ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը Կոչ Կ՛ուղղէ Միջազգային Հանրութեան` Ճանչնալու Արցախի Անկախութիւնը

1-էն 2 ապրիլի լուսցող գիշերը ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը կազմակերպեց նախաձեռնութիւն մը «Մենք ենք մեր սարերը» յուշարձանին դիմաց` նուիրուած Ապրիլեան քառօրեայ պատերազմի 5-րդ տարելիցին: Միութեան անդամները ջահերով գրեցին «Recognize Artsakh», որով կոչ ուղղեցին միջազգային հանրութեան` ճանչնալու Արցախի անկախութիւնն ու դատապարտելու ազրպէյճանական յարձակումներն ու բռնութիւնները, քանի որ անտարբերութիւնը նոր պատերազմներու պատճառ կը դառնայ:

Այս առիթով ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը 2 ապրիլին հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ նշուած էր.

«Յարգելի՛ հայրենակիցնե՛ր, ինչպէս գիտէք, այսօր լրանում է ապրիլեան քառօրեայ պատերազմի 5-րդ տարելիցը: Ապրիլի 1 լոյս 2-ի գիշերը Ազրպէյճանը լայնածաւալ յարձակում սկսեց հայկական դիրքերի վրայ: Կիրառելով իր սպառազինութեան ողջ տեսականին, ունենալով մարդուժի զգալի առաւելութիւն թշնամին չկարողացաւ յաջողութիւն գրանցել: Աւաղ, հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար իրենց կեանքն են զոհել տասնեակ հայորդիներ: Յաւերժ փառք նրանց: Արցախեան շարժմամբ եւ ապա պատերազմում յաղթանակ տանելով հայը վաստակեց ազատ ապրելու իր իրաւունքը: Արցախը չճանաչեց մարդասէր աշխարհը, ինչպէս չճանաչուեցին ու չդատապարտուեցին Սումկայիթի, Պաքուի, Մարաղայի, Շուշիի ջարդերը, Հայոց ցեղասպանութիւնը: Աշխարհի այս անտարբերութիւնը թեւ տուեց թշնամուն, բացեց նրա ախորժակը եւ նրանք յանդգնեցին հրադադարից 22 տարի անց սուր ճօճել արցախցու դէմ եւ տեղի ունեցաւ 2016-ի քառօրեայ պատերազմը: Դարձեալ լռեց աշխարհը: Չէր տեսնում խաղաղ բնակչութեան խոշտանգումները, երեխաների մահը, զինուորների գլխատումը: Լռեցին, աչք փակեցին, ներեցին: Սակայն թշնամին չհանգստացաւ: Նա մեծ ախորժակ ունէր: Եւ աշխարհի այս անտարբերութիւնը ծնեց մի նոր դաժան պատերազմ: 2020-ի 44 օրեայ պատերազմում ազրպէյճանաթուրքական հրոսակախմբերը, սուրիական վարձկանների եւ այլ խոշոր պետութիւնների աջակցութեամբ կարողացան ճեղքել ռազմաճակատը եւ բռնագրաւել հայկական հողերը, իսկ մի մասն էլ նուէր ստանալ: Այս պատերազմում զոհուեցին հազարաւոր երիտասարդներ, տասնեակ խաղաղ բնակիչներ: Ու կրկին լռութիւն, ու կրկին անտարբերութիւն: Եւ այժմ էլ ազրպէյճանական խուժանները սկսել են ոչնչացնել ու պղծել մեր մշակութային օճախները, սրբավայրերը` ճիշդ այնպէս, ինչպէս արւում է Թուրքիայում:

Մենք, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներս, կոչ ենք անում միջազգային հանրութեանը ճանաչել Արցախի անկախութիւնը, դատապարտել Ազրպէյճանի նախայարձակումը, որովհետեւ ձեր լուռ անտարբերութիւնը մարդկային կեանքեր է խլում եւ ճակատագրեր է խեղում»:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )