Երէկ Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը` Արցախի Հանրապետութեան հռչակման տօնին առիթով այսօր «Դիմադրութիւն» շարժումին Ֆրանսայի հրապարակին վրայ հրաւիրած հանրահաւաքին վերաբերեալ.
Պրիւքսելում նախօրէին տեղի ունեցած հանդիպումից յետոյ մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող ոեւէ ներկայացուցիչ չունեն: Ազրպէյճանի նախագահ Ալիեւն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էութեան, լուծել իր առջեւ դրուած բոլոր խնդիրները: Իսկ Նիկոլը, փաստօրէն ընդունելով թշնամու հերթական թելադրանքները, շարունակում է բարբաջել այսպէս կոչուած խաղաղութեան օրակարգի մասին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արձանագրելով այս ամէնը, մենք պէտք է յստակ գիտակցենք, որ հայկական երկու պետութիւնների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսայի հրապարակը: Առաւել քան երբեւէ մեր ժառանգութեանը տէր կանգնելու գործը դառնում է մեր ազգի պարտականութիւնը:
Սեպտեմբերի 2-ին պէտք է լինել Ֆրանսայի հրապարակում` աշխարհին, թշնամիներին, Հայաստանում իշխանութիւն զբաղեցնող նրանց դաշնակիցներին ցոյց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը եւ որ հայ ազգը տէր է իր հայրենիքին: Արցախեան առաջին պատերազմը յաղթած հերոսների սերունդները դեռեւս ապրում են մեր հայրենիքում եւ պատրաստւում շէնացնել այն: Մեզանից իւրաքանչիւրի պարտքն ու պատիւն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը:
Ուստի կը հանդիպենք վաղը, ժամը 19:30-ին Ֆրանսայի հրապարակում:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ


