19 սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ տեղի ունեցած է Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի նիստ, որուն ընթացքին ընդունուած է հետեւեալ յայտարարութիւնը.
«2022 թուականի սեպտեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը Ազրպէյճանի զինուած ուժերը լայնածաւալ նախայարձակում են սկսել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ` խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Նախայարձակման հետեւանքով զոհուածների եւ անհետ կորածների թիւը հասնում է 207-ի, այդ թւում` զոհուել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնուելու վայրը համարւում է անյայտ, վիրաւորուել է 293 զինուորական ծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարուել է 20 զինուորական ծառայող: Առկայ են ապացոյցներ հայաստանցի գերեվարուած կամ զոհուած զինուորական ծառայողներին ազրպէյճանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կեանքից զրկելու դէպքերի վերաբերեալ:
Ազրպէյճանի զինուած ուժերի կողմից թիրախաւորուել են 36 բնակավայրեր, այդ թւում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական աւերուել են 192 տուն, 3 հիւրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատութիւն, 1 հանդիսութիւնների սրահ, 4 անասնագոմ: Վնասուել է 7 ելեկտրական ենթակառուցուածք, 5 ջրային ենթակառուցուածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ինքնաշարժի ճանապարհ, 1 փողոց: Թիրախաւորուել են 2 շտապօգնութեան մեքենայ, 4 անձնական օգտագործման ինքնաշարժ:
Ազրպէյճանի զինուած ուժերը մի քանի ուղղութիւններով մխրճուել են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինուած ուժերի յամառ եւ հերոսական դիմադրութեան եւ միջազգային հանրութեան ներգրաւման շնորհիւ Ազրպէյճանի յարձակումը կասեցուել է, սակայն ռազմաքաղաքական իրադրութիւնը շարունակում է մնալ լարուած:
Ազրպէյճանի կողմից վարուող յարձակողապաշտ քաղաքականութիւնը տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգաւորմանն ուղղուած ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետութեանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:
Հայաստանի Հանրապետութիւնը որդեգրած լինելով խաղաղութիւն հաստատելու, տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման օրակարգ` անընդունելի է համարում Ազրպէյճանի կողմից վարուող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականութիւնը:
Անվտանգութեան խորհուրդը Յայտարարում է, որ Հայաստանի Հանրապետութիւնն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախութիւնը, ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը: Ազրպէյճանական զօրքերը պէտք է դուրս գան Հայաստանի Հանրապետութեան բռնագրաւեալ տարածքներից:
Միջազգային հանրութեանը կոչ ենք անում Ազրպէյճանի վրայ շարունակաբար ճնշումներ գործադրել` Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների բռնագրաւմանը վերջ դնելու եւ զօրքերը ետ քաշելու ուղղութեամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպութիւններին, որոնք հանդէս են եկել յստակ դիրքորոշմամբ:
Միեւնոյն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրութեան պատասխանատու անդամի պարտաւորութեանը հաւատարիմ մնալու Հայաստանի Հանրապետութեան յանձնառութիւնը»: