Կարսից` Արցախ

ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Հայոց բազմադարեայ պատմութեան մէջ ողբերգական, բայց առաւել ամօթալի ամսաթուերից մէկը 1920 թ. հոկտեմբերի 30-ն է, այն օրը, երբ թշնամուն յանձնուեց Հայաստանի Հանրապետութեան գոյութեան համար կարեւոր պատուար Կարս բերդաքաղաքը: Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ընկաւ Կարսը` շատ է խօսուել, յատկապէս` վերջին 30 տարուայ ընթացքում:

Այն մասին, որ Կարսի անկման գլխաւոր պատճառը դասալքութիւնն էր, խօսուել է բազմիցս, եւ որ այդ դասալքութեան քարոզին լծուած էին հայ պոլշեւիկները, նոյնպէս փաստ է, բայց որ ժողովուրդն ու զինուորականութիւնը չգիտակցեցին Կարսի կարեւորութիւնը Հայաստանի Հանրապետութեան հետագայ գոյութեան եւ հէնց ի՛ր` հայ ժողովրդի ֆիզիքական անվտանգութեան համար, քիչ է խօսւում: Ինչու՞ եւ ինչպէ՞ս Սարդարապատում աւելի ծանր պայմաններում յաղթանակ տարած ժողովուրդը հրաժարուեց կռուել Կարսի համար…

Պատմական դառը ճշմարտութիւնն այն է, որ բերդաքաղաքի պաշտպանութեան կոչուած հայկական զօրքի երիտասարդ հրամանատարը` գնդապետ Մազմանեանը, հակագրոհի հրահանգ էր տուել իր զինուորներին, որոնք, սակայն, հրաժարուեցին ենթարկուել իրենց հրամանատարին ու… դիմեցին դասալքութեան: Այս մասին Ս. Վրացեանը գրում է. «… Համաձայն տրուած հրամանի, հոկտեմբերի 30-ի առաւօտեան մեր զօրքերը պիտի անցնէին հակայարձակման… Սակայն առաջին գունդը մերժեց կատարել հրամանը եւ տեղից չշարժուեց: Յուսահատ եւ անզօր գնդ. Մազմանեանը ամէնքի աչքի առաջ մաուզերի երկու գնդակից ինքնասպանութիւն գործեց…(1): Սակայն անգամ պատուախնդիր սպայի ինքնասպանութիւնը հայոց զօրքին չսթափեցրեց, եւ նոյն օրը` հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրութեան, Կարսն ընկաւ, ինչն էլ իր կնիքը դրեց հետագայ իրադարձութիւնների վրայ, որոնք Հայաստանի համար աղէտալի էին:

Կարսի անկումը շղթայական ազդեցութիւն ունեցաւ, եւ մի քանի օր անց` նոյեմբերի սկզբներին, յանձնուեց նաեւ Ալեքսանդրապոլը: Լիակատար ջախջախումից խուսափելու եւ քիչ թէ շատ պատուաբեր հաշտութիւն կնքելու համար նոյեմբերի 18-ին կողմերի միջեւ վերջնական զինադադար կնքուեց, եւ դադարեցուեցին ռազմական գործողութիւնները: Իսկ դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարութիւնը իշխանութիւնը յանձնեց պոլշեւիկներին` վայր դնելով իր լիազօրութիւնները:

Թւում էր, թէ Կարսում էին հաւաքուել հայրենասէր բազմաթիւ հայ երիտասարդներ, բայց «այդ «հայրենասէր» հայ երիտասարդները, յայտնուելով դիրքերում, վճռական պահին նախ սկսում էին գոռալ, թէ` «Մեր ընկեր պոլշեւիկների դէմ մենք կռուել չենք ուզում, եկող թուրքերը մեր ընկերներն են», յետոյ ցուցադրաբար գցում էին զէնքը եւ դիմում փախուստի` յորդորելով միւս զինուորներին հետեւել իրենց օրինակին»(2): Հայկական բանակի վրայ, ինչպէս արդէն ասացինք, իր ազդեցութիւնն էր ունեցել հայ պոլշեւիկների քայքայիչ քարոզչութիւնը, որի նպատակն էր ամէն կերպ հասնել Հայաստանի Հանրապետութեան պարտութեանը: Դրա մասին է վկայում նաեւ նրանց յղուած  «յոյժ գաղտնի» վերնագրուած հեռագիրը, որն այսօր պահւում է Հայաստանի Ազգային արխիւում: Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (պոլշեւիկների) կենտրոնական կոմիտէն հրահանգում է կուսակցութեան բոլոր կազմակերպութիւններին` թէ՛ թիկունքում, թէ՛ ռազմական գօտիներում եւ յատկապէս Կարսի գարնիզոն մեկնող պոլշեւիկներին անհատ զինուորների շրջանում եւ առանձին հաւաքոյթներում… ինչպէս նաեւ թռուցիկների միջոցով ծաւալել լայն պրոպագանդա ընդդէմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով` Թուրքիան այլեւս նախկին Թուրքիան չէ եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիւ նպատակներ չունի: Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է եւ պայքարում է իր ազգային ազատութեան համար` ընդդէմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսայի, Յունաստանի): Հանրապետական Հայաստանի յաղթանակը Թուրքիայի վրայ` կը նշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձաւոր Արեւելքում եւ դրանով իսկ կը վտանգի յեղափոխութեան յաղթանակը Անդրկովկասում, ապա նաեւ` Արեւելքի խորհրդայնացումը: Հայ պոլշեւիկ կոմունիստների խնդիրը պէտք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտութիւնը, որով եւ կ՛արագացուի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պէտք է.

Կազմալուծել հայկական կռուող բանակը բոլոր միջոցներով, դրանք են. ա) կազմակերպել դասալքութիւն եւ ամէն կերպ խանգարել զօրահաւաքին, բ) ռազմաճակատներում հասկացնել զինուորներին, որպէսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինուորների վրայ, այլ լքելով դիրքերը` վերադառնան թիկունք, գ) չենթարկուել սպաների հրամաններին եւ հարկ եղած դէպքում ոչնչացնել նրանց: Այս ամէնի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինուորներին, որ յաղթող թուրքական ասկեարը յեղափոխական ասկեար է, որը ոչ միայն իրեն թոյլ չի տայ որեւէ գործողութիւն պարտուած երկրի վերաբերեալ, այլ կ՛օժանդակի աշխատաւոր հայ ժողովրդին` ազատուելու իմպերիալիստական գործակալ դաշնակցութիւնից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետութիւնից ազատուելով` Հայաստանը ընդմիշտ կը կապուի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կը տրուեն պատերազմին եւ սովին, ու մշտական ընդհարումներից քայքայուած երկիրը կը լիանայ Ռուսաստանի հացով եւ մասնակիցը կը դառնայ համաշխարհային յեղափոխութեան մեծ գործի:

Ծանօթութիւն.- Գրութիւնը կարդալ սահմանափակ ժողովում եւ կարդալուց յետոյ անմիջապէս այրել:

Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտէի անդամներ` Ս. Կասեան, Ա. Մռաւեան, Ա. Նուրիջանեան, Շ. Ամիրխանեան, Ի. Դովլաթեան, Ա. Յովհաննիսեան: Նոյ. 218, Պաքու, 1920 սեպ. 20»(3):

Հայ պոլշեւիկները ի հարկէ պարտաճանաչօրէն գլուխ բերեցին իրենց յանձնարարուած գործը: Հոկտեմբերի 31-ին թուրքերը Կարսում էին… Ներխուժելով Կարս` թուրքերը, ինչպէս բնորոշ է իրենց, իսկական կոտորած կազմակերպեցին: Այդ օրերին գերուած Ա. Բաբալեանի վկայութիւնն է մեզ փոխանցում Ս. Վրացեանը. «Հայերը ենթարկւում էին կոտորածի, գեղեցիկ կանայք տարւում էին հարճութեան, տղամարդիկ քշւում էին Թուրքիայի ներսը: Մեր գերութեան հինգերորդ օրը մեզ այցելեցին չորս հայեր` ուղեկցութեամբ մի քանի տաճիկ սպաների, զարդարուած կարմիր լաթերով: Կարսի հայ կոմունիստներն էին դրանք. պտտում էին հանրակացարանները եւ իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Յեղկոմների անդամներ էին…»(4): Յանուն արդարութեան պէտք է ասենք նաեւ, որ Կարսի անկման մէջ իր մեղքի բաժինն ունէր նաեւ ռազմաճակատի հրամանատարութիւնը, որը անհեռատեսութիւն դրսեւորեց եւ շուրջ 2500 արեւմտահայ զինուորներին, որոնք չէին ընդունում ո՛չ թուրքերին, ո՛չ էլ պոլշեւիկներին, Կարս քաղաքում կենտրոնացնելու փոխարէն, բաշխեց ռազմաճակատով մէկ, մինչդեռ նրանք կարող էին Կարս քաղաքում լուրջ դիմադրող ուժ լինել թուրքերի դէմ: Բացի այդ` վճռական պահին դէպի Կարս արշաւող Քարապեքիրի զօրքին թիկունքից հարուած չհասցրեց գնդապետ Հասան Փաշայեանի զօրամասը, կրաւորական կեցուածք էր ընդունել Կարսի բերդի սպայակոյտի պետ Վահան Տէր Առաքելեանը, եւ այս համապատկերում իր բարձունքում չէր նաեւ ժամանակի ամենահեղինակաւոր զինուորականներից մէկը` զօրավար Դանիէլ Բեկ փիրումեանը: Կարսի յանձնումից կարճ ժամանակ անց թուրքերի ձեռքն անցաւ նաեւ Ալեքսանդրապոլը, ինչն առաջ բերեց հայ պոլշեւիկների անզուսպ ոգեւորութիւնը, որի մասին վկայում է թուրքերին ուղղուած նրանց ողջոյնի խօսքը. «Ալեքսանդրապոլի պրոլետարիատը եւ չքաւոր գիւղացիութիւնը` ազատուած հայկական դարաւոր լծից, յղում է եղբայրական եւ սրտալի ողջոյնը Թուրքիայի կոմունիստական կուսակցութեանը… Կեցցէ Թուրքիայի կոմ. կուսը: Կեցցէ Կարմիր յեղափոխական Արեւելեան բանակը: Կեցցէ կոմունիզմը: Կեցցէ Սովետական Հայաստանը:

Ար. Տէր Մարտիրոսեան, Մկ. Խաչիկեան

նոյեմբեր 1920»(5):

Կարսի յանձնումը չափազանց ծանր նստեց Հայաստանի վրայ. նախ` երկիրը կորցրեց իր անկախութիւնը, ապա` 1921 թ. մարտի 16-ի Մոսկուայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկուեց մի շարք տարածքներից, նոյն թուականի յուլիսի 5-ին Արցախը ապօրինաբար կցուեց Ազրպէյճանին, Կարսի պայմանագրով Նախիջեւանն արդէն տրուել էր այդ երկրին, Հայաստանին մնաց միայն Զանգեզուրը, այն էլ` Նժդեհի գլխաւորութեամբ մղուած երկարատեւ ու հերոսական պայքարի շնորհիւ:

Կարսի ամօթից 100 տարի անց, թւում էր, թէ հայ ժողովուրդը, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը դասեր են քաղել այդ ողբերգական իրադարձութիւններից, բայց… Հայոց պատմութեան մէջ ոչ պակաս աղէտալի ու ամօթալի էր 2020 թ. նոյեմբերի 9-ը:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ազրպէյճանը առանց պատերազմ յայտարարելու յարձակուեց Արցախի Հանրապետութեան վրայ: 44 օր հայկական բանակն ու կամաւորները կենաց-մահու կռիւ էին տալիս հայրենիքի պաշտպանութեան համար, իսկ նրանց թիկունքում երկրի քաղաքական ղեկավարութիւնը գաղտնի գործարքների մէջ էր դարաւոր թշնամու հետ: «Դրօշակ»-ի 2020 թ. 10-րդ համարում հրապարակուած Կարսի անկմանը նուիրուած մեր յօդուածում գրել էինք. «Այսօր Հայաստանի մերօրեայ հանրապետութեան համար 1990-ականներին ազատագրուած Արցախն ունի նոյն կարեւորութիւնը, ինչ Ա. հանրապետութեան համար Կարսը, եւ, ցաւօք սրտի, այսօր էլ կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք շարունակական քարոզչութիւն են տանում այն ուղղութեամբ, որ «այս թուրքը նախկին թուրքը չէ», «թուրքը բարեկամ է»` այս կոչերը համեմելով չափազանց գայթակղիչ խաղաղութեան խոստումով` միաժամանակ ծաղրելով միացեալ եւ անկախ Հայաստանի գաղափարն ու վտանգաւոր համարելով ազգ-բանակ հայեցակարգը»(6):

44 օր յաղթանակի վերաբերեալ հաւաստիացումներ լսող հանրութեանը հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը դիմեց Շուշին պաշտպանելու կոչով. «Թշնամին գտնւում է այստեղից մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ եւ գերնպատակն է գրաւել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպէս ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, եւ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը», նշեց Յարութիւնեանը` կոչ անելով միաւորուել ու միանալ Շուշիի պաշտպանութեանը:

Ըստ նրա, ազրպէյճանական ուժերը լրջագոյն ռազմական միջոցներ են ներդրել Շուշիի ուղղութեամբ. «Որպէս Արցախի գերագոյն գլխաւոր հրամանատար` եւս մէկ անգամ կոչ եմ անում` միացէ՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատուութիւնը», յորդորեց Արցախի նախագահը` շեշտելով, որ սա ոչ թէ խուճապային ելոյթ է, այլ հակառակը` ինքը հաւատում է յաղթանակին»»(7):

Բերդաքաղաք Շուշիի պաշտպանութիւնը, ըստ պաշտօնական տուեալների, տեւեց մինչեւ նոյեմբերի 9-ը: Մի կողմից Շուշին պաշտպանելու կոչ անող ու կամաւորներ, ոստիկանական զօրք եւ զինուորներ Շուշի ուղարկող իշխանութիւնը միւս կողմից Շուշիի պաշտպանների թիկունքում այն յանձնել էր թշնամուն: Արցախի դաւադրաբար յանձնումը կատարուեց Հայաստանի` թշնամու ձեռքին հայ պոլշեւիկներից ոչ պակաս գործիք դարձած իշխանութեան ձեռքով, որի ղեկավարը 2020 թ. նոյեմբերի 9-ին հերոսաբար կռուող բանակի եւ նրա մէջքին ամուր կանգնած հայութեան թիկունքում դաւադիր գործարքի մէջ մտաւ թշնամու հետ եւ անձնատուական համաձայնագիր ստորագրեց:

2020 թ. նոյեմբերի 9-ին հայ ժողովրդի թիկունքում կնքուեց, այսպէս կոչուած, հրադադարի համաձայնագիր, որը ստորագրեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը: Ինչպէս տեսնում ենք, ի տարբերութիւն 1994 թ. մայիսի 12-ի զինադադարի պայմանագրի` Արցախի Հանրապետութիւնը նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չէ, եւ, ի տարբերութիւն մայիսի 12-ի զինադադարի պայմանագրի, նոյեմբերի 9-ի անձնատուական համաձայնագիրը Հայաստանի Հանրապետութեանը դրեց ծանր դրութեան մէջ, Արցախի Հանրապետութիւնը կորցրեց իր տարածքի 75 %-ը, որի մեծ մասը պարզապէս յանձնուեց թշնամուն: Այդ փաստաթղթում սահմանուած է հետեւեալը.

«1.- 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկովեան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ` Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2.- Աղդամի շրջանը վերադարձւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը:

3.- Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում` հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր աւտոմոբիլային եւ յատուկ տեխնիկա:

4.- Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայուելու է 5 տարի ժամկէտով, որը ինքնաբերաբար երկարաձգուելու է հերթական 5-ամեայ ժամկէտով, եթէ միայն Կողմերից որեւէ մէկը տուեալ ժամկէտի աւարտից 6 ամիս առաջ չյայտարարի սոյն դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին:

5.- Հակամարտութեան Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողութեան արդիւնաւէտութիւնը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծւում է խաղաղապահ կենտրոն:

6.- Հայաստանի Հանրապետութիւնն Ազրպէյճանի Հանրապետութեանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը` մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 քմ լայնութեամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում` շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ:

Կողմերի համաձայնութեամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար յառաջիկայ երեք տարիների ընթացքում պիտի հաստատուի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից յետոյ ռուսական խաղաղապահ զօրակազմը կը վերատեղակայուի` այդ երթուղին պաշտպանելու համար:

Ազրպէյճանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկութեան անվտանգութիւնը երկու ուղղութիւններով:

7.- Ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ:

8.- Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահուող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

9.- Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակւում են: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է տրանսպորտային կապերի անվտանգութիւնը Ազրպէյճանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ` երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցութեան հսկողութիւնն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայութեան մարմինները:

Կողմերի համաձայնութեամբ կ՛ապահովուի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը եւ Ազրպէյճանի արեւմտեան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարութիւնը»(8):

Այս փաստաթղթով Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախի տարածքի 75 %-ը, այլեւ թուրքը, աւելի քան հարիւր տարի առաջ նախ Արամի, յետոյ Նժդեհի շնորհիւ վիժեցուած պանթիւրքիզմի ծրագրին հետամուտ, յայտնուեց իր համար անհասանելի երազանք դարձած Զանգեզուրում: Շուշիի եւ Արցախի կորստով Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է կործանման վտանգի առաջ, քանի որ Հայաստանի Հանրապետութեան դարպասները բացուած են թշնամու առաջ, թշնամին, փաստօրէն, նոյեմբերի 9-ից յետոյ առանց ջանք թափելու ստանում է այն ամէնը, ինչ ուզում է` Սոթք, Որոտան, Երասխ, Նոր Այգեձոր, Կութ, եւ ՀՀ այլ գիւղերին իշխող բարձունքները առանց դիմադրութեան յանձնուել են թշնամուն: Այս ամէնով չբաւարարուելով` թշնամին պահանջում է միջանցք Մեղրիով, ինչը կը կտրի Հայաստանի Հանրապետութիւնը Իրանի Հանրապետութիւնից եւ օղակի մէջ կը վերցնի Հայաստանը:

Ի՞նչ անել փրկելու համար Հայաստանի Հանրապետութեան մնացորդացը: Ի հարկէ գլխաւոր պայմանը պետական դաւաճանութիւն գործած անձին պետութեան ղեկավարի պաշտօնից հեռացնելն է, ինչը, ինչպէս տեսնում ենք, բաւականին բարդ է, քանզի նա դեռ անելիքներ ունի թշնամու շահերը սպասարկելու տեսանկիւնից, միաժամանակ հայ հասարակութեան մի որոշ հատուած (թերեւս` արդէն ոչ մեծաթիւ) դեռեւս չի ընկալել տեղի ունեցած ակնյայտ դաւաճանութեան փաստը: Այնուամենայնիւ, հաշուարկուած գործողութիւնների եւ ճիշդ քայլերի շնորհիւ դեռեւս որոշակիօրէն պահպանուած պետական հաստատութիւնների հիմքի վրայ կարելի է կրկին ոտքի հանել հայկական պետականութիւնը, ինչը օրակարգային հարց է, եւ կարծում ենք` ոչ այնքան երկար ժամանակ անց հնարաւոր կը լինի ամբողջական իշխանափոխութեամբ պետականութեան առողջացման, ինչո՞ւ չէ, նաեւ վերականգնման գործընթացի սկիզբը դնել: Հայաստանի Հանրապետութեան հետագայ գոյութեան համար անհրաժեշտ են ամուր Սիւնիք եւ ապահով Արցախ, հետեւաբար պէտք է հնարաւորինս արագ դասեր քաղել սխալներից եւ կանգնեցնել հայոց պետականութեան անկումը. յապաղելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:

«Դրօշակ» թիւ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

 

Ծանօթագրութիւններ

  1. Վրացեան Ս. «Հայաստանի Հանրապետութիւն», Եր., 1993, էջ 508-509:
  2. Յարութիւնեան Վ. «Կարսի յանձնումը: Զինուորական դաւադրութեան վարկածը», «Վէմ» համահայկական հանդէս, Եր., 2018, թիւ 4 (64), էջ 317-318:
  3. ՀԱԱՅ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
  4. Վրացեան Ս., նշվ. աշխ., էջ 509:
  5. ՀԱԱՅ, ֆ. 1022, ց. 2, գ. 189:
  6. Մելքոնեան Ա., «Կարսի անկումը. պատճառներ եւ դասեր», «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2020, թիւ 10 (1644), էջ 44:
  7. https://www.azatutyun.am/a/30919562.html.
  8. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/.

Օգտագործուած աղբիւրների եւ գրականութեան ցանկ

ա) Աղբիւրներ

  1. ՀԱԱՅ, ֆ. 1022, ց. 2, գ. 189:
  2. ՀԱԱՅ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:

բ) Գրականութիւն

  1. Վրացեան Ս. «Հայաստանի Հանրապետութիւն», Եր., 1993:

գ) Մամուլ

  1. Յարութիւնեան Վ. «Կարսի յանձնումը: Զինուորական դաւադրութեան վարկածը», «Վէմ» համահայկական հանդէս, Եր., 2018, թիւ 4 (64):
  2. Մելքոնեան Ա. «Կարսի անկումը. պատճառներ եւ դասեր», «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2020, թիւ 10 (1644):

դ) Համացանցային նիւթեր

  1. https://www.azatutyun.am/a/30919562.html.
  2. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/.

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )