Հայրենիքի փրկութեան շարժումի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանի ուղերձը` Կիներու միջազգային տօնին առիթով.
«Սիրելի՛ կանայք,
Այսօր մեր սէրն ու երախտագիտութիւնը ձեզ վերահաստատելու օրերից մէկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն էք, մեր ազգային քոտի շարունակողը եւ դուք անգամ 21-րդ դարում կրում էք այդ առաքելութիւնը:
Ձեզ հետ միասին մենք պայքարեցինք ու կերտեցինք մեր անկախութիւնը, յաղթեցինք պատերազմում, յաղթահարեցինք ցրտի ու մթի տարիներ, եւ այդ փորձութիւնների ծանր բեռը յատկապէս ձեր ուսերին էր:
Դուք չյանձնուեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք` հայրենիքն ամենաթանկն է: Եւ երբ պահն եկաւ, դուք հայրենիքին նուիրեցիք ձե՛ր ամենաթանկը:
Թանկագի՛ն մայրեր, խոնարհւում ենք ձեր առջեւ, այդ հերոսներին կերտողը դուք էք:
Սիրելի՛ կանայք,
Այսօր դուք յուսահատ էք, կորսուած երազանքներով ու չփարատուող ցաւով: Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի հայրենիք: Համոզուած եմ, որ թեւ ու թիկունք դարձած` մենք կը կերտենք այն Հայաստանը, որին արժանի էք դուք` հզօր, ազգային ու արժանապատիւ»:
ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ



