Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ` մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ազրպէյճանի Հանրապետութեան:
Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատասխանատուութիւնը բարդելով ուրիշների վրայ: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատուութիւնից` միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ` յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները: Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի:
Ինչպէս 2020 թուականի պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատուութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ: Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատուութիւնից:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
22 օգոստոս 2022