«Հայաստան» Խմբակցութեան Յայտարարութիւն

Յարգելի՛ հայրենակիցներ,

Գորիս-Կապան ճանապարհահատուածի Որոտան-Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարուած մնալ: Օգտուելով Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների թողտուութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից` Ազրպէյճանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել: Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով: Իրանից եկող բեռնատարներից Ազրպէյճանը մաքսատուրք է գանձում: Ձերբակալուել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը յայտնի չէ: Հոգեբանական ճնշումների են ենթարկւում այդ ճանապարհով երթեւեկող Հայաստանի քաղաքացիները, այդ թւում` անչափահասները:

Պաշտօնական Երեւանն օրինական է համարում ազրպէյճանցիների գործողութիւնները` յղում անելով Խորհրդային Ազրպէյճանի քարտէսներին եւ Գորիս-Կապան ճանապարհի վերը նշուած մասը համարելով ազրպէյճանական: Հայաստանի իշխանութիւնների այս հակապետական վարքագիծն է՛լ աւելի է լկտիացնում Պաքուին ու դրդում ազրպէյճանցիներին նոր սանձարձակութիւնների: Այսպէս շարունակուելու դէպքում Իրան-Հայաստան միջպետական M2 ճանապարհահատուածը գործնականում կը դադարեցնի իր գործնական նշանակութիւնը` Հայաստանի անվտանգութեան համար առաջացնելով լրջագոյն մարտահրաւէրներ:

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութիւնը սեպտեմբերի 13-ին նախաձեռնել էր Սիւնիքի մարզում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ քննարկում Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի ու այլ պատասխանատուների մասնակցութեամբ: Մինչեւ օրս խորհրդարանական մեծամասնութիւնը չի կազմակերպել այդ քննարկումը` փաստացի հրաժարուելով խորհրդարանական վերահսկողութիւն իրականացնելու սեփական լիազօրութիւններից եւ ժողովրդին հաշուետու լինելու պարտականութիւնից:

Յարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանութիւնների գոյութեան ամէն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է յանգեցնելու: Միայն ազգային նոր իշխանութեան ձեւաւորման դէպքում է հնարաւոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիւ խաղաղութիւն:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

18 սեպտեմբեր 2021

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )