Յայտարարութիւն ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի

Հայոց ցեղասպանութեան 106-ամեակի նախօրէին Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը` Նիկոլ Փաշինեանը եւ իշխանական շրջանակները հանդէս են գալիս հայ-թուրքական եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորման, Թուրքիայի եւ Ազրպէյճանի թշնամական պետութիւնների հետ «ոչ թշնամական» յարաբերութիւնների ձեւաւորման յայտարարութիւններով եւ «խաղաղասիրութեան» ուղղակի կամ սքողուած ազգադաւ քարոզով, որոնք հեռաւոր աղերս անգամ չունեն հայ ժողովրդի ազգային շահերի, իղձերի, նկարագրի եւ արժեհամակարգի հետ:

Ակնյայտ է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները ոչ միայն չեն գիտակցել եւ չեն վերաիմաստաւորել իրենց անցեալի սխալները եւ անհրաժեշտ հետեւութիւններ չեն արել դրանցից, այլեւ գնում են նոր` աւելի վտանգաւոր սխալների եւ արկածախնդրութիւնների ճանապարհով, ինչը կարող է խիստ բացասական ազդեցութիւն ունենալ Հայկական հարցի, Հայ դատի եւ պահանջատիրական մեր պայքարի վրայ, որի հիմքում ընկած է մեր հայրենազրկումը, եւ որին այս պատերազմից յետոյ աւելացել է եւս մէկ հայրենազրկում` Արցախի տարածքի աւելի քան 75 տոկոսի եւ ազատագրուած շրջանների կորստի տեսքով:

Կասկածից վեր է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան չփարատուող մտահոգութեան, ապագայի յստակ տեսլականի բացակայութեան, հայկական իրականութիւնում տիրող հիասթափութեան, յուսահատութեան եւ անորոշութեան մթնոլորտի խորապատկերին, հայ-թուրքական եւ հայ-ազրպէյճանական հաշտեցման փաշինեանական ձեւաչափը կարող է իրականութիւն դառնալ միայն մեր ազգի պատմական յիշողութեան, պահանջատիրական պայքարի եւ ազգային արժանապատուութեան ոտնահարման հաշուին` նոր մարտահրաւէրների առջեւ կանգնեցնելով հայոց պետականութեանը եւ վտանգելով նրա գոյութիւնն ընդհանրապէս:

Եւ քանի դեռ Թուրքիան եւ Ազրպէյճանը չեն փոխել իրենց ընդգծուած հակահայկական քաղաքական ուղեգիծը եւ չեն հրաժարուել հայկական պետականութիւնը վերջնականապէս վերացնելու իրենց հրէշաւոր ծրագրից, յարաբերութիւնների կարգաւորման, սահմանների բացման եւ հաշտութեան մասին խօսելը ոչ այլ ինչ է, քան դաւաճանական գործողութիւն` սեփական հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ:

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէն խստօրէն դատապարտում եւ մերժում է Հայաստանի գործող իշխանութիւնների ազգադաւ վարքագիծն ու «խաղաղասիրական» կեղծ օրակարգը:

Հարկ ենք համարում մէկ անգամ եւս վերահաստատել, որ մեր պահանջատիրական պայքարն աննահանջ է, իսկ մեր իրաւունքները` անշրջանցելի եւ անժամանցելի:

Վստահ ենք, որ ի հեճուկս այս իշխանութիւնների նուաստացուցիչ վարքագծի եւ թուրքահաճոյ յայտարարութիւնների` հայ ժողովուրդը կը շարունակի իր պայքարը` յանուն մեր ազգային մեծ տեսլականի` Միացեալ Հայաստանի կեանքի կոչմանը:

ՀՅԴ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Թեհրան, 7 ապրիլի, 2021 թ.

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )