հայի այն տեսակը, որին ես գիտեմ 1990-ական թուականներից… Հայի այն տեսակը, որին գիտեմ 1988-ի Ազգային զարթօնքի հրապարակից, պատերազմի դաշտից: Այսօր շատերը միայն իրենց ապահովութեան մասին են մտածում: Անտարբերութիւնը շատ է… Չեմ տեսնում միասնութիւն ու կազմակերպուածութիւն: Շատերը կան, որ չեն գիտակցում` մենք մենակ ենք աշխարհում: Իսկ Արցախը ցեղասպանութեան շեմին է: Մեր թշնամու համար խնդիրը միայն Արցախը չէ, այլ ընդհանրապէս հային վերացնելն է:
Լիանա Ոսկանեանի համոզմամբ, այս իրավիճակում միակ ճանապարհը միմեանց համար ամուր յենարան լինելն է: Մեր ցաւի հանդէպ լռող աշխարհը նոյնն է, ինչ 100 տարի առաջ, որի մասին խօսելիս Լիանան իր խոհերն ամփոփում է ընդամէնը մէկ նախադասութեան մէջ.
– Մարդկութիւնը գնալով վերանում է, մարդկային արժէքները շատ են էժանացել…
Եւ այսպիսի աշխարհում պայքարել հնարաւոր է միայն մեր հերոսների, ա՛յս սուրբ հողի վրայ նրանց թափած արեանը չդաւաճանելով: Սա է իմ հերոսուհու պայքարի բանաձեւը, որն իբրեւ պատգամ ստացել է իր հերոս քեռուց եւ ընտանիքից…
(Շար. 1)


