ՄԻ ԽՈՒՄԲ ՇՈՒՇԵՑԻՆԵՐ
Մենք` թուրք ջարդարարների, ելուզակների յարձակումներից մազապուրծ շուշեցիներս, մեզ համար դժնդակ ու ողբերգական այս օրերին մեր բողոքն ենք արտայայտում Նիկոլ Փաշինեանի դէմ:
Դու գիտե՞ս` ի՛նչ սրբութիւն ու գանձ ես նուիրել Շուշին իրենը համարող ոճրագործ թուրքին: Մի՞թէ դու մոռացել ես Պոտտոյի այն յայտնի վկայութիւնը, որ` «ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին»: Դու մոռացա՞ր, որ Շուշին հայոց միակ բերդաքաղաքն է, հզօր ամրոցը, ամէն մի հայի էութեան վկան, ուխտատեղին, երազանքը: Յաւերժութեան վկան: Քանքարների ոստան Շուշին արծուի պէս նստած է Արցախի գողտրիկ բարձունքներից մէկի վրայ եւ հպարտօրէն հսկում է չորս կողմը, ողջ Արցախ աշխարհը իրեն ձգում է մագնիսական ուժով:
Ճիշդ է, պատմութեան քառուղիներում բազմիցս հողմ ու մրրիկ է անցել այս քաղաքի վրայով, ինչքա՜ն աւեր ու արիւն է տեսել հայի ձեռքով կառուցուած քաղաքը, մերթ հրդեհուել ու քանդուել է, մերթ շէնացել` փիւնիկի նման վեր յառնել:
Այո՛, հայոց բերդաքաղաք` ողբերգական պատմութեամբ, թուրքի ճիրաններում տառապած. 1896, 1905-1906, 1920-1923,1988-1992, 2020 թուականներին շուշեցուն բաժին են ընկել դառն օրեր: Քանի՜-քանի՛ սերունդներ են երազել այս չքնաղ քաղաքը տեսնել ազատ ու անկախ: Տարիներ անց այդ երազանքը իրականութեան դարձաւ: 1992 թ. մայիսի 9-ին ազատագրուեց Շուշին` դառնալով արցախեան գոյապայքարի վճռական յաղթանակների մեկնարկը, ուղենիշն ու խորհրդանիշը: Ցնծաց ողջ աշխարհի հայութիւնը` ազատագրուել է` Շուշին մերն է…
Շուշին ամբողջովին հայաշունչ դարձաւ:
Գիտե՞ս ինչու… Շուշին իր ծնունդով ու կնունքով հայկական էր: Մեծանուն շուշեցի Միքայէլ Յարութիւնեանը հաստատում էր, որ Աստուած էլ է ղարաբաղցի` շուշեցի…
Այո՛, աստուածային աղօթքները հնչել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Ցաւօք դու էլ ես մասնակցել Շուշիում կազմակերպուող միջոցառումներին, խրախճանքներին եւ առանց ամօթի յայտարարել Շուշիի փառահեղութեան մասին: Իսկ այժմ այն քեզ համար տժգոյն է ու դժբախտ:
Փա՛ռք ու պատիւ` մեր բանակին, նրանց, որոնք իրենց կեանքը դրեցին զոհասեղանին, ազատագրեցին հայութեան պարծանք Շուշին:
Մենք` 1988-ին տեղահանուած շուշեցիներս, ցնծութեամբ ընդունեցինք թուրքի 70-ամեայ բռնակալութիւնից ազատագրուած Շուշիի յաղթանակը, որին անհամբեր սպասում էինք Ստեփանակերտում` շուրջ չորս տարի դիմակայելով արցախցուն բաժին հասած ահասարսուռ օրերին: 1992 թուականի մայիսի 10-ին տեղահանուած շուշեցիներս վերադարձանք հայրենի քաղաք, որը թալանուած էր, աւերուած, խոշտանգուած, կորսուած: Ապրեցինք յաղթանակի երջանիկ պահը, նուիրուեցինք կորցրածը վերականգնելու հեւքին:
28 տարիների ընթացքում մեր քաղաքը վերակենդանացաւ, համայն հայութեան օգնութեամբ բուժեց իր վէրքերը, դարձաւ նուիրումի ուխտատեղի: Փիւնիկի նման վեր յառնեց, տարէցտարի բարեկարգուեց, վերականգնուեցին` կրթամշակութային օճախները, թանգարանները, եկեղեցիները, բնակելի թաղամասերը, փողոցները: Մի խօսքով, քաղաքն ամբողջովին ապրում էր իր վերփոխման առօրեայ հոգսերով` աշխարհին ներկայացնելով վաղուայ օրուայ լաւագոյն նախագծումները, գալիքի երազանքները:
Մենք` շուշեցիներս, քաջ գիտակցում էինք, որ Շուշին սոսկ քաղաք չէ, այլ հայի լինելիութեան խորհուրդն է ու վկան, շուշեցի լինելը մեծ հպարտութիւն է ու վեհ առաքելութիւն, աշխարհին ներկայացուող կրթամշակութային իր փառքով, սուրբ եկեղեցիների զանգերի ախորժալուր ղօղանջներով:
Ի՞նչ ասենք Շուշին յանձնողիդ: Մի՞թէ քո երակներում չի հոսում հայի արիւնը, քո մէջ բացակայում է ազգային բանականութիւնը: Մի՞թէ քո մասնագիտական գործունէութեան, այժմ էլ կառավարման առիթներով չես առնչուել այս քաղաքի ողբերգական անցեալին, հերոսական պայքարին ու յաղթանակին, բազմաբովանդակ վերափոխումներին:
Նիկոլ Փաշինեան, մի՞թէ դու մոռացել ես ձեր վայելքները Շուշիում, նրա պարիսպներին յարող թթենու այգում` տիկնոջդ հետ: Դու պնդում ես, որ Շուշին յանձնուա՞ծ էր այն ժամանակ, երբ մասնակցում էիք Արցախի նախագահի երդման արարողութեանը` յիշելով Շուշիի փառահեղութեան դրուագները: Իսկ ձեր նկարահանումները, քաղաքի նորակառոյցները աշխարհի ներկայացնելու նպատակով: Հաւանական է դու մոռացել ես, թէ տիկինդ ի՜նչ հաճոյք էր ապրում, երբ հոյակերտ թանգարանից հանուած գորգերը փռուեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին յարող ճանապարհին` նկարահանելու համար: Գուցէ յիշողութիւնդ թոյլ է այդ ամէնը վերյիշելու համար: Շուշին տժգոյն, դժբախտ համարելու համար: Շատ է ամօթ, հային ոչ վայել:
Դու չարաչար սխալւում ես: Շուշին ամէն մի հայի յոյսի, լոյսի յարատեւութեան փարոսն է, Արցախի ադամանդը:
Այսօր մենք` շուշեցիներս, հայրենազուրկ ենք, ունեզուրկ, բզկտուած, քանդուած, մարած լոյսերով, օճախներով, ուր խրախճանք են անում թուրքերը եւ հրճւում մեր ամօթալի պարտութեան համար, ստորութեամբ իրենց յանձնուած Շուշիի համար: Ամօ՛թ, հազա՛ր ամօթ: Մենք` շուշեցիներս, երբեք չենք ընդունելու Շուշին յանձնելու քո որոշումը: Հաւատում ենք նրա վերադարձի երջանիկ ժամին` հայ ժողովրդի միասնութեամբ, հայեցի տեսնելու երազանքով, նրան նորից նուիրուելու համախմբման կոչերով, մտայղացումներով:
Մենք այսօր պայքարում ենք, որ մեր զաւակներին, թոռներին չզրկենք հայրենի օճախի լոյսը վառելուց:
Շուշի՜… Բզկտուած, աւերուած, թալանուած Շուշի, փրկութիւն աղերսող Շուշի, սուրբ օճախ հայութեան` վեհաշուք Սուրբ Ամենափրկիչ, սուրբ Մկրտիչ Կանաչ ժամով, սրբացած գերեզմաններով, պատմութեան քառուղիներում տառապանք տեսած, մայիսեան յաղթանակով վերածնուած Շուշի, նոյեմբերեան ստորութեամբ յանձնուած Շուշի, կրկին փառաւորուելու ձգտումներով ու յոյսերով Շուշի: Հաւատում ենք Շուշիի, Արցախի պայծառ գալիքին, նրա փրկութեանը, վերադարձին ու յաւերժութեանը: Մենք Արցախն ենք` Շուշին, մենք ապրել ենք ուզում…
Շուշին մերն է յաւիտեան, ամէն հայի սուրբ քաղաքը:
Նզո՛վք ու ամօթանք Շուշին յանձնողներին: Թող Շուշին յանձնողի օճախն էլ քանդուի, ճղակոտոր դառնայ` չգտնելով փրկութիւն:
Շուշեցի տառապեալները ցրուած են ամէնուր, յոյսի կարօտով…
Ամէն մի նուիրեալ հայի, հայրենազուրկ շուշեցու անէծքն ու նզովքը խարան են գեղաշուք Շուշին ստորութեամբ յանձնողիդ` քո, Նիկոլ Փաշինեան, ճակատին, քո ողջ կեանքի ճանապարհին: