ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ
«Հայաստա՛ն, լեռների ամուր կապուկը ձեռքիդ, ցրտից կապտակող օդի մէջ յամառ շարժւում ես առաջ` դէպի գերեվար Մայր լեառն Արարատ, դէպի Գեղամայ սարերն հեթանոս (Սեւանը` քուրմդ զմրուխտ տաճարի), դէպ կտրուկ բացուող լեռնանցքը Շուշուայ, որ քեզ հանում է դուռը Արցախի… Ահա ի՛նչ ուժ է քեզ ոգեկոչում` քանդել քարկապը դարաւոր իղձիդ… Դու դեռ կը քայլես…» (Լեւոն ԱՆԱՆԵԱՆ)
Տարիներ առաջ էր, երբ ձեռքս ընկաւ «Գրական Թերթ»-ի հերթական համարներից մէկը: Եւ որքան մեծ եղաւ զարմանքս, երբ պարբերականի երկէջեայ բացուածքում կարդացի Գրողների միութեան նախագահի աշխատանքային մէկ օրը ժամ առ ժամ ներկայացնող ծաւալուն հրապարակումը: Իսկ այդ ժամանակ մեր գրողական ընտանիքը ղեկավարում էր քուն ու դադար կորցրած Լեւոն Անանեանը: Կարդացի իւրօրինակ այդ «տեղեկատուութիւնն» ու մնացի ապշած. Աստծու սիրուն, ինչպէ՞ս է հասցնում լինել ամէնուր, ընդունել հիւրերի ու ճանապարհել, մասնակցել այս կամ այն գրողի գրքի շնորհահանդէսին, ջերմ, սրտառուչ խօսք ասել, այնտեղից փութալ պայմանաւորուած հանդիպումների, նորից մտնել միութիւն, հետաքրքրուել գրահրատարակչական խնդիրներով, ելքեր փնտռել դրանք լուծելու, յետոյ նորից… Եւ այսպէս շարունակ… Իսկ մինչ Գրողների միութիւնը միապաղաղ առօրեայից աշխուժ մեղուափեթակ յիշեցնող միջավայրի վերածելը, կազմակերպչական նախանձելի եռանդով օժտուած, մարդասիրութեան չափանիշ ու այդ չափանիշներով ապրող ու գործող պայծառ մտաւորականը, որպէս լրագրող, հրապարակախօս, արձակագիր ու բանաստեղծ, լուսածիր իր կենսագրութեան էջերն էր հիւսել տարբեր պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը, աշխատել «Գարուն» փնտռուող ամսագրի խմբագրութիւնում, իսկ 1990-2001 թթ., որպէս գլխաւոր խմբագիր, նոր շունչ ու ոգի տուել նորոգ վարկանիշ վաստակած «Գարուն»-ին դժուարին ժամանակներում անխաթար պահելով ամսագրի լուսընծայումը: Աւելի՛ն. 1992 թուականին, երբ Արցախի լեռներում որոտում էին հրանօթները, եւ երկիրը տնքում էր պատերազմական հոգսուցաւերից, նախաձեռնում եւ հիմնադրում է «Ապոլոն» թարգմանչական հրատարակչութիւնը` մեծարժէք գրքերով հարստացնելով հայ գրականութեան գանձարանը: Բոլորին էր ի տես Լեւոն Անանեան գրչութեան անհանգիստ մշակի անսպառ եռանդը, վեհանձնութիւնն ու նուիրուածութիւնը իր գործին, անձեւական ուշադիր վերաբերմունքը սփիւռքահայ թէ հայրենաբնակ երիտասարդ ու տարեց գրչակից ընկերների, սկսնակների հանդէպ: Էլ չասեմ նրա կարեկից ու յարեհաս լինելու` եզակիներին բնորոշ առաքինութեան մասին, որով զարդարուած էր իր անձը: Եւ այս ամէնը, չգիտես` ի՛նչ տրամաբանութեամբ, շարժում էր շատերի նախանձը, չարացնում: Եւ դա բնական էր, որովհետեւ ԳՄ նախագահը, բացառութեամբ աննշան փոքրոգիների, համընդհանուր սէր էր վաստակել ու վայելում էր ոչ միայն գրողական ընտանիքի, այլեւ հասարակութեան լայն շերտերի պատիւն ու յարգանքը: Թերեւս դժուար լինի հաշուել, թէ քանի՜ քանի՛ գրքեր է խմբագրել այսօրուայ պատուարժան յոբելեարը, քանի գրքեր կազմել, առաջաբաններ գրել, հանդէս եկել օրախնդիր քանի՜ քանի՛ տասնեակ տաք ու երկրաշահ հրապարակախօսական յօդուածներով: Եւ քանի գրքեր չեն գրուել իր բազմազբաղ առօրեայի, ստեղծագործելու իր ժամանակը միւսների համար չխնայելու, նաեւ հասարակական գործունէութեամբ զբաղուելու պատճառով: Իսկ հեղինակային գրքերը, թէկուզ` սակաւաթիւ, սակայն ամբողջացնում են նրա ներաշխարհի անխառն գոյները` «Արմատ եւ սաղարթ» «Յուշանուէր», «Դիմակայութիւն»… Լեւոն Անանեանն ապրել եւ շարունակում է ապրել իր չխամրող գրով, ազգանուէր իր գործունէութեամբ, ՄԱՐԴՈՒ եւ ՀԱՅԻ իր տեսակով: Եւ նրա ծննդեան օրուայ առիթով որքան պատեհ է հնչում Հրաչոյի` Հրաչեայ Մաթեւոսեանի խօսքը` ասուած ի յաւերժութիւն գնացած իր գրչընկերոջ վաղաժամ հեռացումի հանգամանքով. «Միթէ՞ մարդու կենսագրութիւնն աւարտւում է նրա մահով: Լեւոն Անանեան, արդէն յիշատակող ես, սիրելի՛ Լեւոն: Գիրը Հող է: Հողը Գրով, իսկ Գիրը Հողով են պահում: Դու էդ Հողի եւ Գրի տէրը եղար…»: Եւ հիմա ես այդ Գրի եւ Հողի տէրը, սիրելի եղբայր: Եւ կը լինես ու, գիտենք, կ՛ընդունես յոբելեանիդ առիթով ասուած շնորհաւորանքի մեր խօսքը քո վերերկրային պայծառ տիրոյթներում…