Ընկերվար միջազգայնականի 26-րդ համագումարին ընթացքին օրակարգի` «Խաղաղութեան ապահովում եւ ժողովրդավարութեան ուժեղացումէ թեմայի ծիրին մէջ խօսք առաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը` անդրադառնալով արցախեան տագնապի ներկայ փուլին եւ Ազրպէյճանի շարունակական յարձակումներուն:
Ստորեւ` անոր արտասանած խօսքը:
Ես իմ ողջոյնի խօսքն եմ ուղղում ձեզ` որպէս ՀՅԴ Բիւրոյի անդամ, որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր եւ ազատութեան, արդարութեան եւ մարդկային համերաշխութեան համար պայքարի առաջին գծում կանգնած գաղափարի զինուոր:
Տարիներ առաջ Սոցինտեռնի յարգարժան գլխաւոր քարտուղար ընկեր Այալան, իսկ կազմակերպութեանն անդամակցող կուսակցութիւնների ներկայացուցիչները, անցած տասնամեակների ընթացքում, այցելել են իմ հայրենիք Արցախ, իրենց աչքով են տեսել 30 տարիների ընթացքում արիւնով եւ քրտինքով ձեւաւորուած պետութիւնը, որի կազմաւորման գաղափարական հիմքը եղել են ազատութեան ու արդարութեան գաղափարները, սկզբունքներ, որոնք ընկերվարական գաղափարախօսութեան հիմնասիւներն են: Արցախը միշտ եղել է հայկական:
Պատմութեան տարբեր դարաշրջաններում թէեւ փոխուել են ճնշող, հարստահարող համակարգերն ու պետութիւնները, սակայն Արցախը երբեք չի կորցրել իր հայկականութիւնը, Արցախում միշտ էլ եղել է հայկական կառավարման համակարգ:
18-րդ դարի սկզբներին սկսուած ազգային-ազատագրական պայքարը արցախահայութեան համար ստեղծեց բարենպաստ պայմաններ ու հիմքեր` այն շարունակելու 19-րդ եւ 20-րդ դարերի ընթացքում, ձեւաւորել անկախ պետականութեան համար բաւարար նախադրեալներ, ինքնուրոյն ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու քաղաքական կամք: 1917-1921 թուականներին Արցախում արդէն գործում էին պետական միաւորներ, եւ մեր ժողովրդի կամքն էր միաւորուել մայր հայրենիքին` Հայաստանի Հանրապետութեանը:
Քաղաքական խարդաւանքները, բռնապետների միջոցով նենգաբար գծուած քարտէսները պատճառ են դարձել, որ ստալինեան-պոլշեւիկեան բռնապետութեան տարիներին մեր հայրենիքի կարեւոր հատուածներից Նախիջեւանը եւ Արցախը կցուեն Խորհրդային Ազրպէյճանին: 1923թ. Խորհրդային Միութեան Կոմունիստական կուսակցութեան անհիմն որոշմամբ Արցախը բռնակցուեց Ազրպէյճանին:
Ի հարկէ, 70 տարիներին Խորհրդային Ազրպէյճանի ղեկավարութիւնը ոչինչ չի խնայել ինչպէս Նախիջեւանում, այնպէս էլ Արցախում իրականացնելու փանթուրքիստական նկրտումներից ելնող ցեղասպանական քաղաքականութիւն` բնիկ ժողովրդին զրկելով իր հայրենիքում ազատ ապրելու արդարացի իրաւունքից:
Պէտք է խոստովանել, որ Նախիջեւանի պարագայում Ազրպէյճանին յաջողուել է իրականացնել սպիտակ ցեղասպանութիւն: Ինչպէս գիտէք, այնտեղ այսօր հայեր չեն բնակւում, դեռ աւելի՛ն, անխնայ ոչնչացւում են հազարամեակների ընթացքում մշակութային համաշխարհային արժէք ունեցող կոթողներ, յուշարձաններ, խաչքարեր` նպատակ ունենալով ի սպառ ջնջելու հայկական հետքը Նախիջեւանից: Ի դէպ, Ազրպէյճանն այսօր էլ շարունակում է նոյն գործելաոճով առաջնորդուել բռնագրաւուած Արցախի Հանրապետութեան տարածքներում:
1920-ական թուականներից Արցախը Խորհրդային Ազրպէյճանի մաս կազմելուց յետոյ չդադարեց ազատութեան համար իր պայքարը: Ազգային ազատագրական պայքարը տարբեր դրսեւորումներով 70 տարի, որպէս կրակի մոխիրների տակ մնացած կայծեր, պահպանուեց իւրաքանչիւր արցախցու հոգում եւ փոխանցուեց յաջորդ սերունդներին:
Խորհրդային Միութեան փլուզման շեմին, երբ ձեւաւորւում էր ազատութեան ու անկախութեան պայքարի համար համապատասխան մթնոլորտ, Խորհրդային Միութեան համակարգում բռնապետութեան կողմից գծուած սահմանների ջնջման առաջին քայլը կատարեց արցախահայութիւնը:
1988թ. սկսած Խորհրդային Միութեան սահմանադրութեան եւ գործող օրէնքների պահանջով 1991 թ. սեպտեմբերի 2-ին նախ եւ առաջ Արցախը յայտարարուեց որպէս առանձին հանրապետութիւն` Խորհրդային Ազրպէյճանի կազմից դուրս, ապա Հայաստանի եւ Արցախի գերագոյն խորհուրդների միջոցով հաստատուեց երկու հանրապետութիւնների միաւորումը:
Դրանից յետոյ տեղի ունեցաւ Արցախի Հանրապետութեան անկախութեան համար հանրաքուէն, որին առիթ ունէին մասնակցելու նաեւ Արցախի Հանրապետութիւնում ապրող ազրպէյճանցիները:
Հանրաքուէի արդիւնքում (աւելի քան 95 %) Արցախի ժողովուրդն ինքնորոշուեց` ի լուր աշխարհի յայտարարելով անկախ պետականութեան կերտման վճռական կամքը: Արցախի ժողովրդի այս օրինական պահանջը չընդունուեց Ազրպէյճանի կողմից, իսկ հակազդեցութիւնը եղաւ դաժան. Սումկայիթում, Պաքւում, Գանձակում եւ Ազրպէյճանի տարբեր բնակավայրերում հայերի նկատմամբ կրկնուեցին 1915թ. Հայոց ցեղասպանութեան պատկերները: Այդ ժամանակ ես ուսանող էի մայրաքաղաք Ստեփանակերտի պետական համալսարանում: Երբեք չեմ կարող մոռանալ տուն-տեղ կորցրած, հարազատին իր աչքի առաջ դաժանօրէն մորթած կնոջ եւ երեխաների պատկերները, որոնք, մազապուրծ փախուստի դիմելով, հաւաքուել էին Ստեփանակերտի հրապարակում եւ ապաստան էին որոնում: Մեզ այլ ելք չէր մնում, քան` ցեղասպանութիւնից փրկուելու համար կազմակերպելու ինքնապաշտպանութիւն:
Հայ յեղափոխական դաշնակցութիւնը` իմ հարազատ կուսակցութիւնը, առաջինն էր, որ կանգնեց Արցախի ժողովրդի ինքնապաշտպանութեան կողքին:
Ոտքի էր հայ ժողովուրդը, Ազրպէյճանի կողմից Արցախի նկատմամբ ձեռնարկուած նախայարձակ պատերազմը չկոտրեց մեր ոգին, մենք կարողացանք հիմնել ու կառուցել օրէնքի գերակայութեան պետութիւն:
Այո՛, մեր նորանկախ միջազգայնօրէն չճանաչուած պետութիւնն ունէր թերութիւններ, սակայն զարգացման ընթացքին անկասելի էր, քանի որ որդեգրել էինք ժողովրդավարական սկզբունքներով ու համաժողովրդական հանրաքուէով անկախութեան ճանապարհը` ընդունելով սահմանադրութիւն, համապետական ընտրութիւններով ձեւաւորելով օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններ, տարէցտարի բիւրեղացնելով դատաիրաւական համակարգ` ժողովրդի վստահութեամբ զարգացնելով տեղական ինքնակառավարման հաստատութիւնը:
Դժբախտաբար մեր թշնամիները եւս անգործ նստած չէին. ամէն գնով իրենց չպատկանող երկիրը զաւթելու նկրտումները չէին մարել: 2020թ. սեպտեմբերին օգտուելով միջազգային ասպարէզում առաջացած պատեհ առիթից, Թուրքիայի ուղղակի աջակցութեամբ, ծայրայեղ իսլամական խմբաւորումների մասնակցութեամբ, Ազրպէյճանը, խախտելով բոլոր միջազգային կանոններն ու յատկապէս զէնքի ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով հարցերը կարգաւորելու անթոյլատրելիութեան սկզբունքը, դրժելով իր խոստումներն ու պարտաւորութիւնները միջազգային հանրութեան առջեւ, մասնաւորապէս` ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակում, ուղղակի յարձակման միջոցով սկսեց պատերազմ: Բռնազաւթեց տարածաշրջանում ազատութեան ու արդարութեան համար պայքարի խորհրդանիշ դարձած Արցախի Հանրապետութեան տարածքի աւելի քան 75%-ը: Պատերազմի ընթացքում Ազրպէյճանի կողմից օգտագործուել են արգելուած զինատեսակներ, ֆոսֆորային ռումբեր, դաժանաբար գնդակահարուել եւ մորթուել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաեւ` խաղաղ բնակիչներ, խեղուել են հայ զինուորների մարմինները: Այս բոլորը փաստագրուած է եւ զանազան միջոցներով ներկայացուած` միջազգային հարթակներում դերակատարութիւն ունեցող կազմակերպութիւններին ու անհատներին: Ցաւօք, լուրջ արձագանգ չկայ:
Այսօր Արցախի բնակչութեան աւելի քան 20 տոկոսը դարձել են փախստականներ, զրկուել են իրենց հայրենի պապենական օճախներից, ապրում են ծայրայեղ ծանր պայմաններում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններում: Ազրպէյճանն իր նախագահի եւ նախարարների միջոցով յայտարարում է հայկական պատմամշակութային արժէքների խեղաթիւրմանը միտուած քաղաքականութեան մասին: Ազրպէյճանի փանթուրքիստական նկրտումները Թուրքիայի հետ համահունչ անյագուրդ են:
Ընդամէնը 2 ամիս առաջ` սեպտեմբերին, այս անգամ Հայաստանի Հանրապետութեան սահմաններում Ազրպէյճանը շարունակում է նոյն գործելաոճը: Դարձեալ` զինծառայողների սպանութիւններ, գնդակահարութիւն, դիակապտումներ, խոշտանգումներ, անդամահատումներ: Վերջին հաշուով` դարձեալ լռութիւն:
Այստեղ մի անգամ եւս ուզում եմ ամրապնդել, որ մեր ժողովրդի պայքարը` յանուն ազատութեան, յանուն արդարութեան եւ յանուն մեր երկրում ինքնիշխան ապրելու, յարատեւ է լինելու եւ վճռականօրէն շարունակուելու է: Մենք դրա համար շատ արիւն ու քրտինք ենք թափել:
Մեզ համար անընդունելի եւ անհասկանալի է մեր գաղափարակից կուսակցութիւնների ու շարժումների երբեմնի լռութիւնը մեր տարածաշրջանում տիրող անարդարութիւնների վերաբերեալ: ՀՅԴ-ն, հաւատարիմ լինելով ընկերվարական գաղափարախօսութեանն ու էութեանը, իր կեցուածքով եւս համամարդկային արժէքների կրողն է եղել եւ է: Եւ նոյն ակնկալիքն ունենք ընկերվարութեանը հաւատարիմ բոլոր գաղափարակից անհատներից ու կուսակցութիւններից:
Ես` որպէս ազատութեան համար պայքարող ժողովրդի ներկայացուցիչ, այս համագումարում հետեւեալ կոչ-մարտահրաւէրը հնչեցնում եմ որպէս SOS ազդանշան. միջազգային անտարբերութիւնը նոր ոճրագործութիւնների պատճառ է դառնալու, որի ականատեսը եղանք 1915թ., եւ որի ուրուականը այժմ տիրական է դառնում մեր տարածաշրջանում:
Ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը տարածաշրջանում փոխուել է, առաջացել են նոր վտանգներ: Արցախեան հիմնախնդրի հանգուցալուծման համար դերակատարները փոխել են իրենց առաքելութեանը միտուած պարտաւորութիւնները: Եթէ Մինսքի խմբի համանախագահ երեք երկրների նախագահները անցեալում իրենց յայտարարութիւններով հաստատում էին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պէտք է որոշուի պարտադիր իրաւական ուժ ունեցող հանրաքուէով կամ ժողովրդական կամարտայայտութեամբ, ապա այսօր նրանք կա՛մ լռում են, կա՛մ խօսում են անվտանգութեան եւ ինչ-որ անհասկանալի իրաւունքների մասին` փորձելով թաղել կարգավիճակի եւ ինքնորոշման իրաւունքի հարցը:
Ուզում եմ այս բարձր ու պատասխանատու հարթակից հնչեցնել, որ Արցախի հարցը փակուած չէ, եւ մեր ժողովուրդը շարունակելու է ազատութեան, արդարութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման համար իր պայքարը:
Թէեւ ԵԱՀԿ Մինսքի խումբը չի կարողացել իր ճիգերով Արցախի հիմնախնդրին վերջնական հանգուցալուծում տալ եւ ապահովել մնայուն խաղաղութիւն, սակայն անցած 25 տարիներին գործադրուած ջանքերը կանխարգելել են ուղղակի ռազմական բախումները:
Ուզում եմ կատարել մի քանի հաստատումներ.
– ԵԱՀԿ Մինսքի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմէական են` տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառում:
– Արցախը ինքնորոշուել է միջազգային բոլոր կանոններին ու պահանջներին հետեւելով, հռչակելով անկախ պետութիւն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ազրպէյճանի Հանրապետութեան մաս չի կազմել:
– Այսքանով հանդերձ, Ազրպէյճանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղային զտումների քաղաքականութիւն, որի արդիւնքում փորձում է ամբողջապէս հայաթափել Արցախի Հանրապետութիւնը:
– Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան սպառնալիքները` Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, էլ աւելի են տեսանելի դարձնում նոր մագլցումը, որը կարող է վերածուել լուրջ տարածաշրջանային բախման:
– Արցախի բռնագրաւուած տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ազրպէյճանն իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն:
– Ազրպէյճանի կողմից Արցախի նկատմամբ տարւում է քաղաքական մեկուսացման քաղաքականութիւն` ամէն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիւանագիտական եւ քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետութիւն եւ իրավիճակին հաղորդակից լինելու:
– Գրեթէ ամէնօրեայ կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձեւաւորում` նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:
– Արցախցիները չեն կարողանում լիարժէքօրէն օգտուել միջազգային օրէնքներով նախանշուած հնարաւորութիւններից, մասնաւորապէս Ազրպէյճանի կողմից բռնի տեղահանուածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ, եւ տեսանելի ապագայում չկայ նաեւ որեւէ հեռանկար:
– Միջազգային մարդասիրական կառոյցները բաւարար աշխատանք չեն տանում եւ չեն կարող մուտք գործել Արցախ` իրենց առաքելութիւնը լիարժէքօրէն կատարելու:
Ինձ համար մեծ պատիւ է, որ այսօր ելոյթ եմ ունենում այս ամբիոնից` կանգնելով արդարութեան համար պայքարող մեծաթիւ յեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տէր Յովհաննիսեանը` Նիկոլ Դումանը, որ 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է Երկրորդ Ինտերնացիոնալի Քոփենհակընի համագումարին: Այդ ժամանակ նաեւ իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կեանք ապահովելու համար:
Շնորհակալութիւն: