ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Անցեալների քաղցրութեամբ,
Ու ներկայի բերկրութեամբ
Երազում եմ Նոր տարուայ ձիւնոտ երեկոն,
Երբ լոյսերը ցոլում էին,
Քո աչքերը փայլում էին
Սիրոյ պատմութեամբ:
Իւրաքանչիւր մաղթանքիս հետ յիշում եմ
Անցեալների Նոր տարուայ ձիւնոտ երեկոն,
Եւ հրճուալի զանգակների ղօղանջը
Աղջամուղջոտ լուսաբացի ժամերում:
Ձիւնախռիւ երեկոյի ճամբեքում
Զրնգում են սայլակների զանգերը
Ուրախութեան քո ծիծաղի կարկաչով
Իմ տեսիլքի
Ձիւնածածան տեսարանը տարածւում է
Մինչեւ ալքը երազներիս, տենչերիս,
Մինչեւ խորքը աչքերիդ:
Եւ զգում եմ սրտիդ բաբախը սիրոյ,
Կրծքիս վրայ
Ու հասկանում,
Որ շատ թանկ ես իմ համար:
Խանդավառ ենք
Նոր տարուայ այս լաւ գիշեր,
Թող երկարի պահը կեանքի տարածքով,
Երջանկութեան բովանդակով, ծաւալով,
Որպէս սիրոյ խոստովանք:
Ձիւնածածկ էր դաշտավայրը,
Ուր խաղացինք մեր մանկութիւնը անգին,
Ուր կուտակած մաքուր ձիւնով
Սարքեցինք մեր Ձմեռ պապին
Ճերմակութեամբ սիրուն էր ողջ տեսարանը,
Իջնող ձիւնի փաթիլների,
Վառ տեսիլքը անցեալի:
Թող դեռ ձիւնի, թող դեռ ձիւնի անդադար.
Ու ցուրտը թող խրախճանի դաշտերում,
Իսկ այստեղ մեր տաք գրկերում
Նոր տարին է արշալոյսւում
Անցեալների արժանիքով հարազատ:
Բոցկլտում է մեղմօրէն
Բուխարիկի կրակը,
Մեր սրտերի հրակը
Տօնածառի աստղն է ցոլում,
Ցոլում են լոյս յոյսերը մեր աչքերում,
Ու մաղթանքիս օրհնութիւնը
Ջերմած Տիրոջ ողորմութեամբ պանծալի`
Շնորհաւոր Նոր տարի:
***
Ամանորեայ Մաղթանք
Նստել եմ հարազատ իմ շեմին,
Նայում եմ աշխարհքի անցնելուն.
Աղերսւում եմ կեանքի վսեմին
Ու նրանց, ում սիրտս է փայփայում:
Զնգում է զանգակը մօտակայ,
Նոր Տարուայ ժամն է գգուանքի.
Ժպտում է խոստումով ապագայ
Վառ աստղը խնդութեան ու բախտի…
Ղօղանջը իմ սիրտն է ողողում,
Գինով եմ լցնում իմ բաժակը,
Բոլորիդ թանկ կենացն եմ խմում
Ու մաղթում` վայելէք աշխարհքը…
Երկնի լոյս զուարթը թող լցուի
Մեր կեանքի ու սիրոյ օրերում,
Բերկրալի օրհնութեամբ միշտ բացուի
Հաւատի ծաղիկը մեր սրտում…
Ու բախտով ամրանանք, եռանդով,
Մեր արդար գործով ու նուիրմամբ,
Ազգային սրբազան աւանդով,
Հայրենի բարեբեր լիութեամբ:
***
Գինեձօն
Սիրտս որպէս սիրոյ սկիհ, սէրս մէջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գաւաթս իմ ժողովուրդ հայրենի:
Նաւասարդի նուիրական աւանդներով սրբեղէն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղէն:
Աւերաբեր ի՛նչ ամպ ու զամպ քո ճակատին բախուեցին
Դու տոկացիր յանց դիւցազուն թուր-կեծակի սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզօր ու խաւարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը,
Խիլ խլեցիր արեգակը,
Շանթ շորթեցիր արեգակը յաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կեանքի նոր ոգով զեղուն քո արեւը հրային:
Սիրտս անկէզ, վառ մորենի, սէրս ճիւղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ իմ հայկեան ազգ, իմ հայոց: