ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր
Անցնող շաբաթների ընթացքում սփիւռքահայ բազմաթիւ ազգային-հասարակական կառոյցներ, ինչպէս եւ քաղաքական կուսակցութիւններ հայաստանեան յետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչութեամբ հանդէս եկան պաշտօնական կոչ-յայտարարութիւններով, որոնցում գերազանցապէս առաջարկւում-պահանջւում էր վարչապետի եւ նրա գլխաւորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողութեանը զուգահեռ, ահա, լրատուութիւն է տարածւում, թէ Հայաստանի իշխանախումբը մտահոգուած այդ կոչ-յայտարարութիւններից` սփիւռքեան երկրներում աշխատող դեսպանութիւններին հրահանգել է տուեալ երկրներում առկայ հայ համայնքներին համոզել, որպէսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:
Անկախ նրանից, թէ որքանո՛վ է այս լրատուութիւնը համապատասխանում իրականութեանը, փաստը մնում է այն, որ Հայաստանի իշխանախմբի վերը նշուած մտահոգութիւնները եթէ ոչ պատկան դեսպանութիւնների, ապա տուեալ համայնքներում (ներառեալ` իրանահայ համայնքը) առգոյ որոշակի երկրպագու տարրերի կողմից շրջանառութեան մէջ են դրւում:
Մեր խնդիրը, սակայն, այդ երկրպագուների առկայութիւնը կամ թեր ու դէմ եւ ձեռնպահ կեցուածքն ու դիրքորոշումը չէ, այլ` տուեալ դէպքում դիրքորոշման այն «հիմնաւորմանը», որով պնդելով-պնդում են, թէ` «Սփիւռքը պէտք չէ միջամտի հայաստանեան ներքաղաքական հարցերին…»:
Պարոնա՜յք մտահոգուողներ, հարկ չկայ նոյն նժարի վրայ դնել զուտ ներքաղաքական հարցերը` համահայկական, համազգային ընդհանրական հարցերի հետ:
Սփիւռքն ու սփիւռքահայը ոչ միայն իրաւունք ու իրաւասութիւն, այլեւ մանաւանդ բարոյական, ազգային, քաղաքական անբեկանելի պարտաւորութիւն ունեն մտահոգուելու եւ նոյն մտահոգութիւնը փարատելու համար մինչեւ իսկ միջամուխ լինելու (անուղղակիօրէն անշուշտ) ներհայաստանեան խնդիրներին, յատկապէս երբ դրանք կրում են`
– ոչ թէ իշխանական, այլ` պետական, այն էլ անվտանգային,
– ոչ թէ Հայաստանի ներքին ընկերային-քաղաքական, այլ` համազգային,
– ոչ թէ լոկ Հայաստանի քաղաքացու, այլեւ` համահայկական նշանակութեամբ ողջ հայութեան ազգային արժանապատուութեան մակարդակ ու տարողութիւն…
Հէնց այդ հիմքերից է բխում 8 միլիոնանոց սփիւռքը, երբ միեւնոյն Հայաստանի շահերից ելած` աշխարհով մէկ յօգուտ Հայաստանի արտաքին քաղաքականութեան լոպինկ անում, դրամահաւաք ու թելեթոն կազմակերպում, եւ որ թարմագոյն օրինակն է` եւրոպական մայրուղիներ է փակում` ի շահ Հայաստանի ու Արցախի պատերազմական ողջ ժամանակաշրջանում:
Այնպէս որ, յարգելի՛ մտահոգներ, հարկ չկայ «մտահոգուելու» սփիւռքեան կառոյցների` «Հայաստանի ներքին հարցերում միջամտելուց»…
Խորհուրդ կը տայինք նախեւառաջ մտահոգուէք (թէեւ` շատ ուշացած) արդէն 2,5 տարի ու դեռ դրանից տարիներ առաջ Հայաստան երկիր ներխուժած ու ներքին բոլոր մակարդակների կարգուսարքը թունաւորած սորոսական միջամտութիւններից, որոնց արդիւնքում, ահաւասիկ, հայրենի երկիրը կանգնած է կործանման անդունդին…