Մեր Պայքարը Միշտ Եղել Եւ Մնում Է Թուրքերի Դէմ Այսօր Ինչպէ՞ս Ենք Հանդուրժում Թրքամէտներին

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Մի քանի օր է մխրճուել եմ 1988 թուականին սկսած արցախեան շարժման եւ դրան հետեւած պատերազմի, յաղթանակի մանրամասների` տեսագրութիւնների, թղթակցութիւնների, յուշագրութիւնների մէջ, հասկանալու համար ինչպէ՞ս, ինչպէ՞ս պատահեց, ո՞ւր սխալուեցինք, որ կորցրինք ամէն ինչ, որ` ձեռնունայն ու գլխիկոր ենք այսօր ե՛ւ ինքներս մեզ, եւ պատմութեան առջեւ:

Խորհրդային բռունցքի տակ, ամենածանր պայմաններում, յանպատրաստից արթնացած, առանց բանակի, զէնքի չգոյութեամբ, կամաւորական ջոկատներով, կռուող, պայքարող մի ամբողջ երկիր ազատագրած ժողովրդից յանկարծ բարեկեցիկ պայմաններում, բանակ ունենալով հանդերձ, վերածուեցինք երկիր յանձնած, հսկայական տարածք անտարբերօրէն կորցրած, կաթուածահար, անդամալոյծ, թուրք դաւաճան իշխանութեանը պաշտող անուղեղ ամբոխի:

Ի՞նչ պատահեց, որ այսքան արագ ու գահավէժ գլորուեցինք, երկիր ազատագրողից երկիր վաճառող-յանձնող դարձանք:

Չէ՞ որ դեռ կենդանի են այդ պայքարին մասնակցած հերոսները, զօրավարները, այդ յաղթանակած պատերազմից անհայր մեծացած սերունդը, որոնք խաղաղ, ապահով ապրեցին այդ ազատագրուած հողերում: Ո՞ւր են նրանք, ինչպէ՞ս են հաշտւում այս այլանդակ, աշխարհում չլսուած, չտեսնուած, բոլոր ժխտական իմաստները իր մէջ ամփոփող այս դաւաճանութեան հետ:

Երեւի Մենք Ընդհանրապէս Դէմ Ենք Յաղթանակած Ազգ Լինելուն: Մենք Գերադասում Ենք Ստորաքարշ Վիճակը

Չէ՞ որ դա է այսօրուայ մեր ճշմարիտ պատկերը, այլապէս ինչո՞վ արդարացնել մեր այս համակերպումը:

Եթէ 1988-ին խորհրդային բռնակալ իշխանութիւնը, գիտենալով հանդերձ, որ Արցախը Հայաստանից խլուած, ազերիներին յանձնուած տարածք է, եւ իրենց ոճիրը չընդունելով, շարունակում էին պաշտպանել Ազրպէյճանի շահերը` դէմ լինելով Արցախի ազատագրմանը, այսօր Հայաստանի իշխանութիւնն է դէմ եւ ամէն ջանք գործադրում է ազատագրուած սեփական երկիրը, իր տարածքները, կրկին Ազրպէյճանին յանձնելու:

Ինչո՞վ, Ինչպէ՞ս Արդարացնել Այս Ամէնը

Նախ ինչպէ՞ս պատահեց, որ խորհրդային ամենակալ Քա. Կէ. Պէ.-ի տեսողութիւնից դուրս մնաց Արեւմուտքի ջանքերով մեր երկրի ներսում տեղացի գործակալների հաստատումը, ի դէմս` ԼՏՊ-ի, նրան երկրի առաջնորդ կարգելով` իրենց բազմածաւալ ծրագիրը իրագործելը, այսինքն` մեր աշխարհագրական դիրքը ՕԹԱՆ-ին յանձնել, Արցախը` Ազրպէյճանին, Ռուսաստանին դուրս մղել մեր տարածքից:

Իր իշխանութեան տարիներին ԼՏՊ-ն իր ՀՀՇ-ականներով, որը ազգայինին հակադրուելու նպատակով ստեղծուած կազմակերպութիւն էր,որքան էլ  փորձեց Արցախի ազատագրումը չիրականացնել, չյաջողուեց, քանի որ երկրում պայքարում ու գործում էին հայրենանուէր, անձնուրաց անձինք, որոնք իրենց ձեռքը վերցրին Արցախի ազատագրման պայքարը:

Նոյնիսկ իր գահընկէց լինելուց յետոյ, Լեւոն կոչեցեալ այդ գործակալը իր վոհմակով անդուլ աշխատեց, ի վերջոյ իրեն իզուր չէին վարձել, որ վերջնականապէս լուծի Արցախի հարցը, նոյնիսկ հոկտեմբեր 27 կազմակերպեց` երկիրը մաքրելու հայրենասէրներից: Դա էլ իր արդիւնքը չտուեց: Երկրում իր ստեղծած անտանելի պայմաններում անգամ դեռ շատ էին անընկճելի հայրենասէրները:

2008-ին նա կրկին իր թաքստոցից յայտնուեց, փորձեց յեղաշրջումով իրականացնել իրեն յանձնուած հրատապ առաջադրանքը` մարտի 1 կազմակերպելով, սակայն այդ անգամ էլ Ռ.  Քոչարեանը կանխեց այդ վտանգը:

Եւ այսպէս, 30 տարի շարունակ Արեւմուտքին ծառայող լեւոնականների վոհմակը, նրանց ուղղորդմամբ, ի վնաս մեր երկրի շահերի, անդուլ ու ազատ շարունակեցին աշխատել երկրի ներսում` մեր վերջնական կործանման համար:

Տեսնելով Լեւոնի անկարողութիւնը, Արեւմուտքն այս անգամ նոր անձ պատրաստեց` նոյն վոհմակից ընտրելով ամենայարմարագոյն թեկնածուին, մարդկային արժանիքներից զուրկ, հայ հողի վրայ հասակ առած թուրքի, որը 3 տարում «ծափ ու ծիծաղով», իր խելագար ջղագարութեամբ կուլ տուեց ոչ միայն Արցախը, այլ ողջ երկիրը` իր ժողովրդով հանդերձ: Երկրում բռնապետութիւն հաստատելով` հայրենանուէր անձանց մեկուսացնել, նրանց լեզուն ու ձեռքը շղթայել:

Այս պահին իմ առջեւ է Բերդաձորի Անդրանիկի յուշագրութիւնը, իր գրառումը, իր ապրումները,իր խօսքը, որի իւրաքանչիւր էջը թերթելն անգամ այսօրուայ կորուստը հազարապատկող խարազան է, մի ողջ ժողովրդի ընտրած ինքնասպանութեան դէմ սրտակեղեք աղաղակ ու բողոք, դատապարտում, արթնացման, նոր պայքարի ճակատի հրահանգ:

Ինչո՞ւ եմ յատկապէս յիշատակում, կանգ առնում Բերդաձորի Անդրանիկի գործունէութեան վրայ, չէ՞ որ հերոսների մի հսկայ, անուանի բոյլ ունենք` իր հետ, իր կողքին, իրենից յետոյ պայքարած ու յաղթած:

Յիշեցնեմ. Անդրանիկ Յարութիւնեանը, նոյն ինքը` բերդաձորի Անդրանիկը, կամ Անդոն, Բերդաձորցի չլինելով հանդերձ, այդ անունը վաստակել էր իր եւ իր ընկերների կեանքի անսակարկ զոհաբերումով, ինքնակամօրէն, առաջինը հասել Բերդաձոր,երբ պատերազմ չկար, փրկութեան ձեռք մեկնել ազերիների ճիրաններում խեղդամահ եղող իր ժողովրդին: Հսկողութիւն հաստատել Բերդաձորի 4` Մեծ Շէն, Փոքր Շէն, Եղծահող, Ծաղկաձոր գիւղերում, մինչեւ իսկ արտադրամասեր ստեղծել:

Նա ձեռնածալ չնստեց ու սպասեց, թէ ե՛րբ Հայաստանի իշխանութիւնը տէր կը կանգնի իր տառապող հատուածին: Պայքարելու, կռուելու հրահանգի չսպասեց, զէնքը չյանձնեց ու ծեծ չկերաւ մի քանի լկտի ազերի զինուորներից: Յուսահատ չկանգնեց, իշխանութիւնից օգնութիւն չսպասեց գիւղի շուրջ, կամ լերան գլխին տեղաւորուող ազերիներից պաշտպանուելու համար: Ինչպէս այսօր է:

Նա Ինքնագլուխ, Ինքնակամ Որոշեց Իր Ժողովրդին Պաշտպանելու Առաքելութիւնը Ստանձնել

Ահա թէ ինչո՛ւ այսօրուայ մեր ընտրած անտարբեր, ծոյլ ու վախկոտ համակերպութեան համար հարկ եղաւ խօսել յատկապէս իր մասին, որովհետեւ այսօր մենք իրապէս Անդրանիկների կարիքն ունենք:

Թէեւ այսօր անիմաստ է ընդհանրապէս Արցախի ազատագրական պայքարի մասին խօսելը, երբ նորանոր ահռելի զոհերի գնով այն կրկին յայտնուել է իր հին կարգավիճակում:

Շատ է գրուել այդ ահռելի ազատագրական յաղթանակի մանրամասների մասին, եւ իմ ասելիքը ամենեւին նորութիւն չէ, սակայն ինչպէս հաստատեցին անցած 3 տարիների եւ յատկապէս վերջին 9 ամիսների իրադարձութիւնները, ցաւօք, այսօր ի սպառ աղաւաղուել, ոչնչացել, մոռացութեան է մատնուել այդ ամէնը, կարծես չենք ազատագրուել, պատերազմ եւ յաղթանակ չենք ունեցել, մինչեւ իսկ` մոռացութեան է տրուել 9 ամիս առաջ Արցախի նախապէս ծրագրուած յանձնումը թշնամուն:

Ներկայ իշխանութեան հայակործան, արցախակործան ջանքերով այնքան է աղաւաղուել 30 տարի առաջ ձեռք բերած այդ փառահեղ, անհաւատալի յաղթանակը,մինչեւ իսկ նսեմացել, որ ժողովուրդը այլեւս իրականութիւնը չի զանազանում իրեն հրամցուած նորագոյն յօրինուած ստորագոյն ստից:

Ժողովուրդն արդէն այնքան է բթացել, որ իր բթութիւնը այլեւս իրականութիւնը չի ընդունում, չի ընդունում ահռելի դաւաճանութիւնը, որի պատճառով կորցրեց ե՛ւ իր զաւակներին ե՛ւ ազատագրուած երկիրը, մինչեւ իսկ չի տեսնում իր գոյութեանը սպառնացող վտանգը:

Այո՛, այո՛, ժողովուրդը բթացել է, այլ որակաւորում անհնար է տալ: Այլապէս ինչո՞վ արդարացնել այն անտարբերութիւնը, այն հանգստութիւնը, որով նա ընդունեց իր 10 հազար որդիների տառապանքով, նրանց երիտասարդ կեանքի սպանդով ազատագրուած տարածքների ծրագրուած յանձնումը թշնամուն:

Ինչո՞վ բացատրել թշնամուն հայրենի տարածքները նուիրած ղեկավարի «Ղարաբաղը Ազրպէյճան է եւ վերջ» բարբաջանքին ժողովրդի ձայնակցումը, համաձայնումը, կրկնումը եւ ամենակարեւորը` նրան հանդուրժելը եւ դեռ որպէս երկրի ղեկավար նրան ընտրելն ու պահելը:

Մենք Ի Սպառ Կորցրել Ենք Ազգային Արժանապատուութիւն Կոչուած Յատկութիւնը 

Եւ այսպէս, խճճուելով անցեալի հերոսութեան ու այսօրուայ համատարած դաւաճանութեան առուծախում, կրկին փնտռում եմ մեր բացթողումները, որոնք մեզ կանգնեցրին այս կործանարար վիճակի առջեւ:

Ժողովուրդը ինքնամխիթարութեան մի բանաձեւում ունի, ասում է` «Ինքն իրեն ընկնողը չի լալիս»: Գուցէ դրանով ենք արդարանում, քանի որ մենք ենք ընտրել այս դաւաճանին եւ հանդուրժում ենք օրէ օր էլ աւելի բացայայտօրէն կատարուող նրա թշնամութիւնը իր սեփական երկրի հանդէպ:

Ուրեմն մենք մեզ ենք մեղադրելու, մեր անկարողութեանը, մեր համակերպուելուն, երկրի հանդէպ ունեցած ՄԵՐ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻՆ, ՔԱՆԶԻ ՄԵՆՔ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԴԱՒԱՃԱՆՆԵՐԻՆ, ՈՉ ԹԷ ԻՐԵՆՔ` ՄԵԶ:

Պարզւում է` նուիրուածութիւնը երկրին ու յատկապէս Արցախին, մեզ համար իշխանութեան հետ է կապուած:

Պարզւում է, մեր տրամաբանութեամբ,երկիրը պատկանում է միայն մէկ անձի, եւ ժողովուրդը անգլուխ, անզգացում մի վոհմակ է, որին ո՛ր ուղղութեամբ ասես տանում է այդ մէկ անձ յորջորջուածը:

Եթէ նա համարում է, որ Արցախը աւելորդ բեռ է եւ պէտք է ազատուել դրանից, վոհմակը համաձայնւում ու միանում է իրեն:

Եթէ նա արգելում է բանակին միջամտել ազերիների ոտնաձգութիւններին, վոհմակը կրկին համաձայնւում է:

Բայց ինչպէ՞ս պատահեց, որ նոյն ազգի մէջ գտնուեցին մարդիկ, որոնք անվախօրէն Ո՛Չ ասին առաջին դաւաճանին` Լեւոնին, նրա նոյն կարգախօսին, որն այսօր նոյնութեամբ կրկնում է իր սանիկ դաւաճանը:

Չէ՞ որ առաջինը Լեւոնն էր Արցախը բեռ համարող, այդ պատճառով էլ ժողովրդին մատնեց անտանելի զրկանքների, որ նրանց ծնկի բերի, որ այն չազատագրեն: Սակայն այդ օրերին երկիրը աւելի շատ ղեկավարում էր ոչ թէ ԼՏՊ-ն, այլ` իրական հայրենանուէրների մի հսկայական բանակ, որոնք իրեն չէին ենթարկւում:

Դրանց դէմ Լեւոնի վրէժը այն եղաւ, որ ազատագրուած երկիրը դարձրեց բանակցութիւնների քաշքշուք, իսկ հայրենասէրներին վերացրեց` վստահ լինելով, որ մի օր իր հետեւորդի միջոցով Արցախի հարցն էլ  վերջնականապէս կը վերացնի հայկական կեանքից: Այդ մէկը այս դէպքում իր սանիկ Նիկոլը եղաւ, որը երկիրը այդ ուղղութեամբ է տանում:

Իրապէս, որքա՛ն կարեւոր է մարդու կենսագրութիւնը:

Միջահասակից բարձր, վտիտ, վճռական աչքերով, մարմնում թշնամու արկի բեկոր, թանձր բեղ-մօրուքով, Երեւանում ծնուած Անդրանիկ Յարութիւնեանը, որն աւարտել էր Ս. Փեթերպուրկի մանկավարժական համալսարանը, Հայաստանի Գրողների միութեան անդամ,1988թ սկիզբ առած արցախեան շարժման, Հայ դատ կազմակերպութեան հիմնադիր նախագահ, ՀՅԴ անդամ, մի կողմ թողնելով իր մասնագիտութիւնն ու ներքին ձգտումը, իր բանաստեղծութիւններն ու պատմուածքները, ստեղծել էր առաջին կամաւորական ջոկատները Մեղրիում, Նոյեմբերեանում, իսկ 1989-ին ինքնակամօրէն որոշում է տէր կանգնել հայրենի հողի այն «բեռ»  հատուածին, որն Արցախ էր կոչւում եւ յատկապէս հայրենիքին կապող` Բերդաձոր-Լաչին հատուածին: Նա գիտէր, որ այդ հատուածը կարեւոր է մեր երկու տարածքների միացման, ապահովութեան համար:

Պատահակա՞ն էր այդ ամէնը, ի հարկէ ո՛չ:

Մէկ տարեկանին որբ մնացած Անդրանիկին մեծացրել էր իր պապը` վանեցի Գրիգորը, որին թուրքերը խոշտանգել, հանել էին աչքերը` Ճեւտեթփաշայի բերանի մէջ թքելու համար, երբ ողջ գերդաստանին 28 հոգի այրել է իր աչքի առաջ: Իր կոյր պապի գուրգուրանքի եւ դաստիարակութեան հետ նա աճել է Եղեռնի պատմութեամբ եւ պատահական չէ, որ գրել է` «Ես եւ Եղեռնը միասին, նոյն տան մէջ ենք ապրել 30 տարի»: Իսկ ով մեծացել, հասունացել է այդ պատմութեամբ, նա չի կարող հանդուրժել, կամ ներել թուրքին: Երբե՛ք:

Անդրանիկը զանց առնելով ամէն արգելք ու վտանգ` նետւում է թուրքի ստորացման տակ ապրող իր հայրենակիցներին պաշտպանելու:

ՕՄՕՆ-ականները, ռուսական զօրքերի հովանաւորութեամբ, յատկապէս Բերդաձորի (Բերձոր) վրայ էին կենտրոնացել` գիտակցելով այդ հատուածի կարեւորագոյն նշանակութիւնը: Դա Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ իրար կապող անմիջական օղակն էր:

Ահա թէ ինչպէ՛ս է ներկայացնում իրավիճակը Անդրանիկը իր օրագրութիւնում. «Բերդաձորը խորհրդայնացման 70 տարիներին աստիճանաբար ընկղմուել էր հոգեվարքի մէջ, ամէն րոպէ հոգին աւանդելու սպասումով: 28 հայկական շէն գիւղերից մնացել է 5-ը, որից մէկը արդէն հայաթափուած է, իսկ ներկայիս 4 հայկական փոքրիկ խղճուկ գիւղեր են մնացել, ուր ապրում է մօտաւորապէս 800 հայ բնակչութիւն: Բերդաձորը սահմանային գօտի է Հայաստանի ու Արցախի միջեւ, որը ոչ միայն դիմակայել ու դիմակայում է ազրպէյճանցիների, այլեւ խորհրդային բանակի բռնութիւններին: Բերդաձորով է անցնում Հայաստան տանող ամենակարճ ճանապարհը: Դիմացը Լաչինն է, հետեւում` Շուշին, շրջապատուած 82.000 ազրպէյճանցիներով: Կարճ ասած` Բերդաձորը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մէջտեղում սահման է»:

Ազրպէյճանը իր թիկունքին ունենալով խորհրդային իշխանութեան ամբողջական զօրակցութիւնը, Գետաշէնում, Բերդաձորի շրջանում օրէօր ուժեղացնում էր հայաթափման իր ծրագիրը: Բերդաձորցիներին ազերիները ընդամէնը 3 օր ժամանակ էին տուել` ազատել շրջանը, հեռանալ:

Սրտի կաթուածով հիւանդանոցից փախնելով, իր փոքրիկ խմբով, ընդամէնը 29 հոգի, 1989-ի մայիսին Անդրանիկը ոտքով փորձում է կտրել- անցել Կոռնիձորն ու Լաչինը, սակայն ընկնելով շրջափակման մէջ, յայտնուելով 4 թուրքական գիւղերի մէջտեղում, առաջին անցումը ձախողւում է:

Չյուսահատուելով, ամառուայ 40 աստիճան տօթին, ջրի բացակայութեամբ, որին չդիմանալով իր խմբից 10 հոգի հրաժարւում, ետ են դառնում, այսուհանդերձ, երկրորդ անգամ Անդրանիկի 19 հոգիանոց խումբը Գորիսի կողմից`  «7 քմ թրքական պատնէշը մենք անցանք 12,5 ժամում, գիշերուայ ընթացքում, լեռները կտրելով, իւրաքանչիւրիս ուսապարկը կշռում էր 45-50 քկ», ոտքով հասնում է Բերդաձոր` որպէս զինամթերք ունենալով ընդամէնը մէկ թրքական քարապին, 18 որսորդական հրացան: Գիշերով հաստատւում են Մեծ Շէնում` թաքնուելով թուրքի տան կտուրում, առանց իմանալու, որ ներքեւում թուրք է ապրում: Այսինքն թուրքն ամէնուր է եղել, անմիջապէս իրենց մէջ:

«Մեր հասնելն այնտեղ որքան օրհասական, այնքան էլ բերդաձորցիների համար բարոյական յաղթանակի խորհրդանիշ էր», գրում է նա:

Անդրանիկը Բերդաձորում մնացել է 3 տարի` շրջանը պաշտպանելով ազերիների ամէնօրեայ յարձակումներից, դառնալով նրանց ամէնօրեայ մղձաւանջը:

Ազերիների սարսափն էր դարձել այս վտիտ երիտասարդը, նրանք նոյնիսկ յայտարարել են,  որ` «Մի նոր Անդրանիկ է յայտնուել Ղարաբաղում, որը մեծ վտանգ է մեզ համար: Նայէք նրա ցասումով լի աչքերին, եւ եթէ հանդիպէք, ոչնչացրէք տեղնուտեղը», եւ 5 միլիոն ռուբլի էին առաջարկել նրա գլխի համար:

Բարեբախտաբար Նիկոլը այդ օրերին ոչնչութիւն էր, եթէ ոչ` այդ գումարն էլ վաղուց ստացած կը լինէր: Բայց վստահաբար իր հոգեհայր ԼՏՊ-ն այդ գումարը ստացաւ, որովհետեւ ի վերջոյ մի պարզ ինքնաշարժի արկածով 1992-ի օգոստոսին ազերիների ցանկութիւնը իրականացրեց: Բերդաձորցի Անդրանիկը զոհուեց Այնթապ-Երեւան մայրուղում, իր հայրենասէր ընկերոջ` Արտակ Արզումանեանի հետ, որբացնելով իր երկու զաւակներին եւ կնոջը:

Ոչ ոք այսօր չի յիշում այն թանկագին զոհողութիւնները,որով ազատագրուեց ու ոտքի կանգնեց, կրկին հային վերադարձուեց պապենական երկիրը:

Մի՞թէ ընդամէնը մի դաւաճան իշխանութիւն էր պէտք ոչնչացնելու, ետ թուրքին յանձնելու աննկարագրելի հերոսութեամբ ձեռք բերուածը: ՀԵՐՈՍՈՒԹԻՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂԵԼ ԷՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՆԹԱՐԿՈՒԱԾ ՀԱՅԻ ՈՂՆԱՅԱՐԸ` ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ, ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻՑ ՅԵՏՈՅ:

Ճիշդ է` այս վարչապետի աթոռը զբաղեցնողին ողջ ժողովրդով ընտրեցինք, բացարձակապէս անտեղեակ նրա ով լինելուց: Դաւադրաբար նրա ողջ գործունէութիւնը շատ վարպետօրէն թաքցրեցին, սակայն երբ արդէն թուրքին ծառայող իր ողջ գործելակերպն ու էութիւնը բացայայտուած է, դեռ շարունակում ենք հեզ ու հնազանդ ենթարկուել իրեն, ընդունել մեր կործանումը: Հետեւաբար մենք չենք կարող այլեւս իրեն մեղադրել: Մենք միասնաբար ենք այդ կործանումը իրականացնում, այնպէս չէ՞:

Այսօրուայ իշխանութեան Արցախին պարտադրած իրավիճակները ամենեւին չեն տարբերւում նախքան ազատագրուած, խորհրդային պարտադրանքով ազերիներին յանձնուած վիճակից:

Եթէ 1923 թուականին խորհրդային իշխանութեան հրամանով այն մտաւ Ազրպէյճանի հսկողութեան տակ, այսօր Հայաստանի օտար գործակալ իշխանութեան առուծախում այն կրկին յայտնուեց իր նախկին կարգավիճակում: Եւ սա արդէն Արցախի վերջնական կորուստն է, նրա մահը:

Այսօր էլ իր ազատագրած տարածքներին կրկին տիրացած ազերիների ահից անօգնական, անպաշտպան մնացած ժողովուրդը վախ ու սարսափով, իրենց շէն տները այրելով, գերեզմաններից ետ հանելով իրենց հարազատների դիակները` դեռ անօգնական ու յուսահատ թափառում են: Մի ստուար մասն էլ ազերիների շրջափակումով խեղդուած, ամէն վայրկեան իր մահուան սպասումով է անցընում իր կեանքը:

Ինքներդ եզրակացրէք, 89 թուականին Անդրանիկի նոյն գրութեան մէջ կարդում ենք. «Երբ հասանք, ամէն տեղ` խեղճութիւն, տները կիսաւեր, բոլոր գիւղերում հատուկենտ ջահելներ: Ժողովրդի մէջ վախը տիրական էր, նրանք սարսափից չէին կարողանում քնել: Ազերիները նրանց հետ վարւում էին ստրուկ հպատակների պէս: Պաշտպանութիւն բացարձակապէս գոյութիւն չունէր: Մարդիկ գիշերները չեն քնում, իսկ ցերեկները սպասում են «ազատարար» զօրքին: Փետրուարի 17-ին, երբ խորհրդային բանակն աւերում էր Մեծ Շէն գիւղի խոզանոցը, թուրքերը յարձակում գործեցին Կիրով գիւղի կողմից, այրեցին տնտեսութեան մեղուանոցը` ռուսական զօրքի անմիջական հսկողութեամբ, որոնք արդարացան, թէ կրակելու հրաման չունեն: Մարդիկ ապրում են ծանր, պատերազմական օրեր: Միայն թէ կռուողներից մէկի ձեռքերը շղթայուած են, իսկ միւսինը` ազատ թողնուած»:

Կարծես այսօրուայ պատկերն է, այնպէս չէ՞:

«Երեք տարի հերոսական մաքառումով Բերդաձորը պաշտպանուեց, գիւղում զէնք չկար- շարունակում է նա,- բացի մի քանի որսորդականից: Հայաստանից ոչ մի օգնութիւն: Մենք առաջին ծիծեռնակներն էինք: Հայերը անվերջ վախի մէջ ապրելով` կորցրել են իրենց պայքարի ոգին: Նրանց հետ ոչ մի յոյս չեմ կապում, քանզի նրանք շատ են անտարբեր եւ իներտ»:

Անասելի վտանգներ յաղթահարելով, կորուստներից չընկճուելով` ի վերջոյ իր խմբով կարողացել էր հաւաքագրել տեղացիների պայքարող ուժին, 4 գիւղերից կազմել ինքնապաշտպանութեան ջոկատներ, ստեղծել պարետային ժամ, 24 ժամեայ հսկողութիւն:

«Երբ նոր հասանք Բերդաձոր, Մեծ Շէնում ապրում էր 34 թուրք ընտանիք, հիմա մէկը չկայ», գրել է նա:

«Հոկտեմբեր 8, երկուշաբթի, արդէն քանի ամիս ո՛չ քուն, ոչ՛ դադար: Այսօր մեր 3 կորածները գտնուեցին: Մեծ Շէնից թուրքերը տարել են 30 կով: Մօտ 5 ժամ չարչարուեցինք լեռներում  ու ձորերում, գործողութիւնը անցաւ յաջող, լրիւ ետ ենք բերել, 4 ցուլ էլ աւել: Թուրքերը փախան: Ուժեղ մառախուղ է, ոչինչ չի երեւում, մութն էլ ընկաւ, ձնախառն անձրեւ սկսուեց, լրիւ թրջուել ենք: Ճանապարհին սկսեցին կրակել մեր յետեւից, բայց մեզ յաջողուեց Մեծ Շէն հասնել` լրիւ ջուր ու ցեխ դարձած»:

«Հոկտեմբեր 29-ը, կիրակի,- շարունակում է նա,- օրը մառախլապատ է ու խոնաւ: Այսպիսի օրերին քննում ես արած ու չարած գործերդ, յիշում այն բոլոր մանրուքները, որոնցով մի ժամանակ երջանիկ ես եղել: Յիշեցի երեխաներիս, կնոջս, պապիս, բայց կռուի ժամանակ չի կարելի թուլանալ, ես զինուոր եմ, ողջ էութեամբ նուիրուել եմ զէնքին: Հարկաւոր է յաճախակի կարդալ Նժդեհ: Մեր փրկութիւնը միայն ու միայն «ցեղակրօնն» է ու կուսակցութիւնը` ՀՅԴ-ն»:

Շարունակենք իր օրագրի ընթերցումը. «Բերդաձորում իրական մեծ պատերազմը սկսուեց 1990թ, հոկտեմբեր 8-ից, Մեծ Շէն գիւղի վրայ յարձակումից, որը շարունակուեց 13, 17-ին: Հակառակ կողմը իր կորուստներից աւելի գազազած, աւելի էր ուժեղացնում իր զինուած խմբերը: Հոկտեմբեր 21-ին սկսուեց իր ծաւալով նմանը չունեցող ճակատամարտը, այն տեւեց 5 ու կէս ժամ: Նրանք զինուած էին ինքնաձիգներով, գնդացիրներով, մէկ ուղղաթիռ: Մերոնք կռւում էին 40 հոգով 400-ի դէմ: Այդ կռւում հրաշքներ գործեցին մեր տղաները: Դա իսկական հայի կռիւ էր, մեր կողմից զոհ չեղաւ, հակառակորդի զոհը մեծ էր: Ամբողջ նոյեմբեր ամսուայ ընթացքում 10 մեծ յարձակումներ եղան, ամէն անգամ էլ ետ շպրտեցինք ազերիներին»:

«Նոյեմբեր 1, պարզ դարձաւ, որ Սաֆոնովը գնալուց առաջ ուզում է Բերդաձորը հայաթափելու ծրագիրն իրագործել: Գիւղում դաւաճան կայ, որն անշուշտ պէտք է պատժուի: Շները պէտք է սատկեն շնավարի»:

Լսեցի՞ք. «ՇՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՍԱՏԿԵՆ ՇՆԱՎԱՐԻ»:

Իսկ նոյեմբեր 3-ին գրել է. «Ուրբաթ, այսօրուանից դադարեց իմ օրագրութիւնը: Մեզ ձերբակալեցին: Ինձ, Արթուրին, Սեւակին, Ռուբիկին: Մեզ ուղղաթիռով տարան Լաչին, այնտեղից գիշերով` Շուշիի բանտ, ուր դրսում թուրք ցուցարարները պահանջում էին մեր գլխատումը: Հրաշքով փրկուեցինք»:

Նա միայն Բերդաձորում չէր, այլ ամէնուր էր, երբ ժողովուրդը, կամ իր խմբակիցներն էին վտանգի մէջ: Միայնակ Ամերիկա հասցրեց Բերդաձորի, Ղարաբաղի ազատագրման հարցը:

Երբ 1991թ. իր խմբակիցներից 5 զինուորներ գերուեցին եւ Պաքուի բանտ նետուեցին, ուր նրանց գնդակահարութեան դատապարտեցին, Անդրանիկը այսօրուայ իշխանութեան նման լուռ ու անտարբեր չնստեց: Նա հասաւ Միացեալ Նահանգներ, հանդիպեց ամերիկեան քաղաքական գործիչների եւ Ճ. Պուշի հետ, որի արդիւնքում Ազրպէյճանի նախագահ Մամետովը կանխեց հայ գերիների գնդակահարութիւնը: Թէեւ Պուշը օգնեց այդ հարցում, սակայն Անդրանիկը այդպէս էլ չիմացաւ, որ հէնց այդ երկիրն է Արցախը կործանողը: Նրա ծրագրով մեր երկրում կարգուած իր գործակալներն են ազերիների հետ համաձայնեցուած գործում»:

Անդրանիկը արթնացրեց ժողովրդին մինչեւ իսկ Ամերիկայում, դրամահաւաք կազմակերպեց` այդ օգնութիւնը Արցախ հասցնելու:

Այդ օրերից մէկում էլ ես բախտ ունեցայ ծանօթանալու այս անձնուէր հայրենասէրին, համեստագոյն եւ զարմանալի ուժ ներշնչող հային:

«Մենք գիտէինք, որ հողային պահանջները միայն, կռուով են լուծւում, եւ դրա համար ժողովրդին պէտք էր պատրաստել», գրել է նա:

«Իւրաքանչիւր ժողովուրդ վայելում է իր ցանածի պտուղը,- շարունակում է նա: -Անթոյլատրելի է մտածել, կամ սպասել, թէ մէկը կը գայ ու մեր փոխարէն գործ կ՛անի»:

Այսօր ցաւալիօրէն այդ խօսքերը մեր իրական դէմքն է: Անօգնական ու թեւաթափ օտարի դռներն ենք թակում, որ մեր ձեռքով յանձնած տարածքները փրկեն:

Եւ նոյն իր գրութեան մէջ նա տալիս է մեր այս վիճակի ճշգրիտ վերլուծումը: Ահա այն.

«Վերջին կէս դարում մենք մոռացել էինք, հաշտուել էինք մեր ունեցած քչի հետ, մեր ճակատագրի: Մենք կորցրել էինք մի քանի սերունդ, որոնք ցաւալիօրէն չունեցան հայրենիքի զգացողութիւն եւ կուլ գնացին ինչ-որ գաղափարների` ազգադաւ, հայրենիք չճանաչող ազգուրաց եւ ստոր: Եւ ահա մեր սերունդին բախտ վիճակուեց կանգնեցնելու նրանց ժամանակը, դուրս գալու այդ ուշագնաց վիճակից եւ պատերազմելու: Մենք սկսում ենք մեր նորագոյն պատմութիւնը»:

Լաւ է, որ մեր հերոսները չիմացան, որ իրենց ստեղծած այդ ՆՈՐԱԳՈՅՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ կրկին ջնջուեց, հէնց իր բնորոշումով, «հայրենիք չճանաչող, ազգուրաց ու ստոր ազգադաւ սերունդի կողմից», որոնք անցնող 30 տարիներին սնուելով յաղթանակի պտուղներից` յղփացան այնքան, որ մոռացան իրենց ազգային պատկանելիութիւնն ու պարտականութիւնը:

Եւ հէնց նրանք իրենց անհայրենիք էութեամբ կարողացան այս հերոսների ստեղծած ՆՈՐԱԳՈՅՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ջնջել, ոչնչացնել եւ հպարտանալ իրենց կորուստներով, դեռ աւելի՛ն, հպարտանալ իրենց դաւաճանութեամբ:

Ուրեմն անհայրենիք գաղափարը աւելի հզօր է, քան` ժողովրդի ազատատենչ ոգին, քան` ժողովրդի ցասման պոռթկումը, քան` հայրենիք ունենալու մարդկային անհրաժեշտութիւնը:

Մի՞թէ կրկին 70 տարի ենք սպասելու, որ ազատագրենք այս անգամ էլ հայ դաւաճանների կողմից կրկին թուրքին յանձնուած մեր տառապած Արցախը:

Դէպքերի, վիճակների այս կրկնութիւնը մի՞թէ մեզ ոչինչ չի ասում:

Մի՞թէ ջնջելու ենք մեր առաջին ամենամեծ յաղթանակը, ջնջելու ենք մեր վերջին 10 հազար զոհերի նուիրաբերումը միայն այն բանի համար, որ մեր երկրում թուրք իշխանութիւն է տիրում, եւ ժողովուրդը ինքնակամ հպատակւում է, մինչեւ իսկ` պաշտում:

Ձեր մտքերում ուզում եմ դրոշմել Անդրանիկի մարգարէութիւնը, որն իրականացուեց աւելի ուշ, 30 տարի յետոյ:

«Համոզուած եմ, եթէ նոյնիսկ անկախանանք,  Արցախը հայաթափուելու է, այսինքն ինչ որ ուզում է Ազրպէյճանը, մենք ինքներս ենք անելու: Իսկ մենք պահանջատէր ենք: Զարմանալի է նոյնիսկ, որ 1988-ին մենք ասում էինք` Ղարաբաղն ուզում է ինքնորոշուել: Ո՛չ, մենք պահանջատէր ենք, մեզանից հող են վերցրել ու տուել նրանց, հիմա ժամանակն է այդ հողը վերադարձնելու: Ինչո՞ւ ենք վախենում հող ուզելուց»:

Դեռ 3 տարի առաջ ցաւում էի, որ իրեն, իր ընկերներին, մեր հերոսներից շատերին այդպէս էլ բախտ չվիճակուեց տեսնելու, վայելելու ազատագրուած ու ծաղկում ապրող Արցախը: Սակայն այսօր ուրախ եմ, որ նրանք չտեսան մեր այս անկումը, մեր ստորացումը, իրենց նուիրաբերած ամենաթանկագին` կեանքի ոչնչացումը: Չտեսան եւ չիմացան, որ այսօր մենք ոչ թէ հող ենք ուզում, այլ հող ենք նուիրում:

Բայց չէ՞ որ մեր պայքարը հարիւրամեակներ եղել եւ մնում է թուրքերի դէմ:

Ժամանակն է հետեւենք Անդրանիկների օրինակին: Արհամարելով ներկայ դաւաճան բռնապետի արգելքները` մարդկային ու պաշտպանութեան ուժ հասցնենք, պաշտպանենք մեր սահմանները եւ երկիրը մաքրենք ներքին թրքամէտներից, որպէսզի կարողանանք մէկընդմիշտ ապրել առանց թուրքերի, որպէսզի մեր հերոսների նուիրաբերած արիւնը ոտնակոխ չանենք:

20 յուլիս 2021

 

 

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (1)
  • Արմենակ Եղիայեան 3 weeks

    Կարելի է միայն ապշիլ, թէ կին մը իր մէջ ինչպէ՞ս կրնայ այսքան թոյն ու մաղձ կրել եւ…շնչահեղձ չըլլալ:

  • Disqus ( )