Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութիւնը երէկ հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
Հայրենակիցնե՛ր,
Օրուայ քաղաքական իշխանութիւնը, հերթական անգամ խախտելով Սահմանադրութիւնն ու օրէնքները, մինչեւ ապրիլի 24-ը հրաժարւում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը եւ ուղիղ հեռարձակում ապահովել` ներկայացնելով անհիմն արհեստագիտական պատճառաբանութիւն:
Ազգային ժողովի` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ յայտարարութեան նախագծին նուիրուած խորհրդարանական լսումները նախատեսուած էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրութեանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պէտք է ուղեցոյց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցերը քննարկելիս:
Իշխանութիւնների նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը եւ դրսեւորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ազրպէյճանական դաշինքի շահերը սպասարկելու ճանապարհով:
Մենք վճռական ենք եւ հետեւողական հայ ժողովրդի լինելութեան հիմքում գտնուող այս հարցը հետապնդելու գործում:
Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կը կայանայ առաջիկայում, որի մասին յաւելեալ կը տեղեկացնենք:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ