«Հայաստան» Եւ «Պատիւ Ունեմ» Դաշինքները Կը Մերժեն Դռնփակ Հանդիպում Ունենալ Փաշինեանի Հետ

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները մերժեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ փակ հանդիպում ունենալու առաջարկը:

Խմբակցութիւնները այս առիթով հրապարակեցին հետեւեալ յայտարարութիւնը.

«Հաշուի առնելով տարածուած տեղեկութիւնները` յայտնում ենք, որ Ալեն Սիմոնեանի կողմից ընդդիմադիր խմբակցութիւններին փոխանցուել է Նիկոլ Փաշինեանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկութիւն:

Յիշեցնենք, որ դեռեւս 2020 թուականի հոկտեմբերին` պատերազմի օրերին, նման ձեւաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինեանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս ձեռնածութեան առարկայ են դառնում եւ խեղաթիւրւում են հէնց վերջինիս կողմից:

Այս ժամանակահատուածում, իշխանութիւնները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցութիւններ, առաջ մղելով բացառապէս սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք:

«Փակ հանդիպման ձեւաչափը հայ ժողովրդին առնչուող հարցերի վերաբերեալ առհասարակ անընդունելի է, իսկ Նիկոլ Փաշինեանի հետ նման ձեւաչափով հանդիպման վերաբերեալ նախկինում արդէն իսկ տարածուել է յայտարարութիւն: Ընդդիմադիր խմբակցութիւնները յայտնել են, որ հանդիպման կը մասնակցեն բացառապէս բաց, հաւասար եւ ժողովրդի առջեւ հաշուետու պայմաններում, ինչը մերժուել է, հետեւաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների` ոչ նպատակայարմար լինելու վերաբերեալ մեր դիրքորոշումը»:

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )