Յունիսի 15-ին ՀՀ 2021թ. պետպիւտճէի կատարողականի ներկայացման եզրափակիչ ելոյթի առիթն օգտագործելով` վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը, ամբողջութեամբ շեղուելով օրակարգից, ՀՀ ԱԺ ամպիոնից հերթական անգամ փորձեց արդարանալ: Նախեւառաջ Փաշինեանը վկայակոչեց ՀՀ պիւտճէի հաշուին Արցախին գումարներ յատկացնելու փաստը` ներկայացնելով որպէս ՔՊ-ական խմբակի կողմից Արցախը ուշադրութեան կենտրոնում պահելու եւ Արցախից չհրաժարուելու վկայութիւն:
ՀՀ-ի կողմից միշտ էլ պետական վարկի անուան տակ գումարներ են յատկացուել Արցախի Հանրապետութեանը, միջին հաշուով դա կազմել է ԱՀ պետպիւտճէի 50%-ի չափով: Տրամաբանական է, որ պատերազմի հետեւանքների վերացման համար այդ յատկացումները պէտք էր աւելանային: Ճիշդ է` այժմ ԱՀ պիւտճէի մօտ 70%-ն է պետական վարկի անուան տակ տրամադրւում Արցախին, սակայն պէտք է հաշուի առնել, որ Արցախի տնտեսութիւնը զրկուել է իր եկամուտներն ապահովելու հնարաւորութիւններից հէնց պատերազմի պատճառով: Ֆինանսների յատկացման միջոցով ինչ-որ արդարացումներ գտնելը, կամ այդ միջոցով հասարակութեան մտայնութեան վրայ ազդելու քաղաքականութիւնը յիշեցնում է 1988թ. Ազրպէյճանի կողմից ԼՂԻՄ-ին տրուող պիւտճէն մի քանի անգամ աւելի դարձնելը, որն այն ժամանակ արժանացաւ հայ ժողովրդի համապատասխան հակազդեցութեանը: Հայրենի հողը նիւթական գայթակղութեամբ չի վաճառւում:
Փաշինեանի չքմեղանքի ճառի երկրորդ բաժինն ուղղակի պատասխան էր Դիմադրութեան շարժմանը: Նա փորձեց Արցախը Ազրպէյճանի կազմում պատկերացնելու ՔՊ-ական մօտեցումների նախադէպերը վերագրել նախորդ երկու նախագահներին եւ դրան զուգահեռ չխուսափեց «պախարակել» Դաշնակցութեանը, որ իբր ժամանակին համագործակցելով վերոնշեալ նախագահների ձեւաւորած կառավարութիւնների հետ` անուղղակի իր համաձայնութիւնն է տուել բանակցութիւնների սեղանին դրուած ձեւակերպումներին:
Նախեւառաջ պէտք է նշել, որ բանակցութիւնների առարկայ որեւէ մօտեցում կամ տեսակէտ չի կարող ամբողջութեամբ արտայայտել տուեալ հարցի վերաբերեալ որեւէ կողմի ընկալումը, քանի դեռ բանակցութիւնների արդիւնքում ձեւաւորուող որեւէ փաստաթուղթ չի կնքուել: Այդ առումով անհիմն են բանակցութիւնների բովանդակութեան վրայ հիմնուած փաստարկների խեղաթիւրուած եզրայանգումները, որոնք հնչել են Փաշինեանի կողմից: Իսկ առաւել ցաւալին այն է, որ այդ հատուածում Փաշինեանն, այս էլ որերորդ անգամ, հիմնահարցի դրոյթների վերաբերեալ ներկայացնում է ոչ թէ հայկական կողմի փաստարկներն ու մօտեցումները, այլ կրկնում է Ալիեւի` ազրպէյճանական կողմի բանակցողի մօտեցումներն ու փաստարկները: Փաշինեանի այս սեթեւեթանքը աղէտաբեր է բանակցութիւնների հետագայ ընթացքում հայկական շահը պաշտպանելու տեսանկիւնից:
Վերոնշեալ պաշտպանուողական ճառը իր հերթին ապացուցում է նաեւ մէկ հանգամանք, որ Դիմադրութեան շարժման վերջին 50 օրերի աշխուժ գործողութիւնները կարողացել են կուտակել մի ներուժ, որին հակազդելն օրախնդիր է եղել ՀՀ իշխանական աթոռները զբաղեցնողների համար:
Դիմադրութիւն շարժումը յատկապէս վերջին երկու ամիսների ընթացքում ձեւաւորել է գաղափարի շուրջ լայն համախմբում` հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցութեամբ: Այդ համախմբման շնորհիւ ապացուցուել է, որ օրուայ իշխանութիւնները նոր զիջումների գնալու համար չունեն ժողովրդի կողմից տրուած մանտաթ: Իսկ ամենակարեւորը` Դիմադրութիւն շարժումն ի լուր աշխարհի ապացուցեց, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը չի մարել, դա պայքար է յանուն արժանապատուութեան, պայքար է յանուն արդարութեան եւ իրաւունքների վերականգնման: