Ամփոփում ենք 2021 թուականը. անցեալ տարում հայ ժողովրդի համար շարունակուեց 2020թ. աղէտալի պարտութիւնը: 2021թ. պարտուեցինք դիւանագիտական ճակատում, որը ռազմաճակատում կրած պարտութեան հետեւութիւնն էր: Ազրպէյճանն ու Թուրքիան օրէցօր ամրապնդում են իրենց յաղթանակը դիւանագիտական ճակատում: Իսկ պարտութեանը զուգահեռ շարունակւում է հայ ժողովրդի ազգային արժանապատուութեան ոտնահարումը: Այս ամէնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայկական պետութիւնը ներկայացնող անձը դարձել է Արցախում անցած դարում բնակուող ազրպէյճանցիների շահերի պաշտպանը` անտեսելով իր ազգային շահն ու արժանապատուութիւնը:
Առկայ իրավիճակում թեւակոխում ենք 2022թ: Հայ ժողովրդի ապրած ցաւն ու վիշտը չեն ամոքւում: Հայրենազրկմանն ու մի ամբողջ սերնդի կորստին աւելանում է պայքարի անընդունակութեան եւ պատիւն ու արժանապատուութիւնը չյարգող ազգի պատկերը: Միջազգային բեմահարթակում հայը այդպէս է ներկայացւում հանրութեանը: Այս վիճակից պէտք է դուրս գալ, եւ դուրս գալու միակ միջոցը պայքարն է, պայքար` իրաւունքների վերականգնման համար:
Ստորացած վիճակում ապրելը խոցուած արժանապատուութեան վէրքն աւելի է խորացնում: Հադրութն ու Շուշին հայ ժողովրդի արժանապատուութեան վրայ դաջուած խարանների շարքը համալրեցին: Ոչ միայն Հադրութը, Շուշին ու Շահումեանը, այլեւ բռնագրաւուած հայրենիք Արեւմտեան Հայաստանն ու Ջավախքը հայկական են ու հայկական էլ կը մնան: Այս է պայքարի ուղին` յանուն ազգի ազատագրման եւ իրաւունքների վերականգնման: Յարատեւելու, զարգանալու եւ մարդկային քաղաքակրթութեան մէջ հայի արժանապատիւ տեղն ապահովելու համար մտացածին խաղաղութիւններն ու բարիդրացիութիւնները խաբուսիկ պատրանքներ են միայն:
ՀՅ Դաշնակցութիւնը հայ ժողովրդի արժանապատուութեան պահպանութեան գործում միշտ եղել է առաջին դիրքերում: Ինչպէս ՀՅԴ 131-ամեակի առթիւ նշել է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, «կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանդ Մարգարեանը, «ՀՅԴ-ի կեանքի մէջ ամենակարեւորը հայրենիքն է ու Արցախը, ոչ թէ` յանուն իշխանութեան պայքարը: Մենք իրաւունք չունենք ընկճուելու, համակերպուելու ստեղծուած իրավիճակի հետ: Ազրպէյճանը պէտք է հասկանայ, որ հանգիստ չի ունենայ, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսւում: Աշխարհը պէտք է հասկանայ, որ հայ ժողովուրդը դէմ է կապիտուլեացիային, դէմ է իր տարածքների բռնազաւթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկուած յայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլեացիան. ազգային նոր զարթօնք է հարկաւոր»: Թող այս ուղերձը լինի 2022թ. մեր պայքարի ուղեցոյցը:
Եւ ինչպէս Ռ. Պատկանեանն է իր Նոր տարուայ մաղթանքների մէջ նշում, բոլոր երանելի մաղթանքները միայն այն ժամանակ կ՛իրականանան, «եթէ իսպառ մենք հանենք փոքրոգութիւն մեր սրտէն»: Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:
17 դեկտեմբերի 2021թ.