Շաբաթ օր Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութիւնը տարածեց հետեւեալ յայտարարութիւնը.
Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Հայաստանում ժողովրդավարական հաստատութիւնների գործունէութիւնը» թեմայով բանաձեւի վերաբերեալ ցանկանում ենք արձանագրել.
1) 44-օրեայ պատերազմի սանձազերծմանը, Ազրպէյճանա-թուրքական յարձակումների, ուժի կիրառմանը, պատերազմի ընթացքում Ազրպէյճանի կողմից միջազգային մարդասիրական սկզբունքների կոպիտ խախտումներին, ինքնորոշման իրաւունքի նսեմացման ու մինչ օրս հայ ռազմագերիների առկայութեան փաստի, պատերազմից յետոյ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակական յարձակումների իրականացման, թշնամական հռետորաբանութեան եւ ուժի ու ուժի սպառնալիքի շարունակական կիրառման վերաբերեալ` եւրոպական կառոյցները զբաղուած էին ու զբաղուած են խրախուսող աչքակապութեամբ, իսկ արձագանգելիս փորձում են «հաւասարութեան» նշան դնել Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ, ինչն անհեթեթութիւն է: Յատկանշական է, որ ռազմագերիների ապօրինի պահումից աւելի նուազ իրաւունքների խախտումներով նոյն կառոյցը հանդէս էր գալիս պետութեան նկատմամբ յստակ պատժամիջոցների առաջարկով, իսկ այս դէպքում` Ազրպէյճանին ու Թուրքիային անպատժելիութեան ուղերձ է յղում:
2) ԵԽԽՎ-ն որեւէ կերպ չի անդրադարձել նախընտրական եւ հէնց ընտրութիւնների օրը վարչական միջոցի ու ընտրական արձանագրուած այլ խախտումներին, շուրջ վեց ամիս Ազգային ժողովի երեք ընդդիմադիր պատգամաւորների ապօրինի կալանաւորմանը, ընդդիմադիր պատգամաւորների տեղաշարժի հակասահմանադրական սահմանափակմանը, 2021 թուականին 80 առ հարիւրից աւելի կալանաւորումներին, քաղաքական հետապնդումներին եւ կալանքներին, «կալանքի դատարանների» ստեղծմանը:
3) ԵԽԽՎ-ն փաստօրէն չի էլ արձագանգել դատարանների ելեկտրոնային մակագրման համակարգի` շուրջ ութ ամիս գործադիրի կողմից առգրաւման ու մինչ օրս բոլոր գործերի «ձեռքով» մակագրման հակասահմանադրական գործունէութեան կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ու յետընտրական փուլում ընտրողների կամքի անտեսման փաստերին:
4) ԵԽԽՎ-ն «ժողովրդավարական» է համարում խօսքի ազատութեան նոր սահմանափակումները եւ չի էլ նկատել լրագրողների իրաւունքների խախտման դէպքերը Ազգային ժողովում: Թուարկուած բոլոր խնդիրների փաստական հանգամանքները դեռեւս 2021 թուականի նոյեմբերի 4-ին ներկայացուել էին ԵԽԽՎ-ին` թէ՛ բանաւոր, եւ թէ՛ գրաւոր կարգով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
29 յունուար 2022


