ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
38 տարուայ ազատազրկումից յետոյ, մայր հայրենիք վերադարձաւ հայրենիքի համար իր ողջ երիտասարդութիւնը` մէկ ամբողջ գիտակցական կեանք, զոհաբերած հերոս որդին` Համբիկ Սասունեանը:
Մէկ այլ պայմաններում, ոչ այսօրուայ հայրենիքում, Համբիկը պէտք էր յոտընկայս, ողջ ժողովրդով դիմաւորուէր, չէ՞ որ ինքը հայու դէմ շարունակուող թուրքական ճնշումի անմեղ զոհերից մէկն էր, որը իր երիտասարդ կեանքի զոհաբերումով հաստատեց մի մեծ ճշմարտութիւն` դաշնակցական երիտասարդը պատրաստ է կրել ամէն զրկանք նոյնիսկ իր չգործած յանցանքի համար, որը կապուած է թուրք դահիճների վրիժառութեան հետ:
Իր ուղերձում, որը կարդում էք իր պատկերի վրայ, այս աննման երիտասարդը, իր մարդկային եւ հայրենասիրութեան մէջ մրցակիցը չունեցող անձը, վերջապէս իր կորցրած տարիների իմաստն ու աւերուած կեանքի երջանկութիւնն է ապրում` ոտք դնելով հայրենի հող:
Գուցէ կեանքի ու ճակատագրի մի մեծ խորհուրդ է հայրենիքի այս ճակատագրական շրջանում Համբիկի մայր հողի վրայ գտնուելը:
Գուցէ Համբիկը, Հայ դատի համար պայքարած ու իրենց երիտասարդ կեանքերը զոհաբերած իր տարեկիցների, երիտասարդների հաւաքական շունչի, նրանց ինքնազոհ գործունէութեան իրական պատկերը լինելով, կարողանայ նոր շունչ հաղորդել աստիճանաբար թրքահպատակութեան հետ հաշտուող ու լռող մեր երիտասարդութեան, մեր ժողովրդին:
Համբիկի ներկայութիւնը այս պահին մայր հողի վրայ նաեւ մեծ ապտակ է մեր ապազգային իշխանութեանը: Նաեւ մի մեծ գալիք դաս, այսօր իրենց անպարտելի համարող այս ապազգային կառավարութեան, որ նոյնիսկ հզօր Ամերիկայում, որքան էլ նոյնքան հզօր թրքական ուժերը կաշառքով, իրենց քարոզչական ողջ ուժերը օգտագործելով փորձեցին արգիլել Համբիկի ազատագրումը, սակայն պարտուեցին, չյաջողուեցին:
Հայ դատը յաղթե՛ց:
Հայ դատը իրե՛նց էլ է յաղթելու:
Յաղթեց ՀՅԴ-ի սփիւռքեան հզօր միասնականութիւնը, ողջ հայութեան սէրն ու նուիրուածութիւնը վեհութեամբ իր ազատազրկումը կրող այս իւրօրինակ հայրենասէրի հանդէպ, որը, հայրենիքում ապրած չլինելով անգամ, հաւատով ու համբերութեամբ սպասել է այդ հողի հետ շփուելու այս երջանիկ պահին:
Համոզուած եմ Համբիկի ներկայութիւնը նոր զարթօնք է բերելու հայրենիքի կորստեան հետ հաշտուած, թմբիրի մատնուած ժողովրդին:
Իմ խնդրանքն է մեր ժողովրդին գուրգուրալ Համբիկի կեանքի համար, քանի դեռ ապազգային ուժերն են տիրում երկրում, այն նոյն հոգատարութեամբ ինչպէս պահեց նրան սփիւռքը:
Իսկ մեր թանկագին Համբիկին մաղթում եմ ամբողջ էութեամբ իր մոռացած ազատութեան հետ հայրենի երկրի իւրաքանչիւր վայրկեանը վայելի:
29 հոկտեմբեր 2021