Հերմինէ Աւագեան. Իմ Ու Քո Պատերազմը

(Հատուածներ Անտիպ Օրագրից)

Սեպտեմբերի 28. Ստեփանակերտ

Զինուորների համար լաւաշ ենք թխում: Քաղաքը տագնապի մէջ է: Մենք թխում ենք, որովհետեւ զինուորը պէտք է զգայ մեր մատների ջերմութիւնը, որովհետեւ այդ ջերմութիւնն էլ ուրիշ զէնք է. չկրակող զէնք է: Հա՛, չկրակող զէնք էլ է լինում, դրանից միայն մենք ունենք ու մենք գիտենք դրա կիրառման եղանակը…

Երբեք լաւաշ չեմ թխել, բայց սա ուրիշ լաւաշ է. սիրտս գունդ եմ արել, դրել մէջն ու թխում եմ… Սիրտս վառւում է, լաւաշը` չէ…

Արցախեան պատերազմի ժամանակ մայրս ու տատս օր ու գիշեր հաց էին թխում, ուղարկում էին դիրքեր, հիմա էլ իմ հերթն է: Ինձ թւում է` բոլոր հացերն ու լաւաշներն իրենց բաժին տեղն ունեն յաղթանակի գործում, որովհետեւ ամէն մի հատիկը մայրական օրհնանք է, որ հասնում է զինուորին…

Յաղթանակը չի ուշանալու, չէ, յաղթանակը գիտի` այնպէս ենք սիրահարուել իրեն, որ ինչքան էլ սպասել տայ մեզ, մէկ է` հաւատալու ենք, որ գալու է: Մենք ազգովի սիրահարներ ենք…

– Երբ պատերազմն աւարտուի, կարող ես լաւաշի փուռ բացել, լաւ էլ թխում ես,- կատակում է լաւաշի փռի գլխաւորը:

Ժպտում եմ:

Մի կտոր լաւաշ է տալիս, որ համը փորձեմ:

Ուտում եմ:

Ինձ թւում է` բերանիս մէջ զգում եմ խաղաղութեան համը: Խաղաղութիւնը տաք լաւաշի համ ունի…

Հոկտեմբերի 26, Երեւան

– Մա՛մ, չեմ ուզում, որ զինուորները նկարներ դառնան, ուզում եմ պատից նկարներ չկախենք:

– Մենք պատից ուրիշ բան ենք կախելու, տղա՛ս, շատ սիրուն բան, շա՜տ սիրուն:

– Շատ սիրուն նկա՞ր:

– Չէ, երբ զինուորները վերադառնան եւ մեզ խաղաղութիւն բերեն, մենք խաղաղութիւնը պինդ, շա՛տ պինդ ամրացնելու ենք մեր տան պատին, բոլոր տների բոլոր պատերին, որ տները սիրունանան, լուսաւորուեն, զարդարուեն:

– Մա՛մ, բա որ խաղաղութիւնը պատից ընկնի ու ջարդուի՞:

– Չէ՛, տղա՛ս, էս անգամ չի ընկնելու, չի ջարդուելու, էս անգամ շատ պինդ ենք ամրացնելու, շա՛տ պինդ…

Հոկտեմբերի 30, Երեւան

Իմ ապրած կեանքն այնքան փոքր է, որ կարող եմ տեղաւորել սրտիս մէջ եւ փախչել աշխարհից հեռու: Բայց արժէ՞ արդեօք փախչել սեփական ճակատագրից, եւ կա՞յ մէկն աշխարհի վրայ, ում յաջողուել է փախչել: Եթէ գիտէք, ասէք ինձ կամ գրէք ինձ, ես ուզում եմ ծանօթանալ նրա հետ, ուզում եմ հարցազրոյց ունենալ հետը, գուցէ կարողանամ նրանից մի բան սովորել…

Ես այդպէս էլ չկարողացայ որոշել  կեանքի ու պատերազմի սահմանագիծը. չգիտեմ, թէ ո՛ւմ տարածքն է աւելի մեծ` առաջինի՞, թէ՞ երկրորդի, բայց գիտեմ մի բան` առաջինը ամէն անգամ կենդանանում է, մահանում ու կենդանանում է, որովհետեւ գիտի` պիտի ապրի, ի՛նչ էլ լինի, պիտի ապրի…

Իմ փոքր կեանքի մէջ երեք պատերազմ կայ, պատերազմներն ինձ հետ մեծանում են, հասակ առնում, տալիս ու տանում, սովորեցնում ու բթացնում, ճկում ու պրկում, երազանքներ խլում ու երազանքներ ծնում: Պատերազմները չեն հեռանում ինձնից, թէեւ այդպէս էլ ընկերներ չդարձանք, որովհետեւ նա միայն խլել գիտի, միայն թիկունքից խփել գիտի, իսկ ընկերութեան մէջ դա բացառուած է:

Հայելու մէջ գտնում եմ աչքերս ու հասկանում, որ մեծացել եմ. առաջին անգամ հասկանում եմ, որովհետեւ առաջ, երբ նայում էի հայելու մէջ, գտնում էի ժպիտս ու գոյնզգոյն զգեստներիս գոյնզգոյն ծաղիկները: Հիմա հագիս ինչ-որ մէկի բաճկոնն է, ինչ-որ մէկի շապիկը, որ ուղարկել են ինձ, որպէսզի չմրսեմ: Փնտռում եմ ժպիտս, ժպիտիս փոխարէն` աչքերս են, որ յուշում են ապրած օրերիս մասին: Գոյնզգոյն ծաղիկներով գոյնզգոյն շորերս մնացել են հեռւում` լուսաւոր սենեակիս պահարանում, դրանք հիմա ոչ մէկին պէտք չեն, որովհետեւ գոյնզգոյն շորերով պատերազմ չեն գնում, պատերազմ չեն յաղթում, պատերազմը ծաղիկներ ու գոյներ չի սիրում, նա միայն մէկ գոյն ունի… Պատերազմի ժամանակ չես հասցնում մտածել գոյնզգոյն բաների մասին, բայց գոյնզգոյն բաները, մէկ է, շարունակում են մնալ ինչ-որ տեղ, որովհետեւ աշխարհում շատ գոյներ կան, ուզենք, թէ չուզենք, միեւնոյն է` կան, եւ վաղ թէ ուշ վերադառնալու է գոյների ժամանակը…

Մեր տան մէջ սենեակիս լոյսը վառ եմ թողել, դուռը թողել եմ կիսաբաց ու եկել: Փակելը լաւ նշան չէ.  վերադառնալու եմ: Լոյսը մարելը լաւ նշան չէ, մէկ է` միտքս էնտեղ է:

Երեք պատերազմ տեսած աչքերս բողոքում են? ասում են` էլ չենք ուզում, չորրորդը չենք ուզում, թող սա վերջինը լինի: Ես գլխով եմ անում ու ասում` սա վերջինն է լինելու, հաստատ, վերջինն է լինելու: Նրանք ասում են` դէ որ վերջինն է, էս անգամ էլ չենք արտասուի, էս անգամ էլ արցունքներին կ՛ուղարկենք ներս` դէպի քո խորքերը… Իմ խորքերում հիմա անձրեւ է, բայց ես հաւատում եմ արեւածագին:

Առաջին պատերազմս ծնուեց մանկութեանս հետ, նա մեծացաւ դանդաղ, իր տարիքին համապատասխան հասակ առաւ, ուժ հաւաքեց, որ այդ ուժն իմ դէմ օգտագործի, իսկ մանկութիւնս մեծացաւ միանգամից, մի քանի գիշերների ընթացքում, երբ նկուղում լոյս ու ջուր չկար, երբ կանայք լաց էին լինում, իսկ արկերն ընկնում էին մեր բակի  տանձենու տակ, ուր մանկական ճօճարանս անօգնական ու մենակ ճռռում, հա՜ ճռռում էր: Մանկութիւնս միանգամից մեծացաւ, երբ տասնհինգ օր հօրիցս լուր չկար, իսկ յետոյ հարեւանները փսփսացին` երեխային տարէք ուրիշ տեղ, թող չիմանայ: Մանկութիւնս միանգամից մեծացաւ, երբ մօրս աչքերը տեղ չէին գտնում թաքուն լացելու, եւ փոքրիկ բարձն ամէն օր դնում էր փոքրիկ պատուհանին, որ չորանայ: Նկուղներում` լամբի լոյսի տակ, ոչ ոք չտեսաւ, որ ես միանգամից մեծացայ, տեսան յետոյ, երբ դուրս եկանք, երբ նայեցինք երկնքին ու խաչակնքեցինք…

Երկրորդ պատերազմը տեսայ որդիներիս հետ.  Արմէնը մեծ տղայ էր, մանկապարտէզ էր գնում, իսկ Նարեկն ու Նժդեհն իմ ներսում էին դեռ, չէին շտապում ծնուել, այնտեղ ապահով էր: Երեքով յայտնուեցինք Երեւանի ծննդատներից մէկում, բժիշկները յոյս չտուեցին, բայց ոտքներս դէմ տուեցինք, թէ ապրելու ենք:

– Տղերքդ յամառ են, ապրելու են:

– Բոլորս էլ յամառ ենք, ապրելու ենք:

Յետոյ բժիշկը ժպտաց ու շարունակեց.

– Փաստօրէն, երեք տղայ: Ոչինչ, մի քիչ մեծանան, մի աղջիկ էլ կ՛ունենաս:

– Եթէ նորից պատերազմ լինի, պիտի նորից տղայ ունենամ…

Երրորդ պատերազմն ականջիս տակ է հիմա, այն սողոսկել է բոլորի տները, ծննդատներն ու հիւանդանոցները, մտել է բոլոր պաստառները, բոլոր հեռախօսները, ընկել փողոցները, ամէն տեղ է, ամէն պահի դղրդում է, գոռում է: Երրորդ պատերազմն ուզում է մեր երեխաների հետ վարուել այնպէս, ինչպէս մի ժամանակ ինձ ու ինձ նմանների հետ վարուեց էն առաջինը, բայց ես թոյլ չեմ տայ, ես նրան արդէն ասել եմ, որ թոյլ չեմ տայ, իմ երեխաները միանգամից չեն մեծանայ, ես իմ փոքրիկ բարձը չեմ թացացնի ու չեմ դնի փոքրիկ պատուհանին, որ չորանայ: Չեմ անի:

քրքջում է, ասում է, որ կը յաղթի: Քրքջում եմ, ասում եմ, որ չի յաղթի.

– Ին՞չ պիտի անես:

– Կ՛ապրեմ, կեանք կը տամ:

– Կ՛առնեմ:

– Կեանք կը տամ:

Նոյեմբերի 1, Երեւան

Արտակ Իշխանեանի
եւ բոլոր նահատակ ընկերներիս
յիշատակին

Ո՞ւր էք գնում,
Տղե՛րք.
Երկինքն այնքան մեծ է
Ու այնքան հեռու,
Հասցէ թողէք, Տղե՛րք,
Հասցէ թողէք…
Կիսատ զրոյցներս դրել եմ ծրարի մէջ,
Նամակներս մնացել են ճամբին,
Ի՞նչ հասցէ գրեմ,
Արկնքում հասցէներ կա՞ն միթէ…
Ո՞ւմ ասեմ, որ կ՛արողանայ
Ձեր կենացը խմել այնպէս,
Որ կուլ գնայ յաղթանակի հացը…
Ճերմակ թղթի վրայ
Ծառեր են նկարել ձեր բալիկները,
Ծառը ծաղկել է թղթի վրայ,
Ծառը ծաղկել է,
Նրանք չեն ժպտում…
Ժպիտները աստղեր են դարձել,
Երկնքում աստղերը շատ են,
Էլ տեղ չկայ,
Հիմա երկրին են աստղեր հարկաւոր,
Աստղեր վերցրէք եկէք,
Ո՞ւր էք գնում, Տղե՛րք…

Մատիտանկարների հեղինակը
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԻ որդին է` ԱՐՄԷՆը:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )