«Արժանի Հետեւորդը Լինենք Մայիսի 28-ը
Կերտողների Պատգամին»
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հետեւեալ ուղերձը յղեց Հայաստանի Հանրապետութեան օրուան` մայիս 28-ի առիթով.
Հարիւրամեակների ծանր փորձութիւններից եւ անղեկ նաւարկութիւններից յետոյ 104 տարի առաջ` 1918 թուականի մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերահաստատեց անկախութիւն ունենալու իր կամքը` այն ամրագրելով Հայաստանի Հանրապետութեան ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի յայտարարութեամբ:
Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման օրն է եւ, անհերքելիօրէն, հայոց պատմութեան շրջադարձային էջ: Այն հնարաւոր դարձաւ Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքական բանակի դէմ տարած մայիսեան յաղթանակներով: Ցեղասպանութիւնից ընդամէնը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականութեամբ եւ համազգային զօրաշարժով եւ, անշուշտ, օրուայ քաղաքական ու ռազմական ղեկավարութեան բացառիկ նուիրումի, խորատեսութեան եւ զոհողութիւնների գնով կասեցուեց հայ ժողովրդին վերջնականապէս բնաջնջելու թուրքական ծրագիրը: Արեւելեան Հայաստանի փոքր մի հատուածի եւ Ցեղասպանութիւնից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրայ վերընձիւղուեց հայոց պետականութիւնը:
Մենք բոլորս` իբրեւ ինքնութիւն, իբրեւ կազմակերպուած ազգ եւ հաւաքականութիւն, սերում ենք մայիսի 28-ից, մենք մայիսի 28-ով կերտուած Հայաստանի Ա. Հանրապետութեան ժառանգորդն ենք, մեր հաւաքական յաղթանակների եւ պարտութիւնների պատասխանատուն:
Այսօր, երբ հայոց պետականութեան ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղուած սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձեալ գոյաբանական խնդրի առջեւ է կանգնած, մայիսի 28-ի դասերն աւելի քան զօրեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբուել յանուն համաժողովրդական, միասնական պայքարի, յանուն Արցախի փրկութեան, յանուն հայոց պետականութեան կազմալուծման կասեցման, յանուն մեր ազգային արժանապատուութեան ու համերաշխութեան վերականգնման: Օրհասական է պահը: Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջեւ եւ պարտք` ապագայ սերունդներին:
Փա՜ռք եւ խոնարհում մայիսի 28-ը կերտողներին: Արժանի հետեւորդը լինենք նրանց պատգամի:
Փա՜ռք հայոց պետականութեանը:
Շնորհաւոր անկախութեան տօնդ, Հայաստա՛ն: