Ո՞վ Է Վազգէն Մանուկեանը

Վերջին շաբաթներուն յաճախ կը յիշուի Վազգէն Մանուկեանի անունը` իբրեւ Հայրենիքի փրկութեան շարժումի վարչապետի միասնական թեկնածու: Այս առիթով տարբեր բովանդակութեամբ կարծիքներ կը հնչեն իր հասցէին, որոնց շարքին նաեւ` իրականութեան չհամապատասխանող լուրեր  ու ամբաստանութիւններ: Մեր ընթերցողները լուսաբանելու համար ստորեւ կու տանք անոր կենսագրութեան առաջին մասը, ուր ի յայտ կու գայ նաեւ իր բերած կենսական նպաստը արցախեան  եւ առհասարակ Հայաստանի նուաճումներուն: Տրուած ըլլալով, որ «Թարգմանչաց տօներ» բաժինը, համեմատած` իր ազգային հայրենասիրական գործունէութեան, հակիրճ է ու թերի, հարկաւոր է այս թեմային հետագային անդրադառնալ առանձինն:

«Ա.»

Կենսագրութիւն

1988 թուականի փետրուարից Ղարաբաղ կոմիտէի համահիմնադիր եւ կոմիտէի անդամ, 1988 թուականի յունիսից` «Ղարաբաղ» կոմիտէի համակարգողը: 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալուել է, 6 ամիս անցկացրել Մոսկուայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցութեան համահիմնադիր եւ վարչութեան առաջին նախագահ: 1990-1995 թուականներին եղել է Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր, 1995-2007 թուականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր: 1990-1991 թուականներին` Հայաստանի վարչապետ: 1991 թուականի սեպտեմբերի 26-ին Վազգէն Մանուկեանը հրաժարական է տուել վարչապետի պաշտօնից: 1991 թուականի շարժման աշխուժ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական միութիւն (ԱԺՄ) կուսակցութեան հիմնադրումը: 1991 թուականից` ԱԺՄ կուսակցութեան վարչութեան նախագահ: 1992 թուականի սեպտեմբերն նշանակուել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանութեան նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդիւնաբերական համալիրը: Վազգէն Մանուկեանի օրօք ձեւաւորուել է կանոնաւոր հայկական բանակը, փոխուել պատերազմի ընթացքը, եւ երբ հայկական կողմն անընդմէջ յաղթանակ էր տանում, 1993 թուականի օգոստոսին ազատուել է պաշտօնից: 2009 թուականի մարտից 2019 թուականի դեկտեմբեր Հայաստանի Հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թուականից` «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ:

2020 թուականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեւած Արցախեան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը եւ այնուհետեւ 2020 թուականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի եւ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ յայտարարութիւնը ստորագրելը Հայաստանեան հանրութեան շրջանում բողոքի ալիք բարձրացրեցին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական 17 կուսակցութիւնները ստեղծեցին «Հայրենիքի փրկութեան շարժում»-ի խորհուրդ եւ 2020 թուականի դեկտեմբերի 3-ին անցումային կառավարութեան ղեկավարի` վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգէն Մանուկեանին:

Մանկութիւն եւ պատանեկութիւն

Վազգէն Մանուկեանը ծնուել է 1946 թուականին, Մեծ եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկեանների ընտանիքում: Հայրը` Միքայէլ Մանուկի Մանուկեանը, աւարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիքամաթեմատիքական ֆակուլտետը, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի փրոֆեսէօր: Մայրը` Աստղիկ Հմայեակի Յակոբեանը, ծնուել է Գիւմրիում, աւարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիքամաթեմատիքական ֆակուլտետը:

Վազգէն Մանուկեանը սովորել է Երեւանի Ա. Չեխովի անուան դպրոցում: 1963-1968 թուականներին` Երեւանի պետական համալսարանի ֆիզիքամաթեմատիքական ֆակուլտետում, 1966-1967 թուականներին ուսումը շարունակել է Մոսկուայի պետական համալսարանում, 1969-1972 թուականներին` ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիպիրսկի բաժանմունքի ասպիրանտ է եղել: Ֆիզմաթ գիտութիւնների թեկնածու է, դոցենտ, մի շարք գիտական յօդուածների հեղինակ.1972-1990 թուականներին դասախօսել է ԵՊՀ-ում: 1967 թուականի ապրիլի 24-ին Մոսկուայում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցոյց կազմակերպելու պատճառով ստիպուած է եղել թողնել Մոսկուայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան:

Կինը` Վարդուհի Իշխանեանը, մասնագիտութեամբ մաթեմատիկոս է, նրա հայրը յայտնի լեզուաբան, գրականագէտ Ռաֆայէլ Իշխանեանն է, մայրը` Վահան Չերազի դուստր, մասնագիտութեամբ լեզուաբան Բիւրակն Չերազը:

Քաղաքական վաղ շրջանի գործունէութիւն

Քաղաքական գործունէութիւնը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թուական եղել է տարբեր քաղաքական կազմակերպութիւնների անդամ եւ կազմակերպիչ:

1960-ականներին Հայաստանում սկիզբ առաւ մի շարժում, որի ներքոյ ստեղծուեցին գաղտնի ազգային կազմակերպութիւններ` բարձրացնելով Հայոց ցեղասպանութեան եւ ազգային այլ հարցեր: 1967-1968 թուականներին Վազգէն Մանուկեանն ու ընկերները Մոսկուայի համալսարանում հիմնեցին Հայ մշակոյթի ակումբը, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անուան տակ ազգային գործունէութիւն էր ծաւալում: Յետոյ նմանատիպ կազմակերպութիւն ստեղծեցին երեւանի պետական համալսարանում` կրկին հայ մշակոյթի անուան տակ արծարծելով անկախութեան, արցախի, ժողովրդավարութեան եւ այլ հարցեր:

1967 թուականի ապրիլի 24-ին Մոսկուայում մի խումբ համախոհներով կազմակերպել են ցոյց Թուրքիայի դեսպանատան առաջ` նախապէս մշակելով բեմագրութիւնը, այցելելով Մոսկուայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով եւ իրազեկելով ցոյցի մասին:

Ապրիլի 24-ին հազարաւոր ուսանողներ հաւաքուել էին Մոսկուայի թրքական դեսպանատան առջեւ եւ ձեռք ձեռքի տուած` սկսեցին երգել «Զարթի՛ր լաօ»-, որից յետոյ ոստիկանները մօտենում են, քաշքշում, փորձում ցրել ցոյցը: Բայց ցոյցն արդէն կայացել էր: Նախորդ տարիների անյաջող փորձերից յետոյ սա առաջին յաջողուած ցոյցն էր: Հայ ուսանողները վերադառնում են հանրակացարաններ եւ նշում` իրենց յաղթանակը: Մի քանի օր անց ցոյցի կազմակերպիչներին, այդ թւում նաեւ Վազգէն Մանուկեանին հեռացնում են համալսարանից:

Այդ ցոյցին պատրաստուելիս Վազգէն Մանուկեանը ծանօթանում է Խորհրդային Միութեան արտաքին գործերի նախարարութեան արտաքին քաղաքականութեան ծրագրաւորման բաժնի պետ, Քանատայում խորհրդային Միութեան նախկին դեսպան Համօ Յարութիւնեանի հետ, որը շատ յարգուած ու ազդեցիկ գործիչ էր մոսկովեան քաղաքական շրջանակներում: Կարելի է ասել, որ հէնց նա է դրել Մանուկեանի քաղաքական գործունէութեան հիմքը: Մոսկուայում կազմակերպուած ցոյցից յետոյ էլ նրանց շփումը շարունակւում է: Համօ Յարութիւնեանը Մանուկեանին ու ընկերներին սովորեցնում է քաղաքականութեան ու դիւանագիտութեան նրբութիւնները, ազգային քաղաքականութիւնից մինչեւ համաշխարհային գործընթացներ, խօսում պետութիւնների կառուցուածքից, ներքին խոհանոցից, այն մասին, թէ ինչպէ՛ս են ընդունւում քաղաքական որոշումները եւ այլն: Յարութիւնեանը երիտասարներին ծանօթացնում էր նաեւ յայտնի հայերի հետ: «Նրա տունը հայութեան համար կենտրոն էր: Օրինակ` Սիլվա Կապուտիկեանի հետ այնտեղ եմ ծանօթացել: Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք եւ մտերմացանք մարաջախտ Բաղրամեանի հետ: Ծանօթացանք նաեւ մարաջախտ Բաբաջանեանի, նախկին առաջին քարտուղար Եաքով Զարոբեանի, մի խօսքով, ժամանակի ամենաազդեցիկ դէմքերի հետ», յիշում է Մանուկեանը:

Գաղափարական միւս մեծ ազդեցութիւնը երիտասարդները կրում էին Կարէն Թախտաջեանից, որը մաթեմատիկոս էր, հայրը` Լեւոն Թախտաջեանը Փեթերպուրկում յայտնի ակադեմիկոս: Կարէն Թախտաջեանն առաջ էր քաշում ազգային գաղափարախօսութեան հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայութիւն կարդան: Ես առաջին անգամ հէնց նրա ազդեցութեան տակ սկսեցի ուսումնասիրել Նիցչէ, Շոփենհաուէր, Օթթօ Վէյնինկեր, հնդկական փիլիսոփայութիւն: Իսկ Համօ Ակիմիչի ազդեցութեան տակ սկսեցինք ուսումնասիրել, թէ ՛նչ է նշանակում բաժնետիրական ընկերութիւն, Միացեալ Նահանգների տնտեսութիւն, այսինքն, եթէ անկախ պետութիւն լինենք, հասկանայինք` ի՛նչ ճանապարհով պէտք է գնանք եւ այլն: Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպութիւններ հիմնելու գործում, այլեւ` 1988-ի շարժման ժամանակ», յիշում է Վազգէն Մանուկեանը:

1970-ական թուականներին Վազգէն Մանուկեանը Վազգէն Ա. կաթողիկոսի առաջադրանով իր ընկերների հետ իրականացնում է նաեւ մշակութային արժէքների փրկութեան միջոցառումներ Նախիջեւանի եւ Արցախի տարածքներում, իրականացնում են նաեւ Պէյրութում ռմբակոծութեան տակ յայտնուած հայ մանուկների փրկութեան կազմակերպում եւ շատ այլ ձեռնարկումներ:

Թարգմանչաց տօներ

1974 թուականին Վազգէն Մանուկեանը  համախոհների հետ ստեղծում է մի նախաձեռնութիւն` «Թարգմանչաց տօներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանեան ողջ մտաւորականութեանը: Նպատակն այն էր, որ ստեղծուի ազգային մի ակումբ, որը հնարաւորութիւն կը տայ մարդկանց ծանօթանալու, շփուելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու եւ այդ հարցերը քննարկելով`  համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու, որպէսզի մտաւորականութեան մեծ ազդեցութիւն ունեցող շերտը համախմբուէր նոյն գաղափարների շուրջ: Քննարկւում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թէ ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները, Ցեղասպանութեան հետ կապուած հարցերը, երբեմն անգամ` ազատութեան, անկախութեան, համայնավար վարչակարգից ազատուելու հարցեր:

«Երբ 88-ի շարժումը սկսուեց, հասկացանք, թէ այդ հաւաքներն ինչքա՛ն կարեւոր էին եւ ի՛նչ մեծ նշանակութիւն ունեցան: Մտաւորականութիւնը միանգամից համախմբուեց, քանի որ արդէն մարդիկ իրար ճանաչում էին, նոյն կերպ էին հարցերին մօտենում, նոյն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տօների ամենամեծ ձեռքբերումը». Վազգէն Մանուկեան:

Ղարաբաղեան շարժում

Վազգէն Մանուկեան, հանրահաւաք
մատենադարանի շէնքի մօտ, 1988

1988 թուականին Հայաստանում միաժամանակ առաջացան երեք շարժումներ: Առաջինը` խոշոր բնապահպանական, երկրորդը փոքրաթիւ էր եւ հիմնականում կազմակերպուած էր 1987 թուականին բանտից դուրս եկած այլախոհների կողմից: Ամենամեծ թափը հաւաքեց երրորդ շարժումը, որի նպատակն էր լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին միաւորելը: 1988 թուականին ստեղծուեց «Ղարաբաղ» կոմիտէն, որի ակունքներում կանգնած էր Վազգէն Մանուկեանը: Նա նախ «Ղարաբաղ» կոմիտէի անդամ էր (1988 թուականի փետրուարից), ապա` կոմիտէի համակարգողը (1988 թուականի յունիսից):

1988 թուականի յուլիս 5-ին` «Զուարթնոց» օդակայանի դէպքերից անմիջապէս յետոյ Վազգէն Մանուկեանն ազատութեան հրապարակի իր ելոյթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին:

1988 թուականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ Վազգէն Մանուկեանը ձերբակալուել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկուայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:

Ղարաբաղեան շարժումը ծնուեց որպէս ազգային շարժում, որի նպատակները շատ յստակ էին, սակայն շատ արագ` 1988 թուականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածուել ազգային-ժողովրդավարական շարժման: 1988 թուականի մայիսին շարժման առաջնորդների միջեւ քաղաքական, գաղափարական տարակարծութիւններ ի յայտ եկան: Ոմանք գտնում էին, որ կայ միայն Ղարաբաղի հարցը, եւ որեւէ այլ խնդիրներ պէտք չէ առաջ քաշել: Միւս մօտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյութիւն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել եւ յաջողութեան հասնել` առանց դրանք բարձրաձայնելուց:

Վազգէն Մանուկեանը վստահ էր, որ ճիշդ ճանապարհը անկախ պետութեան կերտումն է: Եւ փուլ առ փուլ պայքարը տեղափոխուեց անկախութեան դաշտ:

«Ղարաբաղ» կոմիտէի նախաձեռնութեամբ, ստեղծւում է «Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպութիւնը, որի հիմնադիր համագումարի ընտրուած վարչութեան կազմում էին «Ղարաբաղ» կոմիտէի գրեթէ բոլոր անդամները: Վազգէն Մանուկեանն ընտրւում է ՀՀՇ վարչութեան առաջին նախագահը:

ՀՀ պաշտպանութեան նախարար` պատերազմի տարիներին

1992 թուականի սեպտեմբերի 11-ին Վազգէն Մանուկեանը նշանակուել է ՀՀ պետնախարար, 1992 թուականի հոկտեմբերին նշանակուել է ՀՀ պաշտպանութեան նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմաարդիւնաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականօրէն ձեւաւորւում է ՀՀ կանոնաւոր բանակը, բազմաթիւ պարտութիւններից յետոյ սկսւում է փայլուն յաղթանակների շրջանը:

1992 թուականի ամրանը Լեռնային Ղարաբաղը ողբերգութիւն էր ապրում. մէկ ամսում ազրպէյճանական զօրքերը գրաւեցին Շահումեանն ու Մարտակերտը, հայերի կողմից վերահսկուող տարածքների մօտ 50 տոկոսը: Թւում էր` եւս մէկ ճիգ եւ ղարաբաղեան հարցը կը լուծուի վերջնականապէս: Հէնց այդ ժամանակ Վազգէն Մանուկեանը դարձաւ Հայաստանի պաշտպանութեան նախարար, եւ պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխուել: ԽՍՀՄ ցամաքային զօրքերի սպայակոյտի պետի տեղակալ Տէր Գրիգորեանցի աշխուժ մասնակցութեամբ, կազմաւորուեց փոքրաթիւ, բայց մարտունակ բանակ: 1992 թուականի աշնանից սկսած յաջողուեց կասեցնել ազրպէյճանցիների առաջխաղացումը, իսկ 1993 թուականի գարնանը հայերը հակայարձակման անցան եւ արդէն օգոստոսին ջախջախեցին ազրպէյճանական բանակի հիմնական հարուածային ուժերը:

1993 թուականի մայիսի 28-ին գրեթէ աւարտուած էր Հայաստանի կանոնաւոր բանակի ձեւաւորումը, որի բաղկացուցիչ մասն էր արցախի բանակը: Ազատագրուած էր Քարվաճառը, յետ էր վերցուած մարտակերտը, ջարդուել էր Ազրպէյճանի բանակի ողնաշարը, եւ շարունակւում էր սկսուած յաղթանակների շարքը: Համաժողովրդական մեծ ոգեւորութեան ալիք էր առաջացել, եւ այդ ժամանակ տեղի ունեցաւ առաջին զօրահանդէսը, որը ընդունում էր այդ ժամանակուայ պաշտպանութեան նախարար Վազգէն Մանուկեանը:

Կապանի գործողութիւն

1992 թուականի աշնան եւ ձմրան ամիսներին երկրի սահմաններին իրավիճակն օրհասական էր: Շահումեանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը եւ ըստ այդմ` Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը` մշտական սպառնալիքի տակ: Լաչինի միջանցքով երթեւեկելը խիստ վտանգաւոր էր, երբեմն` անհնար: Հակառակորդը տարբեր զինատեսակներից գնդակոծում էր նաեւ Կապանի շրջանի հայկական գիւղերը` վտանգի տակ պահելով Կապան-Գորիս մայրուղին:

1992 թուականի ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճում են լուրջ մարտական գործողութիւնների: Զանգուածաբար հրետակոծւում էին Կապան քաղաքն ու   սահմանամերձ բնակավայրերը:

Որոշում է կայացւում միջոցներ ձեռնարկել` վերացնելու հակառակորդի առաւել վտանգաւոր յենակէտերը: ՀՀ ԶՈՒ սպայակոյտի պետզօրավար-տեղակալ Հրաչեայ Անդրէասեանը մշակում է ծրագիր, գործողութեան ղեկավար է նշանակւում Եուրի Խաչատուրովը:

Դեկտեմբերի 10-ի վաղ առաւօտեան գործողութիւն սկսւում է: Մի քանի ժամ տեւած մարտերից յետոյ հայկական կողմին յաջողւում է լիակատար պարտութեան մատնել թշնամուն եւ փոխել պատերազմի ելքը:

Կապանի գործողութեան մասին Վազգէն Մանուկեանը տեղեակ չի պահել այդ ժամանակուայ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին, քանի որ վերջինս դէմ էր նման գործողութիւններին` համարելով միջազգային հանրութեան կողմից ոչ ընդունելի:

Քարվաճառի գործողութիւն

Քարվաճառի շրջանում տեղակայուած ազրպէյճանական ռազմական յենակէտի ոչնչացման, բռնազաւթուած բնակավայրերի ազատագրման եւ ազրպէյճանական բանակի Լաչին-քելբաջարեան խմբաւորման ջախջախման գործողութիւնը տեղի է ունեցել 1993 թուականի մարտի 27-ից ապրիլի 2-ը` Վազգէն Մանուկեանի պաշտօնավարման օրօք եւ նրա անմիջական ղեկավարութեամբ:

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարեւոր էր: Քարվաճառից էր հրետանակոծւում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայուած թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումեանի փարթիզանական ջոկատների համար համալրում հասցնող ուղղաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մէկ ուղղութեամբ իրականացնել հնարաւոր չէր. այն իրագործւում է երեք ուղղութիւններով` միաժամանակեայ յարձակմամբ:

1993 թուականի օգոստոսի 21-ին Վազգէն Մանուկեանն ազատւում է պաշտպանութեան նախարարի պաշտօնից` մէկ տարուայ պաշտօնավարման ընթացքում էական դերակատարում ունենալով արցախեան պատերազմի յաղթանակի նուաճման գործում:

(Շարունակելի)

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )