Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հարցազրոյց Բանաստեղծուհի Կամիլա Երկանեանի Հետ. «Պատերազմը Ստիպեց Ինձ Լռել»

January 14, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը վարեց ԱՆԻ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆԸ

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ».- Վերջին շրջանում բանաստեղծուհի Կամիլան, կարծես, կա՛մ որոնումների մէջ էր, կա՛մ պոէտական խմորումների: Նկատի ունեմ, որ «Ծաղկած ցաւ» ժողովածուից յետոյ նոր գործեր չէք հրատարակել:

ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆԵԱՆ.- Թւում է, թէ պատերազմի ընթացքում ասելիքը ժամանակավրէպ է դառնում, քանի դեռ թաց է մեր վէրքը, իսկ պէտք է  խօսելու փոխարէն` հաւաքուել ու գործի դնել բոլոր ուժերը վերածննդի համար. ապրում ենք անորոշութեան, ցաւի, տառապանքի հասցէներում, անձնապէս ինձ համար ինչ – որ բան ասելը դառնում է մի տեսակ անիմաստ: Չէ՞ք նկատել, թէ ինչքան շատ է աղմուկը, ու երբեմն ուզում ես հեռու փախչել…

Իրաւացի էք, այո՛: Պատերազմը ստիպեց ինձ  լռել, գուցէ երկար, հեռանալ ինձնից`  նորից ինձ գտնելու համար  ու բաբախել տառապանքի բաց երակի վրայ, սակայն այդ լռութիւնը պարտուածի կամ յանձնուողի լռութիւն չէ բնաւ, եւ ոչ էլ` միմիայն պոէտական յետպատերազմեան խմորումների առիթ կամ  ժամանակ: Աւելին է, որը հնարաւոր չէ թարգմանել… Անանձնական եւ անձնական ապրումների հսկայական կշիռ պարունակող յոյզեր ու մտորումներ, հայրենիքի անդամահատութիւն, ընկերների, բարեկամների կորուստ եւ այլն, որոնք նախ պէտք է «մարսել», այն էլ` եթէ ստացուի: Յոյզեր, որոնք էլ  ոչ մի կերպ չեն տեղաւորւում ոչ մի սցենարում. կարելի է միայն որոշ պատկեր ստանալ, ոչ աւելին: Կարծում եմ` այս հարցի պատասխանը կը գտնէք նաեւ  «Պատերազմի երգեր» բանաստեղծութիւններիս շարքում, որը  Կամիլա բանաստեղծուհու ամբողջապէս ապրուած  կեանքն է, որով նա ապրել ու շարունակում է ապրել` յանուն Արցախի, յանուն հայրենիքի…

Ես ինձ պոկուած սիրտ եմ զգում առանց Արցախի ամբողջական գոյութեան, ինչպէս` հաւանաբար շատ ու շատ հայորդիների, եւ ընկալելի չէ հայրենիքը այլապէս…

Հետաքրքիրն այն է, որ «Ծաղկած ցաւ» բանաստեղծութիւններիս ժողովածուում կան այնպիսի բանաստեղծութիւններ, որոնք կարծես  հէնց այս օրերի մասին են,  որտեղ նկարագրուած պատկերներում տեսնում եմ  ներկան… իսկ գիրքը գրուել էր աւելի վաղ: Ասում են, որ բանաստեղծները զգում են գալիքը մի ուրիշ զգայարանով` սրտի ամենախոր արմատով. մի գուցէ…

«Ծաղկած ցաւ» գրքից յետոյ ես ինձ գտայ «Պատերազմի երգեր» եւ էլի մի շարք բանաստեղծական շարքերում, որոնք  նոյնպէս շարունակւում են հրապարակուել  հայրենի ու սփիւռքի մամուլում, մինչեւ յաջորդ գրքիս ծնունդը: Տեսնենք: Շտապելու բան չկայ, պէտք է կարողանանք սովորել ապրել…

«Ա. Ա.».- Ձեր բանաստեղծութիւնների հերոսը նաեւ պայքարող տեսակ է: Նրա պայքարը դէ՞մ է, թէ՞ յանուն…

Կ. Ե.- Այո՛, պայքարի տեսակ է միանշանակ, քանզի, եթէ չկայ պայքար, չկայ եւ կեանք: Պայքարը պիտի լինի յանուն վեհ գաղափարի, քանզի ի վերջոյ արդար  պայքարի երակներում եռացողը  սիրոյ ուժն է: Միայն սիրելով կարելի է պայքարել եւ այդ պայքարը օծել ամենագեղեցիկ նուաճումներով: Իսկ այդ նուաճումները, ըստ իս, անանձնական բնոյթ պիտի կրեն. ծանօթ ժապաւէնի խօսքերով` «բոլորը մէկի համար, մէկը` բոլորի»… իսկ մենք, ցաւօք, շա՜տ ենք հեռացել ինքներս մեզնից, ու երբեմն թւում է, որ կորցրել ենք լսելու, տեսնելու, զգալու, գիտակցելու  մարդկային ամենատարրական կարողութիւնները:

Պայքարի տեսակները շատ են, մարտիկը իր զէնքով է պայքարում  ու պաշտպանում հայրենի հողը, արուեստագէտը պայքարի իր դաշտն ունի`  իր ուրոյն զէնքը. ազգային մշակոյթի սահմանները անաղարտ պահելու պահպանելու գիտակցութեամբ, մանաւանդ`  համաշխարհայնացման այս թոհուբոհում. գրողը իր գրչով, նկարիչը վրձնով ու էսպէս ամէն Աստծոյ օր, շատ անգամ  նոյնիսկ` անխօս: Այլապէս, անկարելի է պատկերացնել, թէ ում եւ ինչո՛ւ համար են նահատակւում տղաները, եթէ պիտի չկարողանանք այդքանից յետոյ ամուր ե՛ւ մաքրամաքուր պահել հայրենիքի եւ՛ ֆիզիքական, ե՛ւ մշակութային սահմանները… Այսօրուայ տարատեսակ եթերները նոյնպէս մաքրման կարիք ունեն: Համոզուած եմ, որ բոլոր տեսակի պատերազմները պիտի յաղթանակենք նախ եւ առաջ ինքնամաքրման  յոյժ կարեւոր ու արդէն ուշացած գործընթացով: Բայց ինչպէս ասում են` երբեք ուշ չէ…

Իսկ դա նշանակում է լոյս սփռել շուրջ բոլոր, մնալ ամուր կառչած սեփական Կենաց Ծառի արմատից, հասկանալ, թէ ո՛վ է հայը, մարդկային ինչպիսի՛ տեսակ է նա, ի՛նչ է տուել աշխարհին ու դեռ ինչ պէտք է անի, որպէսզի գալիք սերունդներին իրական ժառանգութիւնը կարենայ փոխանցել` ուժեղի հոգեբանութեամբ ու հաւատով; Սա պոէտական ոգորում չէ բնաւ, այլ` հին իմաստութիւն, որին պէտք է վերադառնանք բոլորս` դուրս գալով անիրական այս իրականութիւնից: Հետեւաբար` պայքարել յանո՛ւն այս ամէնի:

«Ա. Ա.».- Դուք զբաղւում էք նաեւ երաժշտութեամբ ու նկարչութեամբ. ի՞նչ նորութիւններ ունէք, ի՞նչ էք յաջողել:

Կ. Ե.- Վերջին երեք տարիների անկանխատեսելի տարբեր ճգնաժամերի  բերած դժուարութիւններով, անկեղծ ասած, սպասելիքս մեծ չէր: Նախ Լիբանանի տնտեսական անկումը, յետոյ նաեւ` ամբողջ աշխարհը տակն ու վրայ արած համավարակը եւ Արցախի պատերազմը, որոնք բնականաբար իրենց սեւ գործն արեցին մեր կեանքում: Յուսով եմ, որ յառաջիկայում այն ինչ մտայղացել եմ` կապուած իմ  երաժշտական ստեղծագործական գործունէութեան առումով, կարելի կը լինի իրագործել նաեւ ի տես հանդիսականի:

«Ա. Ա.».- Ի՞նչ ծրագրեր ու մտայղացումներ ունէք` կապուած Արցախի հետ:

Կ. Ե.- Արցախի հետ կապուած նոր մարտահրաւէրներ կան: Ես փայփայում եմ այն յոյսը, որ ժամանակը իրեն շատ սպասել չի տայ. իսկ մինչ այդ, բանաստեղծութիւններս` Արցախի իմ սիրելի ընթերցողին, ընկերներիս, բարեկամներիս ու բոլոր ծանօթ ու անծանօթ հարազատներիս…

«Ա. Ա.».- Թւում է` պատերազմը շատերին է յաղթել, իսկ ձե՞զ:

Կ. Ե.- Եթէ գրում եմ, նուագում եմ եւ ամենակարեւորը` չեմ կորցրել սիրելու աստուածային ունակութիւնը, նշանակում է, որ պատերազմը ինձ չի՛ յաղթել, նոյնիսկ եթէ կշռենք անկշռելի այն ցաւն ու տառապանքը, որոնք ապրում են ինձ հետ, իմ մէջ…

Այստեղ էլի անելիք ունենք, այն էլ` շատ մեծ: Տղերքը մեր ուսերին հայրենիք են դրել, որ վերջապէս ազգովին մէկընդմի՛շտ սթափուենք, որ կարողանանք մաքուր աչքերով նայել իրենց ու  ինքներս մեզ: Իրականում հեռու եմ կոչերից, բայց ի սրտէ կ՛ուզենայի տեսնել մեզ վերածնուած, զուլալ ու պայծառ գիտակցութեամբ ու նուիրումով, իսկ դրա համար միայն մէկ բան է հարկաւոր` սովորել սիրել…

«Ազատ Արցախ»
9 դեկտեմբեր 2022

Արցախի Համար

 Պատերազմի Երգեր

(Նուիրում Եմ Բոլոր Ժամանակների Նահատակ Տղաներին…)

Մինչ Փնտռում Էին Մեղաւորին`
Հայրենիքը Տխո՜ւր Հեռացաւ…

Ա
ՇՈՒՇԻ

Լիզում է լեզուս դառը մի հետք.
Քեզանից յետոյ օրերը կարճացել են,
Եւ երեխաները էլ չեն խաղում
Լուսամուտիս տակ:
Ես վախենում եմ  կապոյտ աչքերի
Սեւ յուշերից,
Որ ռումբի պէս պայթում են  հատ  – հատ
Մեր բակի անտուն ճամբէքին…

Բ

Տղամարդիկ հեռանում են`
փողոցները դատարկւում
Ու ընկնում են  քաղաքից ցած.
Կանայք հաւաքում են նրանց ստուերները
Եւ շապիկ կարում տաքանալու համար…
Տղամարդիկ հեռանում են`
ժամանակը կանգնում
Ու գլորւում է կեանքից ցած,
Կանայք հաւաքում են անտուն օրերը
էլի մի քիչ չապրելու համար…

Գ

Դու զոհուեցիր,
Ես դեռ ապրում եմ.
Դու կը ծնուես կրկին,
Ես` էլ չեմ լինի.
Փշալարերին կախուած
Բանաստեղծութիւններս` քեզ…

Դ

Հողը ծծում է արիւնդ,
Իսկ բառերը մեռնում են
Ծառերի պէս կանգնած.
Մեր սրտերը նայում են մեզ
Լոյսի աչքերով,
Որից թափւում են
Թաց երազներ…
Կար ժամանակ,
Երբ մեր շուրթերը
Արշալոյսի դարպասներ էին,
Եւ կանաչ էր բոյրը
Անկշռութեան…
Ծծում է հողը արիւնդ
Եւ բառերը մեռնում են
Ծառերի պէս կանգնած.
Իսկ մեր սրտերը
Դաշնամուրի ստեղնաշարին հանգչող
Աստծոյ արցունքն են,
Որից անդին`
Էլ ոչ ոք
Սաղմոս չի երգում
Փրկութեան համար…

Ե

Վերցրու գիշերը,
Սրբիր լոյսի փէշերով
Ու ես կը գրեմ
Ամենագեղեցիկ բալլադը
Պատերազմի մասին…

Զ

Կանայք ծնւում եմ երջանկութեան համար,
Բայց տղամարդիկ անվե՜րջ հեռանում են.
Եւ ամէն մթնշաղի
Կանայք տուն են տանում
Բուռ – բուռ ծաղկած Հայրենիք…

Է

Այսօր ես կանգնեմ սահմանին`
Դու մի քիչ քնիր,
Հայրենիք…

Թ

…եկայ, որ քեզ համար ջուր բերեմ,
Բայց հողաթմբի վրայ
Արդէն աճել էին ծաղիկներ…

Ժ

Ես քո ձեռքերն եմ,
Որ մնացել են քեզանից յետոյ
Ապրելու համար…
Ես քո ոտքերն եմ`
Յենակները Հայրենիքիդ.
Ես քո աչքերն եմ,
Որ տանում են մեզ` մեզնից,
Երբ այլեւս ոչ մի կերպ
Չի լինում ապրել…

ԺԱ

Ես գեղեցիկ եմ,
Բայց դրսում պատերազմ է…

ԺԲ

Ոչ ոք այդպէս ինձ չսիրեց
Ինչպէս դու`
Զոհուեցիր իմ գրկում,
Որ ապրի Հայրենիքը…
Ոչ ոք չսիրեց ինձ այնպէս
Ինչպէս դու`
Քո գնալուց յետոյ
Ես ոտաբոպիկ եմ քայլում,
Որ չմսի հողը…

ԺԴ

Կանայք գիտեն իրենց տաքացնել
մրսած քամիներով,
եւ դեղահապերի պէս կուլ տալ
չասուած բառերը,
նրանք հանել են
խոստովանութեան հնամաշ շորերը
եւ հագել ազատութիւն`
ձեռքերը տանելով դէպի արեւ…
այդ ո՞վ է լալիս
գիշերուայ լեզուի տակ դնելով
տխրութեան ջերմաչափը.

կան քաղաքներ,
որի պատուհանները միշտ բաց են,
որովհետեւ այնտեղ
կանայք մերկ են գնում մեռնելու…

ժԵ

Ամայութեան աւազներէն խաղալիքներ կը շինենք`
մեր ձեռքերը անձեւ են չքմեղանքի համար
ու մեզմէ կը փչէ տարօրինա՜կ եղանակ.
ինձմէ քայլ մը անդին
բռնութեան լեզուն կը ներծծէ
երկրին մարմինը,
իսկ մենք կը շարունակենք խաղալ
չարդարացուած երջանկութիւն…

ԺԶ

տղամարդիկ երկար մնացին պատերազմում
տուն բերելով կարմիր յուշեր
սեւ մազերուս համար.
լռուած է երգի լեզուն թնդանօթի կոկորդին
ու կը շողանք գիշեր մը փուճ.

կը շպարուիմ  նոր մենութիւն`
ուր չկայ ապրելու ժամանակ…

Ժէ

սարսուռ անցաւ ծաղկի մարմնից  իմ մարմնին,
տերեւը սառեց  ցրտի լեզուին
ու ընկաւ ժամանակից շուտ…
քաղաքի մայթերով տանում են
սէր, տառապանք, մի քիչ հող.
իսկ աճիւնների գրպաններից
թափւում են արցունքներ`
մեր մասին…

ԺԹ

ես թակեցի դուռը բոլոր հասցէների.
բացեցին ու սեղմեցին ձեռքս
ուսիս դնելով բախտի ասեղներ`
առանց թելերի:
Տղամարդիկ իջան ռազմաճակատ,
Կանայք գնացին երկրի մաշկը հնձելու…

Սպառե՜լ ենք բոլոր հեքիաթները,
Ու դռները մնացել են
Անհասցէ բաց…

Ի

Կիները տղամարդոց յուշերը հագած
Կը տաքցնեն կէս մնացած երազը.
Տղամարդիկ արեւու պէս, ամէն օր
Կը վառին – կը մարին
Սահմանի եզրագիծով…
Լուսամուտիս տակ երեխաները
Կարճ օրերու հետ կը խաղան
Գիշերուայ վառանին մէջ պարպելով մանկութիւնը:
Ժամադրութեան վայրը փոխուած է`
Կիներ  ամէն ադամամութին
Իրենց սեւ փէշերը լոյսի կոկոններ լեցուցած
Կ՛աճապարեն սահման,
Ուր տղամարդիկ արեւու պէս
Կը վառին – կը մարին…

ԻԱ

Մամռոտ այգալոյսի պարտէզին մէջ,
Կիներ յոյսի խտացումով կը զարդարուին`
Սպասումի քրտնած տանիքներու վրայ
Փռելով համբոյրներ…
Յուշերու անպատմելի երանութեամբ
Կը ցաւազրկեն իրենց մենութիւնը`
Անսպասելի գեղեցիկ մինակութեամբ…
Քանի մը քայլ անդին,
Տղամարդոց սիրտերուն վրայ`
Ականներու բացուած փշածաղիկներ կը ծաղկին…

ԻԲ

«ՎԱՐԱՆԴԱ» երգչախումբի նահատակ տղոց

ՆՈՒԱԳԵԼՈՎ ՄԵՐ ԿԵԱՆՔԻ ՄԵՂԵԴԻՆ

Այնքա՜ն գեղեցիկ կը պայթին տղոց սիրտերը,
Մեր կեանքը լեցնելով գոյնզգոյն երազներ,
Իսկ ես կը նուագեմ կարօտը
Մատներովս յուզառատ,
Կլլելով անհնար տառապանք…
Մարմին առ մարմին,
Հոգի առ հոգի
Տանիմ ցաւի երկինքէն անդի՜ն, ուր
Լուսափթիթ այգալոյսներ կ՛աճին:
Մեր օրագիրէն անհաշիւ արեւներ կը պակսին
եւ ունայնութեան սեւ գլխաշորով ծածկուած կը փլին
Սպասումի գոց պատուհաններուն վրայ:
Կ՛ուզես ոռնայ, վնգստայ, լաց, ճանկէ՛ կուրծքդ,
Ի՜նչ օգուտ, լռութիւնը կը պատռէ լսողութիւնդ…
Աննուաճ գագաթներէն մեզի կը ժպտիք,
Իսկ մենք` տակաւին կրկին Մարդ ըլլալու
Ճամբուն վրայ օրեր կը գլորենք անիմաստ:
Ափերս տաք են տակաւին ձեր մանկութեան գրգիռներով.
Շուշիի բարձունքին, արեւուն մօտիկ կանգնած,
Կը տաքցնեմ  ձեր երազները… մի՜ վախնաք,
Անոնք հիմա ապահով են
Ճերմակ թուղթին տաքո՜ւկ բառերով փաթթուած:
Ամէն ինչ կը փոխուի ու ժամանակի ստեղնաշարին
Միասին դարձեալ կ՛երգենք` գանգուր առաւօտներ քաղելով
Անհնար ցաւի կղպանքէն,
Միայն` ժպտեցէ՛ք, ի՜նչ փոյթ  թէ հեռուէն…

Գիտե՛մ, վերածնունդի դարբնոցին մէջ,
Արեւը պիտի շաղէ մեր անլոյս առաւօտները`
Կեանքի մաքրամաքուր արիւնով…

 ԿԱՄԻԼԱ

 Նոյեմբեր, 2022

 

 

 

 

Նախորդը

Ֆինլանտայի Մէջ. Ինչպէ՞ս Հիւսիսային Եղջերուներ Բուծող Դառնալ

Յաջորդը

Մտորումներ. Մենք Եւ 2023 Այս Նոր Տարին

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.