Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեց կիրակի, 5 դեկտեմբերին Հայաստանի մէջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիններուն ընտրութիւններուն մասին:
2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացուած համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիններու համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցուած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի յառաջատար ուժն է: Կուսակցութիւնը` առանձնաբար եւ դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ, համաձայնական ձեւաչափով, տեղական իշխանութիւն կը ձեւաւորի Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաեւ այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:
Կայացած ընտրութիւններն անցան լարուած, հակամրցակցային պայմաններում` պետական եւ տեղական իշխանութեան լծակների եւ միջոցների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինութիւնների եւ ճնշումների պայմաններում: Ակնյայտ է` իշխանութիւնը պահպանելու եւ կեդրոնացնելու մոլուցքով տարուած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականութիւնը տեղայնացնել նաեւ համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի աշխուժ դիմադրութիւնն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների եւ աղէտի առջեւ կանգնեցրած իշխանութիւնը մերժուած է հանրութեան զգալի մասի կողմից:
Տրուած քուէների եւ ցուցաբերուած աջակցութեան համար շնորհակալութիւն ենք յայտնում մեր հայրենակիցներին եւ գործընկերներին: Ապազգային իշխանութեան դէմ մեր պայքարը շարունակւում է. ուժերն առաւել համատեղելու դէպքում մեր հայրենիքի ու նրա զաւակների համար կը բացուեն նոր հնարաւորութիւններ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
6 դեկտեմբեր 2021



