«Հայաստան» Դաշինքի Յայտարարութիւն

Երէկ «Հայաստան» դաշինքը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարտութեան խորհրդանիշ իշխանութիւնը հերթական պայմանաւորուած զիջումն արեց. Գորիս-Կապան ճանապարհն Ազրպէյճանն այլեւս ամբողջութեամբ վերցրել է իր վերահսկողութեան տակ: Հողատուն յայտարարում էր` այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժուելու ենք: Հանրութեանը խաբում էր հերթական անգամ: Հիմա յայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:

Քանի դեռ այս վարչախումբը իշխանութեան է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամէն օր: Վարչապետի պաշտօնը զբաղեցնողն այլեւս ոչինչ չի որոշում: Նրա փոխարէն որոշումներ կայացնում է Ազրպէյճանը: Հայաստանի ինքնիշխան տարածքում հակառակորդը ո՛չ միայն ֆիզիքապէս է ներկայ, այլ նաեւ տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողութեան կէտեր: Այս իշխանութիւնն անկարող է, չի դիմադրելու Ազրպէյճանին:

Բայց մենք չենք համակերպուելու:

Փաստօրէն, տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու` վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ: Կատարուածը ուղղակի սպառնալիք է` Սիւնիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգութեան, Հայաստանի պաշտպանունակութեան առումով: Սա նաեւ տնտեսական լուրջ եւ անկառավարելի վտանգներ է բովանդակում:

Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծուած աղէտալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպէս փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիւ խաղաղութիւնն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանութեան ձեւաւորումը: Մենք սկզբնաւորել ենք համազգային դիմադրութիւն իշխանութեան կործանարար քաղաքականութեան դէմ: Այսօրուայ խնդիրը դիմադրութեան հզօրացումն է, ամէնօրեայ աշխատանքն ու շարունակական ցոյցերը: Մենք ճնշումների, ուժային կառոյցների բռնարարքների դէմ չենք ընկճուելու, գնալու ենք մինչեւ վերջ: Սիւնիքը չի զիջուելու, Արցախը չի հայաթափուելու, Հայաստանը չի թրքացուելու:

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետութիւն, հայ մարդը դարձեալ ապրելու է արդար, ուժեղ երկրում:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )