Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պէտք Է Միաւորուենք Եւ Կանգնեցնենք Պարտութիւնների Թափանիւը

Յունուար 6, 2023
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հետ հարցազրոյցով «Ապառաժ»-ը ամփոփում է 2022 թուականը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ ակնկալիքներ ունէիք անցնող տարուց, արդեօ՞ք կանխատեսելի էին այս տարուայ դժուարութիւնները: ՀՅԴ Արցախի կառոյցի համար ինչպէ՞ս կը բնորոշէիք տարին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Եթէ հակիրճ, ապա չիրականացած սպասումների տարի էր: Անցնող տարին եղաւ նախորդ տարուայ ընթացքով շարունակութիւնը: Մինչդեռ, մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներն աչքի առաջ ունենալով, սպասում էինք, որ պէտք է արուեն արմատական փոփոխութիւններ: Դա ոչ թէ միայն սպասելիք էր, այլեւ տրուել էր սահմանադրական փոփոխութիւնների գործընթացի մեկնարկը, որն իր հետեւից պիտի բերէր համակարգային փոփոխութիւններ: Դժուարութիւնները կանխատեսելի էին եւ սպասելի, եւ հէնց դա մեզ դնում էր վճռական որոշումների ու քայլերի հրամայականի առջեւ:

ՀՅԴ արցախեան կառոյցի համար տարին բնութագրելի է նոյն բնութագրիչներով, ինչ` Արցախի ողջ ժողովրդի համար, որովհետեւ մեր կազմակերպական միաւորները, մեր ընկերները այս ժողովրդի մի մասնիկն են եւ հաւասարապէս կրում են ժողովրդին բաժին ընկած բոլոր դժուարութիւնները, նոյնիսկ` աւելին, քանի որ դաշնակցականը կրում է իր վրայ լրացուցիչ կազմակերպական եւ բարոյական պատասխանատուութիւն եւ դրանից բխող յաւելեալ պարտականութիւններ: Այս իմաստով, տարին մեր կառոյցի համար յաւելեալ պարտականութիւնների եւ աշխատանքների տարի էր` փորձելու որոշ չափով թեթեւացնել մեր ժողովրդի բեռը:

Հ.- Ինչպէս նշեցիք, այս տարուայ ընթացքում սահմանադրական փոփոխութիւններ էին նախատեսւում: Արդեօ՞ք դրանք արդիական են նաեւ այսօր:

Պ.- Նախ պէտք է նշել, որ սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնել է Արայիկ Յարութիւնեանը: 2022թ. յունուարի 3-ին նա իր մօտ է հրաւիրել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին եւ յայտնել իր մտադրութեան մասին` այն հիմնաւորելով անվտանգային, ինչպէս նաեւ իշխանութեան գերկենտրոնացման, ԱԺ եւ նախագահական միաժամանակեայ ընտրութեան ոչ նպատակայարմարութեան, իշխանութեան վստահութեան պակասի պատճառներով: Մենք նշել ենք, որ կայ այդպիսի խնդիր, առկայ է իշխանութիւն-հասարակութիւն անջրպետ: Պատերազմում պարտութիւն կրած ցանկացած իշխանութիւն, լինի դա ՀՀ-ում, թէ Արցախում, պէտք է հրաժարական տայ, որովհետեւ պարտուած իշխանութիւնը պարուրուած է հոգեբանական պարտուողի բարդոյթով` անկախ դրանում իր ունեցած մեղքի գիտակցուած լինելու, թէ անգործութեան պատճառներից, եւ չի կարող կասեցնել յետպատերազմեան պարտութիւնների թափանիւը:

Վերադառնալով Արցախին` նշենք, որ սահմանադրութեան փոփոխութեան հարցով քաղաքական ուժերի միջեւ կար համախոհութեան մթնոլորտ: Ստեղծուեց սահմանադրութեան հայեցակարգային յանձնաժողով, եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ընդգրկուեցին այդ յանձնաժողովի կազմում: Ըստ ընդունուած հայեցակարգի.

– 2023թ. պէտք է տեղի ունենային արտահերթ խորհրդարանական, 2024թ. արտահերթ նախագահական ընտրութիւններ: Այսպիսով, լուծւում է իշխանութեան նկատմամբ վստահութեան պակասի հարցը, եւ 2025թ. նախօրեակին մենք ունենում ենք աւելի երկարաժամկէտ ընտրուած օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւն:

– Գերկենտրոնացուած նախագահական համակարգից անցում է կատարւում կիսանախագահական համակարգի: Օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններն ունենում են աւելի հաւասարակշռուած մօտեցում, եւ աւելի արդիւնաւէտ է գործում զսպումների եւ հակակշիռների գործիքակազմը:

– Սահմանադրութեան մէջ բազմաթիւ մանր փոփոխութիւններ եւս նախատեսուած էին:

Ցանկանում եմ մանրամասն ներկայացնել սահմանադրական փոփոխութիւնների ընթացքը, քանի որ ԱԺ ամպիոնից խոստացել էի պարզաբանել ողջ գործընթացը: Արայիկ Յարութիւնեանը, հաշուի առնելով Ազրպէյճանի պահուածքը եւ հնարաւոր ընտրութիւնների խափանման հաւանականութիւնը, առաջարկել է նոր ընտրուած խորհրդարանին հանրաքուէից յետոյ լիազօրել որոշ յօդուածներում ձայների 2/3-ով փոփոխութիւններ կատարել: Անկեղծ ասած, քաղաքական ուժերը, մանաւանդ ընդդիմադիր ուժերը, այս մօտեցման կողմնակից չէին, բայց որոշակի անվտանգային խնդիրներ հաշուի առնելով` մենք համաձայնեցինք այդ առաջարկին: Դրանից յետոյ թուով 22 հասարակական կազմակերպութիւններ, որոնցից առնուազն 18-ը ֆինանսաւորւում են պետական պիւտճէից, աղմուկ են բարձրացնում եւ յայտարարում, որ իբր խորհրդարանը ցանկանում է իր լիազօրութիւններն ընդլայնել: Մենք գիտենք, որ նման մտահոգութիւններ կան ու չէին կարող չլինել, մեր մօտ էլ նման մտահոգութիւններ են առաջացել: Բայց, ինչպէս արդէն նշեցի, այդ առաջարկութիւնը հնչեցրել է Արայիկ Յարութիւնեանը: Մեր կարծիքով, Արայիկ Յարութիւնեանը գործընթացին մասնակից քաղաքական ուժերի հետ առնուազն անկեղծ չի եղել:

Սահմանադրական փոփոխութիւնների առիթ հանդիսացած պատճառները դեռեւս չեն վերացել. այդ առումով, այժմէական են նաեւ այսօր: Արայիկ Յարութիւնեանը կասկածներ չհարուցելու համար յայտարարել է, որ սահմանադրական փոփոխութիւնների գործընթացը իր կողմից յետ կանչուելուց յետոյ նորից շարունակուելու է: Ազգային ժողովին ուղղուած դիմատետրեան անհարկի մեղադրանքներն անհեթեթ են, մոլորեցնելու հետեւանք են եւ, վերջին հաշուով, սահմանադրական բարեփոխումներ առաջարկել է Արայիկ Յարութիւնեանը, յետ է կանչել հէնց ինքը: Մենք ուշի ուշով հետեւելու ենք, հասկանալու համար` սա հերթական մոլորեցնելու ճի՞գ է, թէ՞ ինչ-որ բան փոխելու մտադրութիւն կայ: Ժամանակը կը տայ այդ հարցի պատասխանը:

Հ.- Արցախի ազգային ժողովում այս օրերին քննարկւում է 2023թ. պիւտճէի նախագիծը: Նախորդ տարիների համեմատ, ՀՅԴ խմբակցութիւնն այնքան էլ աշխուժ մասնակցութիւն չի ունենում քննարկումներին: Ինչո՞վ է պայմանաւորուած այդ հանգամանքը, ի՞նչ դիրքորոշում ունէք բիւջէի նախագծի վերաբերեալ:

Պ.- Ինչպէս գիտէք, Ռուբէն Վարդանեանը պետնախարար նշանակուելուց յետոյ յայտարարել է, որ նոր ծրագիր է ներկայացնելու: Հաշուի առնելով ժամանակի սղութիւնը, տեղեկացրել է նաեւ, որ փետրուարի վերջին պատրաստ է լինելու նոր պիւտճէի նախագիծը: Մենք առաջարկեցինք այդ դէպքում պիւտճէ ընդհանրապէս չընդունել, նոր ծրագրեր ներկայացնել եւ առարկայական քննարկումներ ունենալ: Բայց, հաշուի առնելով այն հանգամանքը, որ կառավարութեան կողմից պիւտճէի ներկայացումը անյետաձգելի պահանջ է, ներկայացուել է պիւտճէ: Մենք չենք ցանկացել մասնակցել մի քննարկման, որն անպտուղ է, որովհետեւ ո՛չ կառավարութեան կազմն է յայտնի, ո՛չ ռազմավարութիւնը, ո՛չ ծրագիրը:

Մենք չենք կարող կողմ կամ դէմ քուէարկել  մի պիւտճէի, որը փոխուելու է եւ մէկ-երկու ամսուայ կեանք ունի: Դրա համար ՀՅԴ խմբակցութիւնը ձեռնպահ է քուէարկելու:

Աւելացնեմ նաեւ, որ աշխուժօրէն մասնակցելու ենք ներկայացուելիք իրական պիւտճէի քննարկումներին:

Հ.- Արցախում մի քանի անգամ բազմահազար քաղաքացիների մասնակցութեամբ հանրահաւաքներ կազմակերպուեցին, դուք եւս դրանցից մէկի ժամանակ ելոյթ ունեցաք: Արցախեան հիմնահարցի լուծման ո՞ր փուլում ենք եւ որքանո՞վ ենք պատրաստ նոր զարգացումներին:

Պ.- Մենք վաղուց արդէն չենք խօսում մեր ազգային-ազատագրական պայքարի մասին: Հիմա համարեա ամէն ինչ կորցրել ենք: Եթէ քաղաքական բանակցութիւնների միջոցով հնարաւոր չլինի վերականգնել Արցախի ինքնիշխանութիւնը, կայ երկու տարբերակ: Կա՛մ մենք պէտք է ազգային-ազատագրական պայքարով հասնենք մեր նպատակին` մեր հայրենի հողում արժանապատիւ ապրելուն, կա՛մ պէտք է Արցախը հայաթափուի: Մենք ժամանակին ասում էինք, որ պարտուած իշխանութիւնը պէտք է հեռանայ, որպէսզի կարողանանք մէջքներս ուղղենք: Դժբախտաբար Հայաստանում այդ  առիթը չօգտագործեցին: Մենք պէտք է միաւորուենք, կանգնեցնենք պարտութիւնների թափանիւը եւ ուժ գտնենք այն հակառակ ուղղութեամբ շարժելու համար:

Հ.- Ժողովրդի մէջ տարբեր կարծիքներ են հնչում Արցախի ապագայի հետ կապուած: Այս առումով, ի՞նչ է փոխուել 1988թ. համեմատ:

Պ.- Մեր հասարակութեան մէջ միշտ խօսւում է մեղաւորների մասին, ու որպէս կանոն` մենք առաջին մեղաւորին մեր մէջ չենք տեսնում, փնտռում ենք այլ տեղ: Ի հարկէ արտաքին ազդակները, աշխարհաքաղաքական իրավիճակը շատ կարեւոր է, բայց յիշենք 1988թ., երբ սկսուեց ազգային-ազատագրական շարժումը, քանի տարի մեզ ծայրայեղական էին անուանում: Այն ժամանակ էլ աշխարհը չէր ընդունում, բայց այն ժամանակ կար քաղաքական կամք, ոգի, ու համախմբուելով` մենք տէր կանգնեցինք մեր իրաւունքներին: Դրանից յետոյ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխութիւնը հնարաւոր դարձրեց մեր ազգային-ազատագրական պայքարի յաջող աւարտը: Այսօր մենք պարտութիւնից յետոյ սկսել ենք սխալ ուղով գնալ, մեղադրում ենք մերթ Արեւմուտքին, մերթ Ռուսաստանին, բայց ինքներս մեզ չենք մեղադրում: Մինչեւ մենք չսթափուենք, մի բռունցք չդառնանք ու յոյսներս մեզ վրայ չդնենք, ոչ մէկը մեր տեղը մեր գործը չի անելու: Մեր համախմբումից, մեր իրաւունքներին տէր կանգնելու ընթացքում կարող են առաջ գալ նոր դաշնակիցներ: Մենք ենք մեր իրաւունքի եւ մեր վաղուայ օրուայ տէրը:

Հ.- Պետնախարար Ռուբէն Վարդանեանը իր հարցազրոյցներից մեկում նշեց, որ մայր Հայաստանն ու սփիւռքը իրենց ողջ ներուժով չեն կանգնած Արցախի կողքին: Դուք ի՞նչ էք կարծում այս առումով:

Պ.- Համամիտ եմ այն տեսակէտին, որ երբ Արցախը SOS է յայտարարում, Հայաստանում եւ սփիւռքում կատարուողը համապատասխան համարել չի կարելի: Արցախը, երկու շաբաթից աւելի է, շրջափակման  մէջ է, վտանգի ազդանշան է հնչեցրել, եւ համարժէք չէ արձագանգը: Այս առումով, ես համամիտ եմ Ռուբեն Վարդանեանի հետ: Ի հարկէ կան արձագանգողներ, օգնողներ, բայց դա բաւարար չէ: Յուսով եմ, որ պարոն Վարդանեանը ժամանակի ընթացքում աւելի հասցէական կը հնչեցնի իր միտքը: Սփիւռքը եւ Հայաստանը միատարր չեն: Մարդիկ կան, որ իրենց ուժերի ներածին չափով պայքարում են, եւ մարդիկ կան, որ դէմ են այս պայքարին: Օրինակ, Հայաստանի իշխանութիւններին չի կարելի համեմատել այն ուժերի հետ, որոնք միշտ Արցախի կողքին են: Կամ` սփիւռքի մի կազմակերպութիւն աջակցում է, միւսը` ոչ:

Հ.- Շատ է խօսւում միասնականութեան, համախմբուածութեան մասին: Արդեօ՞ք դա այսօրուայ մեր ամենաառաջնահերթ խնդիրն է:

Պ.- Ես կ՛ասէի` ոչ թէ ամենաառաջնահերթ, այլ միակ խնդիրն է: Արցախ-հայաստան-սփիւռք միասնական պայքարով մենք կարողացանք հասնել յաջողութեան: Դժբախտաբար 2018թ. իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանի վարչախումբն ամէն ինչ արեց Հայաստանը սեւ-սպիտակի, նախկինների-ներկաների բաժանելու համար, այնուհետեւ, դժբախտաբար, տեղափոխուեց Արցախ, եւ այժմ նոյնը կատարւում է սփիւռքում: Սա դաւադիր ծրագրի իրագործում է, եւ մեր յաջողութեան գրաւականը նորից եռամիասնութեան ձեւաչափը վերականգնելն է: Միայն ողջ ներուժով կը կարողանանք օրէցօր աւելացող մարտահրաւէրներին դիմագրաւել:

Այժմ, երբ Արցախում տարբեր պատրուակներով միասնութիւնը ջլատող քայլեր են արւում, գիտակցաբար թէ անգիտակցաբար ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Մենք ինքներս` որպէս ընդդիմադիր քաղաքական ուժ, շատ հարցեր ունենք ե՛ւ գործող իշխանութիւնների ե՛ւ պատերազմի վերաբերեալ: Մեզանից ոչ ոք ոչինչ չի մոռացել: Կը գայ ժամանակը, եւ մարդիկ պատասխան կը տան իրենց կատարած սխալների համար, բայց հիմա դրա ժամանակը չունենք: Հիմա պէտք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնութիւնները եւ միասնական ճակատով դիմագրաւենք: Նախ պէտք է ունենանք երկիր, որ հետագայում հնարաւորութիւն ունենանք պատասխանատուութեան կանչել մեղաւորներին:

Հ.- Հայաստանում բազմահազարանոց ցոյցեր են կազմակերպուել: Յոյս կար, որ դրանք յաջողութեամբ կը պսակուեն: Որո՞նք են, ըստ ձեզ, հիմնական բացթողումները:

Պ.- Մեր հիմնական բացթողումը երեւի այն էր, որ մենք չկարողացանք բացատրել, համոզել մեր ժողովրդին, լսելի դարձնել մեր տեսակէտը, ու ժողովուրդը կուլ գնաց կեղծ խաղաղութեան օրակարգին:

Ցոյցերն ինքնանպատակ չէին: Պարտուած իշխանութիւնը պիտի հեռանայ: Նոյեմբերի 9-ը դարձաւ պարտութիւնների շղթայի ոչ թէ վերջը, այլ սկիզբը: ՀՀ մեր հայրենակիցները, կուլ գնալով այսպէս կոչուած խաղաղութեան կեղծ օրակարգին, չընդունեցին իշխանութիւններին ընտրութեամբ հեռացնելու իրենց հնարաւորութիւնը, եւ ամէն օր` թէ ՀՀ-ում, թէ՛ Արցախում, մենք ունենում ենք նորանոր կորուստներ:

Ցաւում եմ, որ անտարբերութիւնը, որը մեր ամենամեծ թշնամին է, տեղ գտաւ հանրութեան մէջ: Շատերը մտածում էին, որ Արցախը տալով կարող են փրկուել` չգիտակցելով, որ Արցախը Հայաստանի համար բեռ չէր, Հայաստանի զրահաբաճկոնն էր: Կորցնելով զրահաբաճկոնը, Հայաստանը դարձաւ անպաշտպան, եւ Ջերմուկի, Սոթքի դէպքերը դրա վառ ապացոյցն են: Դժբախտաբար, մինչեւ այսօր էլ դեռ կան մարդիկ, որոնք յոյս ունեն, որ կարելի է ծնկաչոք վիճակում խաղաղութիւն մուրալ: Հայաստանն ու Արցախը մէկ անվտանգային համակարգ են, եւ եթէ ոմանք մտածում են, որ Արցախը տալով կարող են փրկել Հայաստանը, չարաչար սխալւում են. Արցախից յետոյ լինելու է Սիւնիքը, Գեղարքունիքը, Երեւանը: Կա՛մ բոլորս միասին փրկուելու ենք ու կերտելու ենք պետականութիւն, կա՛մ ամէն օր, ամէն ժամ արձանագրելու ենք նոր պարտութիւններ:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում ՀՅԴ-ի եւ ուղեկից կառոյցների գործունէութիւնն Արցախում:

Պ.- Պատերազմից յետոյ Դաշնակցութիւնն իր ողջ ներուժով բազմաբնոյթ գործունէութիւն է իրականացրել Արցախում: Պատերազմից անմիջապէս յետոյ Հայ դատի գրասենեակ բացուեց Արցախում: Հայ դատի գրասենեակների միջոցով հնարաւոր է եղել սփիւռքում, Հայաստանում այդ աշխատանքները համակարգել, հնարաւոր հայանպաստ լուծումներ, բանաձեւեր անցկացնել կամ բողոքի ալիք բարձրացնել: ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ն, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը` որպէս ուղեկից կազմակերպութիւններ, ահռելի գործ են կատարել պատերազմից յետոյ երկրին բաժին հասած մարդասիրական աղէտը մեղմելու ուղղութեամբ: Միայն ՀՕՄ-ի միջոցով պատերազմից յետոյ 1000 ընտանիք ու բռնի տեղահանուած երկու գիւղերի բնակիչներ չորս ամսուայ դրամական աջակցութիւն են ստացել:

«Արցախֆոնտ» բարեգործական հիմնադրամի միջոցով Դաշնակցութիւնը նպաստել է յետպատերազմեան շրջանում պարէնային անվտանգութեան հաստատմանը, մի շարք տնտեսական ծրագրեր է կեանքի կոչել: Այժմ ՀՕՄ-ի միջոցով արեւային ջրատաքացուցիչների ծրագիր է իրականացւում, մօտ 100 նիւթապէս անապահով ընտանիքներ արդէն օգտւում են ծրագրից. այն շարունակական է լինելու: Համազգայինի տարբեր խմբակներում աւելի քան 200 երեխաների համար յետպատերազմեան շրջանում արտադասարանական զբաղմունք է ապահովւում:

Ծրագրերը բազմաթիւ են, բոլորը չյիշատակեմ, բայց ՀՅ Դաշնակցութիւնն իր ողջ կարողականութեամբ եւ ուղեկից կազմակերպութիւնների միջոցով մէկ անգամ եւս, թէ՛ պատերազմի ընթացքում եւ թէ՛ պատերազմից յետոյ փաստել է, որ Արցախի լինելիութիւնը, հզօրացումը առաջնահերթութիւններ են:

Շատերը քննադատում են, որ լինելով ընդդիմութիւն, շատ անգամ իշխանութիւնների հետ համագործակցում ենք` առանց հասկանալու, որ ՀՅԴ-ի համար իշխանութիւն կամ ընդդիմութիւն լինելն ինքնանպատակ չէ: Պատռուած նաւակը չեն ճօճում: Վերջին ժամանակահատուածում խորհրդարանական ընդդիմութիւնն աւելի պետականամէտ է եղել, քան իշխանութիւնը, հէնց դրանով էլ մենք առաջնորդւում ենք` տեղ-տեղ համագործակցելով իշխանութեան հետ, տեղ-տեղ քննադատելով: Նպատակը մէկն է` օր առաջ ամրապնդել պետական հաստատութիւնները, պետականութիւնը եւ շարժուել առաջ:

Հ.- ՀՅԴ Արցախի կառոյցի անդամներն անցած տարուայ ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել արտասահմանում: Ի՞նչ արդիւնքներ կարող էք առանձնացնել:

Պ.- Շատ կարեւոր է պատերազմից յետոյ այս իրավիճակում ցոյց տալ, որ Արցախը, թէկուզ վիրաւոր, պայքարում է, բայց կայ: Այս հարցում շատ կարեւոր է Հայաստանի ու սփիւռքի աջակցութիւնը: ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը ԱՀ ԱԳ նախարարի հետ բազմաթիւ հանդիպումներ են ունեցել Միացեալ Նահանգներում` թէ՛ համայնքային եւ թէ՛ քաղաքական շրջանակների հետ: Ես Արթուր Թովմասեանի գլխաւորած պատուիրակութեան կազմում հանդիպումներ եմ ունեցել Կիպրոսում եւ Լիբանանում: Կիպրոսում հանդիպել ենք համարեա բոլոր խորհրդարանական ուժերի, այդ թւում` նաեւ իշխող կուսակցութեան խմբակցութեան հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպէս նաեւ մասնակցել ենք համայնքային մի շարք միջոցառումների: Լիբանանում հանդիպում ենք ունեցել հայկական համայնքը ներկայացնող ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան հետ, ձեռք են բերուել որոշակի պայմանաւորուածութիւններ, նաեւ համայնքային մի շարք ձեռնարկների ենք մասնակցել:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը մասնակցել է Բ. Միջազգայնականի համագումարին, հանդիպումներ է ունեցել եւրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, այնուհետեւ միացել Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած պատուիրակութեանը եւ հանդիպումներ ունեցել Ֆրանսայի քաղաքական շրջանակների հետ: Քննարկումների առանցքում են եղել Արցախի գոյութեան, պետական հաստատութիւնների ամրապնդման եւ մեր ինքնորոշման իրաւունքի ճանաչման հարցերը:

Հ.- Ի՞նչ կը ցանկանայիք փոխանցել մեր ընթերցողներին:

Պ.- Առիթից օգտուելով` ուզում եմ շնորհաւորել մեր հայրենակիցներին Ամանորեա եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ: Այս տարի առանձնայատուկ ենք դիմաւորում Նոր տարին` շրջափակման պայմաններում: Միշտ ընդունուած է ասել, որ Նոր տարին յաջողութիւններ է բերում: Որպէս մաղթանք` կը ցանկանայի, որ մեր ժողովուրդն իր ուսերից թօթափի սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերութիւնը:

Զրուցեց ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԸ

Նախորդը

Անտեղի Եւ Անժամանակ Տերեւաթափ Մը Եւս. Մեկնող, Բայց… «Վերադարձող» Ժիրայրը. Իր Լիարժէքութեամբ Եւ Ամբողջականութեամբ

Յաջորդը

Տարեփակ

RelatedPosts

Սփիւռքի Եւ Հայաստանի Հայերի Միջեւ Լեզուական Խորթութիւնը, Պառակտումն Ու Երկփեղկումը Պէտք Է Վերանան
Հարցազրոյց

Սփիւռքի Եւ Հայաստանի Հայերի Միջեւ Լեզուական Խորթութիւնը, Պառակտումն Ու Երկփեղկումը Պէտք Է Վերանան

Մարտ 17, 2023
«Երաժշտութիւնը Բուժիչ Է Ու Մխիթարող, Եւ Եթէ Աւելի Մեծ Ներկայութիւն Ունենար Աշխարհի Վրայ, Չարութիւնները Նուազ Կ՛ըլլային Հոս» Հարցազրոյց Սէրուժ Գրաճեանի Հետ
Հարցազրոյց

«Երաժշտութիւնը Բուժիչ Է Ու Մխիթարող, Եւ Եթէ Աւելի Մեծ Ներկայութիւն Ունենար Աշխարհի Վրայ, Չարութիւնները Նուազ Կ՛ըլլային Հոս» Հարցազրոյց Սէրուժ Գրաճեանի Հետ

Մարտ 15, 2023
«Ազատութեան Շրջափակում Արցախը Չի Զգացել Եւ Չի Զգում»
Հարցազրոյց

«Ազատութեան Շրջափակում Արցախը Չի Զգացել Եւ Չի Զգում»

Մարտ 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In