Հոգով Ճորտերի Վարչապետը

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Ամէն անգամ, երբ գրիչ եմ վերցրել կամ նստել եմ համակարգչի առջեւ հրապարակախօսական յօդուած գրելու, ինքնաբերաբար գործել են ներքին կարմիր գծերը: Այս անգամ, սակայն, ինձ հազիւ թէ յաջողուի այդ սկզբունքը լիովին պահպանել, որովհետեւ դիմացինը բարոյականութեան ու քաղաքակրթութեան բոլոր կարմիր գծերը վաղուց է անցել: Խօսքս վարչապետի ինքնահռչակ տեղապահի մասին է:

Նիկո՛լ, դու մի վիճակում ես, երբ փորձում ես ամէն գնով դուրս պրծնել քո իսկ լարած թակարդից, բայց աւելի ու աւելի ես խճճւում նրա մէջ: Դու այլեւս թշուառութեան ու ողորմելիութեան մարմնացում ես, բայց քեզանից աւելի թշուառ ու ողորմելի են քեզ շրջապատողները, լինեն նրանք քո կուսակից պատգամաւորները, թէ գործադիր իշխանութեան ներկայացուցիչներ, որոնք դեռեւս ամբողջ խորութեամբ չեն գիտակցում իրենց ներկայ կարգավիճակից բխող պատասխանատուութիւնը:

Խուսափելով քեզ ուղղուած բոլոր կարեւոր ու սուր հարցադրումներից` դու, Նիկո՛լ, նորից ու նորից շարունակում ես մոլորեցնել առանց այն էլ անորոշութիւնների գիրկն ընկած մարդկանց` նրանց վախեցնելով պատերազմի հնարաւոր վերսկսման ուրուականով, եթէ մենք կամովին չզիջենք մեր հայրենիքի այն տարածքները, որոնց նկատմամբ յաւակնութիւններ է դրսեւորում թշնամին: Սիւնիքի Որոտան ու Ճակատէն գիւղերի բնակիչներին թշնամու հետ համակեցութեան յորդոր կարդալուց առաջ ընտանիքիդ հետ գնա եւ 2 գիշեր քնիր այդ գիւղերում, բայց` առանց պահպանութեան ծառայութեան աշխատակիցների: Եռակողմ յայտարարութեան մէջ, որի տակ նաեւ քո ստորագրութիւնն է, Նիկո՛լ, ոչ մի խօսք չկայ թշնամուն նոր տարածքներ յանձնելու մասին: Ընդհակառակը, ասւում է, որ կողմերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտնւում են յայտարարութիւնը ստորագրելու պահին:

Հետեւաբար ո՞ր փաստաթղթի կամ պայմանագրի հիման վրայ ես դու շարունակում տարածքներ զիջել: Գուցէ բանաւո՞ր համաձայնութեան, որը կատարելու համար «տղամարդու» խօսք ես տուել: Միգուցէ ժողովրդին նախապատրաստե՞ս քո «ցաւոտ» զիջումների ողջ փաթեթին, ինչպէս դա փորձեցիր անել պատերազմի ընթացքում: Թէ՞ դա միանգամից չես անում, որպէսզի միանգամից էլ չկորցնես դեռեւս քեզ աջակցողների այն պարզամիտ զանգուածը, որը դեռեւս շարունակում է ի դէմս քեզ տեսնել իր փրկչին: Իսկ դու ումի՞ց կամ ինչի՞ց ես փրկել այդ զանգուածին, Նիկո՛լ: Այսպէս կոչուած` «երկիրը թալանողների՞ց»: Իսկ դու եւ քո շրջապատը չէ՞ք թալանել անցած 2,5 տարուայ ընթացքում: Եթէ ուրիշ ոչինչ չասեմ, հէնց միայն ապօրինի պարգեւավճարները բաւարար են, որպէսզի քո ու քո շրջապատի «սրբապատկեր»-դիմակը պատռուած լինի: Բայց չէ՞ որ իրականութիւնն

աւելի դառն է: Ինչպէս քո, այնպէս էլ անմիջական շրջապատիդ ապօրինութիւնների մասին յատկապէս վերջին մէկ ու կէս տարուայ ընթացքում եղել են բազմաթիւ հրապարակումներ, որոնց քեզ ենթակայ իրաւապահ կառոյցներն ընթացք չեն տուել եւ չեն տալու, քանի դեռ զբաղեցնում ես վարչապետի աթոռը: Բայց չէ՞ որ քո «իշխանութիւնը», որից միայն «ի՜…»-ն է մնացել, շուտով կ՛աւարտուի: Դեռեւս ոչ ոքի չի յաջողուել այն սեփականացնել,  եւ քեզ նոյնպէս չի յաջողուի: Դու չես հերքել քեզ ուղղուած ֆինանսական չարաշահումների մեղադրանքներից եւ ոչ մէկը: Կամ եթէ փորձես հերքել, ի՞նչ է` կը հաւատա՞ն… Եթէ մէկ ուրիշ ղեկավարի ուղղուէր կաշառքի դիմաց հայրենիքի մի մասը վաճառքի հանելու մեղադրանք, այն էլ` հազարաւոր զոհերի արեան գնով, անկախ այդ ղեկավարի նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես դրան չէի հաւատայ: Քո դէպքում հակուած եմ հաւատալու, որովհետեւ անցածդ ճանապարհը տալիս է դրա հիմքերը (այդ մասին նոյնպէս հրապարակումներ են եղել, որոնք դարձեալ դու հերքելու փորձ չես արել): Դու այնքան պրիմիտիւ ես (այո՛, պրիմիտիւ, ոչ թէ պարզունակ), որ նոյնիսկ Վրաստանի վարչապետին մաքսանենգ գործարքի առաջարկ ես արել (սա նոյնպէս չես հերքել), առանց հասկանալու դրա հնարաւոր հետեւանքները ոչ միայն քեզ, այլեւ մեր պետութեան համար: Դու փորձել ես ամէն ինչից փող սարքել` չգիտակցելով, որ դա պումերանկի նման կարող է հարուածել քեզ:

Նիկո՛լ, երբ յայտարարեցիր արցախեան բանակցային գործընթացը քո` զերոյական կէտից սկսելու մասին, ըստ ամենայնի` չհասկացար, որ ձեռնոց ես նետում այդ հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչուող բոլոր պետութիւններին: Ի հարկէ նրանց ներկայացուցիչները քթների տակ ծիծաղել են առաջին հայեացքից խորամանկ թուացող, իսկ իրականում չափազանց պարզունակ քո հնարքի վրայ, որովհետեւ դրանով դու` դիւանագիտութեան այբուբենը չիմացողդ, ուզում էիր դիւանագիտութեան դասեր տալ այդ գործում մազերը սպիտակեցրած մարդկանց: Նման բան իրենց կարող են թոյլ տալ միայն ռազմական գերտէրութիւնները, այն էլ` հազուադէպ: Մի՞թէ Հայաստանի Հանրապետութիւնն այն երկիրն է, որի ղեկավարը կարող է այդպիսի յանդգնութիւն դրսեւորել եւ մնալ անպատիժ: Իսկ պատժուողը եղանք մենք բոլորս` որպէս պետութիւն ու ժողովուրդ, երբ, ըստ էութեան, միայնակ մնացինք վերջին պատերազմում:

Եւ այդ ամէնից յետոյ, Նիկո՛լ, դու քեզ համարում ես Հայաստանի Հանրապետութեան վարչապե՞տը: Դու չե՛ս կարող իմ վարչապետը լինել: Դու կարող ես լինել միայն հոգով ճորտերի վարչապետը, որոնք առաջնորդւում են «Ո՛վ էշ, մենք փալան» յայտնի սկզբունքով, անկախ այն բանից, թէ որքան է նրանց թիւը: Քեզ մերժել են Հայաստանի գրեթէ բոլոր գիտակրթական հաստատութիւնները, հոգեւոր կենտրոնները, հասարակական-քաղաքական բազմաթիւ կազմակերպութիւններ, գործարար աշխարհի ակնառու ներկայացուցիչների գերակշիռ մասը, սփիւռքի գրեթէ բոլոր հաստատութիւնները, որոնք հայրենիքի համար դժուարին պահերին նրա կողքին են եղել իրենց ողջ ներուժով: Այլ կերպ` քեզ մերժել է հայ ժողովրդի մտաւոր, հոգեւոր եւ ֆինանսական ողջ ընտրանին իր աշխարհասփիւռ ընդգրկումով, բայց դու միայն քեզ բնորոշ պնդաճակատութեամբ շարունակում ես կառչած մնալ աթոռին եւ մանրախնդրութեամբ փորձում ես պիտակաւորել քո հրաժարականը պահանջողներին` նրանց անուանելով «պսեւդոէլիտա»:

Նիկո՛լ, եթէ հայ ժողովրդի մէջ կայ «պսեւդո» ինչ-որ բան, դա առաջին հերթին քո անուան կողքին կարող է դրուել:

Հրաժարականդ պահանջող դասախօսներին անուանեցիր կաշառքով գնահատական նշանակողներ: Ասա այն դասախօսի անունը, որը քեզանից կաշառք է պահանջել գնահատական նշանակելու համար, եթէ կայ այդպիսին: Քեզ ինչո՞ւ են հեռացրել ԵՊՀ-ից, գնահատականի համար կաշառք չտալո՞ւ, թէ՞ մէկ այլ պատճառով…

Ասել եմ եւ աւելորդ չեմ համարում կրկնել. դու, Նիկո՛լ, հասկանում ես միայն բիրտ ուժի լեզուն, քաղաքակիրթ խօսքը քեզ համար չէ, որովհետեւ քաղաքակիրթ խօսքը հասկանալու համար պիտի համապատասխան արժեհամակարգի կրող լինել, որը քեզ խորթ է:

Իշխանաւորները, որպէս կանոն, հակուած են լսելու միայն ականջահաճոյ բաներ, անկախ նրանից, թէ դրանք որքանով կապ ունեն իրականութեան հետ: Քաջ Նազարի կերպարը դրա գեղարուեստական մարմնացումն է: Իշխանաւորների արբանեակներն էլ, հետեւելով այդ «ոսկէ կանոնին», խուսափում են նրանց դառն ճշմարտութիւններ մատուցելուց, եթէ, ի հարկէ, դա գիտակցում են: Նիկո՛լ, այդպիսի դառն ճշմարտութիւններից մէկը հետեւեալն է. կարող է կանգ առնել յանուն իշխանութեան մղուող պայքարը, եթէ շարունակելը վտանգում է հայրենիքն ու պետականութիւնը, իսկ յանուն հայրենիքի ու պետականութեան մղուող պայքարը չի կարող կանգ առնել, որովհետեւ նրանք արդէն իսկ վտանգուած են:

  1. 12. 2020 թ.
Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )