2022 թուականի դեկտեմբերի 12-ին` կեղծ բնապահպանական պատրուակով, հերթական անգամ կոպտօրէն խախտելով 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակումը մարդասիրական աղէտի վերածուելու եւ փխրուն խաղաղութիւնը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան բարձրագոյն օրէնսդիր մարմինը երախտագիտութիւն է յայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառոյցներին` ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, ՄԻԵԴ-ին` Ազրպէյճանի կողմից շրջափակուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնում ստեղծուած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին արձագանգելու համար:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին` բնապահպանական մտացածին պատրուակով Ազրպէյճանի իշխանութիւնների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանօթանալու եւ համապատասխան եզրակացութիւններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնաւորապէս Շրջակայ միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում դիտարկումի խումբ գործուղել Արցախի Հանրապետութիւն եւ յարակից տարածքներ:
Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծուած ճգնաժամային իրավիճակը: