Հայրենիքի փրկութեան շարժումի համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան հրապարակած է հետեւեալ կոչը.-
«Դաւաճանի հանրահաւաքից առաջ արդէն ակնյայտ էր, որ այն, ըստ էութեան, բովանդակութիւն չի ունենալու, եւ Նիկոլն ասելիք չունի պարզապէս: Նա իր առջեւ ունէր դրուած ընդամէնը մի խնդիր` ամէն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ` ցոյց տալու համար, թէ ունի ժողովրդական աջակցութիւն:
Բայց հերթական անգամ ձախողուեց, որովհետեւ 10 մարզպետարանը, մօտ այդքան նախարարութիւնները, գրպանային սակաւապետները (սրանք յատուկ ջանք են գործադրում դաւաճանին աջակցելու համար եւ առանձին թեմա են), ՊԵԿ-ից մինչեւ Պետական վերահսկողական ծառայութիւն, դպրոցների, մանկապարտէզների տնօրէններ, կարճ ասած` պետական ամբողջ միջոցները գործի դնելով, կարողացաւ ապահովել այնքան մարդ, որքան Հայրենիքի փրկութեան շարժումը հաւաքում է իր ընթացիկ հանրահաւաքների ժամանակ:
Եւ չնայած բոլոր ճիգերին ու ջանքերին` կեղծ քարոզչութեանը, ֆոտոշոփերին, անգամ` ժողովրդի վանկարկումների ու կոչերի` բարձրախօսների միջոցով արհեստական ապահովմանը, Նիկոլը ստացաւ ընդամէնը ժողովրդական աջակցութեան պատրանք եւ ոչ աւելի: Նոյնիսկ կոկորդիլոսի արցունքները նրան չփրկեցին:
Ուստի սա Նիկոլի վերջին հանրահաւաքն էր` կարապի երգը, Նիկոլը վերջնականապէս կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանութեան: Եւ այլեւս ակնյայտ է ամէն ինչ. դաւաճանն աջակցութիւն չունի: Հայաստանում քաղաքական օրակարգն այլեւս թելադրւում է Բաղրամեան պողոտայից, բայց ոչ թէ պողոտայի յարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից:
Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը` (3 մարտին) 16:00-ին, սպասում ենք բոլորիդ Բաղրամեան պողոտայում կայանալիք հանրահաւաքին: