ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Ըստ շրջանառուող լուրերի՝ վերականգնուել են դէպի Ռուսաստան թռիչքները՝ Հայաստանի քաղաքացիների համար… եւ սպասելի ու միաժամանակ ցաւալի իրողութիւնը՝ արտագաղթը կարծես թէ աւելիով ինքն իրեն զգացնել տալու միտում ունի…:
Աւելին, այդ միտումը կորոնա պանդեմիայից յետոյ, հաստատապէս կրկնակի-բազմակի տարողութիւն է կրելու: Եւ լոկ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացին յուսալքուած է, ի տես իր ինքնիշխանութեան, քաղաքական եւ ինչու ոչ՝ ֆիզիկական եւ անմիջականօրէն սոցիալ-տնտեսական ու այլեւայլ տարրական պահանջների անվտանգութեան, որը յատկապէս յետպատերազմական ժամանակաշրջանում անհամեմատ խաթարուած է ի համեմատ նախորդ ժամանակաշրջանների նոյն ցուցանիշների…: Աննախադէպ ցաւով ենք արձանագրում այս փաստերը (ներուժ ու ներգործօն), յատկապէս իբրեւ Սփիւռքեան միաւոր, որի տեսլականն ու հայեցակէտը ձեւաւորուել-կայացել է հայի միջնաբերդ՝ Հայաստանով…։
* * *
Դարձեալ՝ նոյն շրջանառուող լուրերից տեղեկանում ենք, որ «Նոր Հայաստանի» առաջին տիկինը ծնունդը նշելու համար ԱՄՆ է մեկնել դստեր, երկու թիկնապահի (միգուցէ եւ իրենից անբաժան վարսայարդարի) ուղեկցութեամբ…
Միւս կողմից «Հին Հայաստանի» (ասել է թէ՝ նախկինների) երկրորդ նախագահի տիկինը իր տարեդարձը նշելու համար այժմ գտնուում է Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, իր իսկ ասութեամբ. «…. շրջապատուած բարեկամներով ու ընկերներով: Դժուար է այսօր, առանց յուզմունքն ու ցաւը թաքցնելու խօսել…»:
Նախկինների ու ներկայ-նորերի համեմատականի առնչութեամբ, ինչպէս ընդունուած է ասել՝ «NO COMMENT» կամ՝ առանց մեկնաբանութեան…: