Համազգային Հայ Կրթական Եւ Մշակութային Միութեան Ծրագրերը Արցախում Շարունակւում Են

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը Արցախում ներդրումներ է անում եւ ծրագրեր է իրականացնում հայկական երկրորդ հանրապետութեան հիմնադրման օրուանից: Դաշնակցութեան ծրագրերը կեանքի են կոչւում ոչ միայն անմիջականօրէն կուսակցութեան կամ անհատ դաշնակցականների, այլեւ ուղեկից կառոյցների միջոցով: «Երկիր»-ը անդրադառնալով Արցախը ոտքի կանգնեցնելու ՀՅԴ ծրագրերին, այս անգամ ներկայացնում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ծրագրերին Արցախում:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը բաւականին երիտասարդ է` 3 տարի է, որ գործում է Արցախում, մինչեւ այդ հարցերը կարգաւորւում էին Երեւանի գրասենեակի միջոցով:

Համազգայինի Արցախի գրասենեակը ծրագրեր է իրականացրել Արցախի համարեա բոլոր շրջաններում:

«Արդէն 3 տարի է, որ ունենք գրասենեակ, բայց հասցրել ենք մի շարք ծրագրեր իրականացնել: Մեր գործունէութեան կիզակէտում գլխաւորապէս եղել են Արցախի սահմանամերձ գիւղական համայնքները, որոնք կտրուած են մայրաքաղաքի մշակութային կեանքից` հեռաւորութեան, ճանապարհների, այլեւայլ պատճառներով, եւ մեր նպատակը եղել է Համազգայինի ներուժը օգտագործել Արցախի սահմանամերձ համայնքներում մշակութային ու կրթական կեանքի աշխուժացման համար», ասաց Համազգային հայ կրթամշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը:

Կրթական ծրագրերը եղել են հանդիպումների տեսքով` աշակերտների ու երիտասարդների  հետ հանդիպումներ, քննարկումներ, մտաւոր, զարգացնող խաղեր, ստեղծագործող երիտասարդների հետ հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ: Նաեւ կազմակերպել են մի շարք ստեղծագործական մրցոյթներ, որոնք ընդգրկել են շրջաններում ապրող երիտասարդներին` նպատակ ունենալով ճանաչել, բացայայտել, ներկայացնել նրանց, ամրապնդել կապը համայնքների երիտասարդների եւ Համազգայինի միջեւ:

Արցախի մի քանի երիտասարդ արուեստագէտներ, որոնք շրջաններում են ապրում, անցած տարի հնարաւորութիւն են ունեցել մասնակցելու «Ես եմ» ծրագրին, որը կազմակերպւում է Համազգայինի Երեւանի գրասենեակի կողմից` Հայաստանի երիտասարդ արուեստագէտների հետ մէկտեղ:

«Այդ ծրագրին Արցախից եւս մասնակցել են եւ բաւականին հաւանութեան են արժանացել նրանց աշխատանքները», ասաց Հերմինէ Աւագեանը:

Իրականացրել են մի շարք հանդիպումներ Արցախի երիտասարդութեան հետ` փորձելով պարզել մշակութային, կրթական առկայ խնդիրները եւ փորձել օգտագործել Համազգայինի ներուժը` նպաստելու այդ խնդիրների ինչ-որ ձեւով լուծմանը:

Արցախի գիւղական տարբեր վայրերում կազմակերպել են թատերական ներկայացումներ, համերգներ, արուեստագէտների այցելութիւններ, որոնք այնտեղ տարբեր խմբակներ են անցկացրել:

«Ստեփանակերտում կազմակերպել ենք ցուցահանդէսներ, շնորհահանդէսներ, երիտասարդ գրողների հետ հանդիպումներ, շրջանաձեւ ընթերցանութիւններ եւ նման այլ ծրագրեր: Արցախի գրասենեակը նաեւ գրքեր է հրատարակել այս տարիների ընթացքում, գլխաւորապէս` գրականագիտական գրքեր, եւ փորձել ենք Համազգայինի միջոցով հեղինակներին ներկայացնել թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում», ասաց Հերմինէ Աւագեանը:

Արցախի գրասենեակը կազմակերպել է «Համազգային» խորագրով գրական-մշակութային տարեգրքի հրատարակումը, որտեղ ընդգրկուած են Արցախի գրական եւ մշակութային կեանքին առնչուող մի շարք յօդուածներ: Նպատակ ունեն շարունակական դարձնել այդ հանդէսի հրատարակումը, որի շնորհահանդէսը կայացել էր Պէյրութում եւ լայն արձագանգ է ստացել: Տարեգրքի արցախեան շնորհահանդէսը կայացել էր անցած տարի` Արցախի Տիգրանակերտում:

Արցախեան երրորդ պատերազմը, ինչպէս բոլորի, այնպէս էլ Արցախի գրասենեակի ամբողջ օրակարգը տակնուվրայ արեց, ասում է Հերմինէ Աւագեանը, բայց իրենց թիրախը շարունակեցին մնալ, ի հարկէ, կրթութիւնը եւ մշակոյթը:

Պատերազմի օրերին` նոյեմբերի 1-ից, Համազգային հայ կրթամշակութային միութեան Արցախի գրասենեակի առաջարկով կեանքի է կոչուել «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որն իրականացւում է Համազգայինի մեծ ընտանիքի հանգանակութիւնների, հովանաւորութեան միջոցով:

Ծրագրի էութիւնն այն է, որ պատերազմի օրերին` հէնց նոյեմբերի 1-ից, այն երեխաները, որոնք պատերազմի պատճառով տարհանուել եւ ապաստանել են Հայաստանի Հանրապետութեան տարբեր մարզերում, ինչ-որ չափով աջակցութիւն ստանան մշակոյթի ճանապարհով:

«Եւ կեանքի կոչեցինք արուեստի խմբակներ`  նկարչութեան, կաւագործութեան, թատերական խմբակներ, ինչպէս նաեւ շաբաթը մէկ անգամ հանդիպումներ` հոգեբանի հետ: Նաեւ մի քանի անգամ Երեւանի գրասենեակի հետ մէկտեղ կազմակերպել ենք մանուկների այցելութիւններ թանգարաններ, թատրոններ: Մինչեւ այսօր այս ծրագիրը շարունակւում է», ասաց Հերմինէ Աւագեանը:

Խմբակներ են բացուել Երեւանի գեղագիտութեան ազգային կենտրոնում, յետոյ արդէն` Դիլիջանում եւ Աբովեան քաղաքում:

«Մենք նպատակ ունէինք յունուարից, քանի որ երեխաները սկսեցին վերադառնալ Արցախ, ծրագիրը Երեւանում ընդհատել եւ շարունակութիւնը տեղափոխել Արցախ: Բայց, ինչպէս տեսանք, շատ երեխաներ, որոնք Հադրութից են, Շուշիից են եւ Ազրպէյճանի կողմից բռնազաւթած միւս տարածքներից են, չկարողացան վերադառնալ` տարբեր խնդիրներից ելնելով: Դրա համար Դիլիջանում, Աբովեանում ու Երեւանում հիմա շարունակւում են մեր արուեստի խմբակները, բայց մենք մեր գործունէութեան սլաքը կենտրոնացրել ենք Արցախի վրայ: Յունուարից արդէն Ստեփանակերտում գործում է արուեստի խմբակ, ինչպէս նաեւ` դասապատրաստման խմբակներ, որտեղ երեխաներին դասերից յետոյ ուսուցիչները օգնում են պատրաստուել դասերին», ասաց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը:

Երեւանի «Զանգակ» գրատան ցուցասրահում Արցախի գրասենեակը կազմակերպել է «Ես եմ Արցախը» խորագիրը կրող ցուցահանդէս, որին ներկայ է եղել նաեւ Համազգայինի կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը:

«Համազգայինի Արցախի գրասենեակը նաեւ փորձում է բանուկ պահել Արցախ-սփիւռք մշակութային կամուրջը, եւ պատահական չէ, որ այդ ուղղութեամբ համատեղ մի շարք ծրագրեր ենք իրագործել. օրինակ` Նիւ Ճըրզիի «Նայիրի» պարախմբի համերգները Արցախում, որին մասնակից ենք դարձրել նաեւ Արցախի համոյթներին: Ինչպէս նաեւ Աւստրալիայի Համազգայինի հետ մէկտեղ բերդաքաղաք Շուշիում կազմակերպել ենք Աւստրալիայի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդէս:

Նիւ Եորքի Համազգայինի վաստակաւոր անդամ, գրող, թատերագէտ, դոկտոր Հրանդ Մարգարեանի «Խրիմեան Հայրիկ» մենաթատրոնն ենք ցուցադրել Արցախի հանդիսատեսի համար, ինչպէս նաեւ Արցախի Գրողների միութեան հետ մէկտեղ կազմակերպել ենք Հրանդ Մարգարեանի 80-ամեակին նուիրուած ցերեկոյթ` գրողի մասնակցութեամբ», նշեց Հերմինէ Աւագեանը եւ յաւելեց, որ նման միջոցառումների ցանկը մեծ է:

Գրասենեակը աշխուժօրէն համագործակցել է Ստեփանակերտի պետական թատրոնի եւ Շուշիի տիկնիկային թատրոնի հետ: Անցած տարի Համազգայինի եւ Ստեփանակերտի պետական տրամաթիքական թատրոնի համագործակցութեամբ ծնունդ է առել արցախեան առաջին պատերազմին նուիրուած «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը լայն արձագանգ է ստացել Արցախում, ինչպէս նաեւ ներկայացուել է Հայաստանում կազմակերպուող ամէնամեայ «Արտաւազդ» թատերական փառատօնին: Ներկայացման հեղինակը Հերմինէ Աւագեանն է, իսկ բեմադրիչը` արցախցի երիտասարդ բեմադրիչ Ռուզան Խաչատրեանը:

Համազգայինի Արցախի գրասենեակը փորձել է նաեւ Արցախի մշակոյթը ներկայացնել սփիւռքում, եւ այդ նպատակով է, որ Պէյրութում ու Այնճարում, Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» պատկերասրահի հետ համագործակցաբար, կազմակերպել են Արցախի 14  նկարիչների աւելի քան յիսուն աշխատանքների ցուցահանդէս-վաճառք: Նոյն ծրագրի շրջանակում Պէյրութում կազմակերպուել են նաեւ Արցախի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառք:

«Նմանատիպ միջոցառումները պէտք է շարունակական լինէին, սակայն թագավարակի պատճառով յետաձգուեցին», ասաց Հերմինէ Աւագեանը: Նա նշեց, որ այսօր, առաւել քան երբեւէ, Արցախի մշակոյթը ներկայացնելու պահանջ ունենք, յատկապէս երբ մեր թշնամիները փորձում են տիրանալ ոչ միայն մեր տարածքներին, այլեւ` մեր հնամեայ մշակոյթին:

Արցախի Համազգային կրթամշակութային միութիւնը Պէյրութի «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ եւս համագործակցում է, եւ արդէն երկրորդ տարին է, ինչ Արցախի մի քանի լուսանկարիչների աշխատանքներ ընդգրկւում են հրատարակչատան կողմից տպագրուող պատի օրացոյցների վրայ:

«Այս տարի համագործակցութիւն ունենք նաեւ Պէյրութում հրատարակուող Համազգայինի «Բագին» գրական հանդէսի հետ եւ հանդէսի յաջորդ համարը նուիրուած է լինելու Արցախին, ներկայացուելու են Արցախի մի շարք գրողների ստեղծագործութիւններ», նշեց Արցախի գրասենեակի տնօրէնը:

Հերմինէ Աւագեանն ասաց, որ այսօր, երբ գտնւում ենք պատմական վճռորոշ ժամանակներում, երբ պատերազմից յետոյ շատ հարցեր ունենք չլուծուած, երբ մարտահրաւէրները աւելացել են, առաւել քան երբեւէ պէտք է ջանք ու եռանդ չխնայենք Արցախում մշակոյթի ջահը վառ պահելու համար: Համազգային կրթամշակութային միութիւնը, նրա խօսքով, քաջ գիտակցում է սա եւ լինելու է մշակոյթի պահպանման անխոնջ նուիրեալներից:

yerkir.am

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )