ՎԱՐԴԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ
Եւ կուսակալը պատասխանեց եւ ասաց նրանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար: Եւ նրանք ասեցին` Պարապպային: Պիղատոսն ասեց նրանց. ապա ինչ անեմ Յիսուսին, որ Քրիստոս է կոչւում: Ամէնքն ասեցին. թող խաչուի:
Աւետարան ըստ Մատթէոսի գլ. Իէ
Պարտուեցինք: Վերջնագիրը ստորագրեցինք: Նոյեմբերի 9-ը սեպ խրեց մեր նորագոյն պատմութեան մէջ, բաժանեց այն մինչեւ նոյեմբերի 9-ը եւ դրանից յետոյ: Այդ օրը բաժանեց նաեւ մեր կեանքը. այն այլեւս երբեք նախկինը չի լինելու: Առանց այդ էլ սեւերի ու սպիտակների, հների եւ նորերի բաժանուած մեր հասարակութեան մէջ կազմաւորուեց երկու նոր հակադիր զանգուած` մի կողմից գերագոյն հրամանատարին դաւաճանութեան մէջ մեղադրողների ու նրա հրաժարականը պահանջողների, իսկ միւս կողմից` նրան արդարացնողների եւ նրա իշխանութիւնը երկարաձգել պահանջողների: Հասարակութեան բաժանումը նման ծայրայեղ հակադիր բէեւեռների ի դէմս միացեալ ընդիմութեան եւ Ն. Փաշինեանի, կարող է յանգեցնել պառակտման դրանից բխող աւերիչ հետեւանքներով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է միաւորել հասարակութիւնը, համախմբել բոլոր կարող ուժերը, վերականգնել երկիրը, պետութեան ինքնիշխանութիւնը, կարգաւորել մարդկանց կեանքը: Ո՞ր կողմն է ընդունակ դա անել, ու՞մ են վստահելու այդ գործը մեր քաղաքացիները. Ն. Փաշինեանի՞ն, թէ՞ ընդդիմութեանը:
Ն. Փաշինեանն իր իշխանութեան ողջ ընթացքում մտածուած, այլ ոչ թէ միայն վարչապետին անհրաժեշտ յատկութիւններ, կարողութիւններ չունենալու, իր անհաւասարակշիռ հոգեխառնուածքի պատճառով պետական կառոյցը վերածեց չգործառնող անպէտք մի սարքի, դարձրեց այն խաղալիք իր ձեռքում: Թէ՛ օրէնսդիր, թէ՛ գործադիր համակարգը լցնելով փողոցից բերած մարդոցմով, հնազանդ ու քծնող կամակատարներով` պետութիւնը դարձրեց իր շահերին ու ցանկութիւններին սպասարկող մեքենայ: Նրա ղեկավարած դահլիճը անկարող եղաւ կառավարել երկրի տնտեսութիւնը, կարգաւորել հասարակութեան կենսագործունէութիւնը, հետապնդել երկրի շահերը միջազգային յարաբերութիւններում, ապահովել ժողովրդի անվտանգութիւնն ու պաշտպանել այն արտաքին թշնամուց: Նա ցնցեց դատական համակարգը, իր զազրախօսութեամբ ստորացրեց դատաւորներին, թափթփուկներից կազմած ջոկատների գլուխն անցած` յարձակուեց դատարանների վրայ, վախեցնելով եւ կաթուածահար անելով դրանց աշխատանքը: Օգտուելով վարչապետի իր անսահման լիազօրութիւններից` նա փաստօրէն պատրաստեց պետութիւնը պարտութեան: Մեր ժողովուրդը ոչ միայն կորցրեց իր հայրենիքի մի մասը, իր հազարաւոր զաւակներին, այլեւ նուաստացուեց: Նուաստացուեց, որովհետեւ նոյեմբերի 9-ին հասկացաւ, որ իրեն պարզապէս խաբել են: Խաբել են մի աման ոսպապուրով ու ելակով, չթռչող ինքնաթիռներով եւ չկրակող զէնքերով, Տիգրան Մեծով եւ Պապ թագաւորով: Խաբել են, այսինքն դաւաճանել են: Ապա էլ ի՛նչ գնահատական տան կատարուածին մարդիկ, որոնք խորը ցաւ են ապրում կորցրած կեանքերի ու հայրենիքի համար: Այլեւս ակնյայտ է, որ դաւաճանութիւնը կատարուեց մտածուած, ըստ կէտ առ կէտ մշակուած ծրագրի: Ըստ այդ ծրագրի, յանցաւոր դիտաւորութեամբ փորձառու շատ հրամանատարներ վարկաբեկուեցին, նրանց փոխարէն բանակի ղեկավարութեան մէջ յայտնուեցին մարդիկ, որոնք ոչ միայն զուրկ էին համապատասխան կարողութիւններից, այլեւ պատրաստակամ էին գերագոյն հրամանատարի հետ իրագործել այդ ծրագիրը:
Արտաքին քաղաքականութեան ոլորտում մեր գլխաւոր դիւանագէտը Արցախի խնդիրը ներկայացնում էր որպէս միջէթնիկական հակամարտութիւն, քայլ առ քայլ յանձնում էր Հայաստանի դիրքերը միջազգային յարաբերութիւններում` ազգային շահերը դնելով նոր-ազատականութեան զոհասեղանին: Իսկ թէ ի՛նչ վիճակի հասցուեց տնտեսութիւնը, մենք շատ շուտով կը զգանք մեր մաշկի վրայ:
Փաշինեանը, օգտագործելով հրապարակային շաղակրատի ու զազրախօսի, տեմակոկ պատգամաւորի հարուստ փորձը, վարպետօրէն քօղարկում էր իր քայքայիչ գործունէութիւնը: Պաշտօնը ստանձնելու առաջին օրից ձեւացնում էր, թէ ղեկավարում ու կառավարում է, բարեփոխում է մեր կեանքը, պայքարում է փտած նախկինների դէմ, որոնց թալանած փողերը վերադարձնելու է ժողովրդին: Իրականում նա մեծ սիրով ու ջանադրութեամբ ձեռնամուխ էր լինում այն «գործին», ինչին որ ունակ էր, որից հաճոյք էր ստանում: Նա իր խմբակի հետ թաւշեայ յեղափոխութեամբ երջանկացած «հպարտ» քաղաքացիների համար փողոցային խրախճանքներ էր կազմակերպում, զգայնացունց ձերբակալութիւններ եւ աղմկոտ դատավարութիւններ էր բեմադրում: Լայվերի եւ հեռախօսազանգերի միջոցով շփուելով հպարտ քաղաքացիների հետ` ներշնչում էր ամբոխին, թէ նրանց դարձնում է պետութեան կառավարմանը «մասնակից», իրեն ժողովրդական մարդ ներկայացնելով սովորեցնում էր ինչ եւ ինչպէս ուտել, Նոր տարուայ սեղանին ի՞նչ դնել եւ այլն, եւ այլն: Երբ Ալիեւը զինում էր բանակը, զօրավարժութիւններ էր անցկացնում, դիւանագիտական յաղթանակներ էր տանում, Փաշինեանը իր արտասահմանեան այցելութիւնների ժամանակ գովազդում էր թաւշեայ յեղափոխութիւնը, ապշեցնում էր օտար քաղաքական գործիչներին իր արտառոց դիրքորոշումներով արցախեան հարցում եւ իր գաւառական ազատականի վարքագծով:
Իր ապազգային, էութիւնը քօղարկելու համար չէր խորշում նաեւ հայրենասիրական ճոռոմաբանութիւններից, շահարկում էր մեր ազգային նուիրեալների անուններն ու մեր ժողովրդի փառահեղ յաղթանակները: Նոյնիսկ պատերազմի օրերին իր լայվերով ապատեղեկացնում եւ մոլորութեան ու խուճապի մէջ էր գցում մարդկանց, ապակազմակերպում էր բանակը, ապակողմնորոշում էր պետական կառոյցները: Յիշենք` նրա ապաստարաններից տրուած լայվերը որտեղ նա, դեռ պատերազմի երկրորդ շաբաթը չանցած, հալածուած իսլամիստական ջոկատի հրամանատարի կերպարով, իրավիճակը բնութագրում էր որպէս օրհասական, կոչ էր անում դեռ նոր զօրացրուած տղաներին իրենց զինուորական հաքուկապով գնալ ճակատ վերջին կռիւը տալու, կամ խօսում էր շատ ցաւոտ զիջումների ու անձնատուութեան մասին: Այն դէպքում , երբ այլոց պահանջում էր պատժել զուտ միայն նրանց կողմից այս կամ այն հարցով անհանգստութիւն յայտնեյու համար:
Սա է Ն. Փաշինեանի` որպէս վարչապետի ու գերագոյն հրամանատարի բնութագիրը: Այսօր նա վարչապետն է իր իսկ ձեռքով կիսաքանդ արած մի պետութեան, որը չի գործառնում: Գործում են միայն ոստիկանութիւնը եւ ԱԱԾ-ն, որոնք եռանդուն կերպով ճնշում եւ պատժում են բողոքի ելած մարդկանց ու պաշտպանում են թաքուն վերջնագիր ստորագրած ու թաքնուած վարչապետին: Իսկ վարչապետը խուսափում է պատասխանատուութիւնից, մեղադրում է բոլորին, փորձում է արդարանալ եւ ամէն գնով երկարաձգել իր իշխանութիւնը. գոնէ` վեց ամսով: /Տպաւորութիւն է ստեղծւում, որ այս մարդը պետութիւնը քանդելու իր ծրագիրը լրիւ չի աւարտել:/
Անսպասելի, ԶԼՄ-ներից իմանալով վերջնագրի մասին, քաղաքացիների մեծ մասը վստահ էր, որ Նիկոլը արդէն փախել է երկրից: Շատերը գրքերից, շարժանկարներից, դիմատետրեան էջերից տեղեակ են, որ անձնատուութիւն ստորագրած գերագոյն հրամանատարը, եթէ ինքնասպան չի լինում, ապա առնուազն հրաժարական է տալիս եւ կանգնում է դատարանի առաջ: Կարելի է ենթադրութիւններ անել, թէ ինչո՛ւ նա չի դիմել այդ քայլերից եւ ոչ մէկին. կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ուժեր կան, որոնք պարտադրում են, ստիպում են , որ նա առնուազն 6 ամիս եւս մնայ:
Ընդդիմութիւնը գիտակցելով Փաշինեանի հետագայ պաշտօնավարման հետ կապուած վտանգները` պահանջում է նրա օր առաջ հրաժարականը: Սակայն ռազմական իրադրութեամբ կաշկանդուած ընդիմադիր կուսակցութիւնները իրենց հետապնդուող ու ձերբակալուած ղեկավարներով ի վիճակի չեն պարտադրել նրան հրաժարական տալ:
Ն. Փաշինեանը եւ նրա հետ Արցախի նախագահը իրենց արդարացնելու համար պարտութեան մեղքը բարդում են բանակի զօրավարների, զինուորների, դաշնակիցների վրայ: Բայց չէ՞ որ դաւաճանութեան մեղքը բանակի պարտութեան մէջ չէ: Պարտութիւնը դրա հետեւանքն է միայն: Դաւաճանութիւնը քայլ առ քայլ պարտութիւնը նախապատրաստելու մէջ էր:
Նրանք անամօթաբար մեղադրում են բոլորիս` ոտնահարելով բոլոր նրանց ինքնասիրութիւնը, որոնք պատերազմի առաջին օրից համախմբուեցին պետութեան շուրջ, կամաւորական ջոկատներ կազմեցին եւ մեկնեցին ճակատ` մեր սահմանները պաշտպանելու, որոնք ինչպէս եւ ինչով կարող էին, օգնեցին բանակին: Ինչպէս են բացատրելու նաեւ այն փաստը, որ իր խօսնակների միջոցով վարչապետը ապատեղեկացնում էր սեփական ժողովրդին, թաքցնում էր իրականութիւնը ռազմաճակատում, պետութեան բարձրագոյն ղեկավարութիւնից ոչ մէկին, էլ չենք ասում` ընդդիմութեանը, տեղեակ չէր պահում, թէ ինչի՛ շուրջ է բանակցում բարեկամ պետութիւնների եւ մասնաւորապէս ՌԴ ղեկավարութեան հետ: Այսօր է պարզւում, որ նա թիւրիմացութեան մէջ էր գցում նաեւ վերջիններիս: Նրանք զրպարտանքներ են տարածում ընդդիմութեան հասցէին` ցանկանալով մոռացութեան մատնել այն իրողութիւնը, որ բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնները, քաղաքական գործիչները առաջին իսկ օրից մի կողմ դրեցին իրենց տարաձայնութիւնները իշխանութիւնների հետ, նեցուկ կանգնեցին պետութեանը եւ իրենց ջանքերն ուղղեցին երկրի պաշտպանութեանը: Ընդդիմութեան յստակ առաջարկները, հնարաւորինս օգնելու ռազմական, քաղաքական ու դիւանագիտական խնդիրները լուծելու համար, մերժւում կամ անտեսւում էին: Վարչապետը ամէն ինչ վերցրել էր իր ձեռքը, չէզոքացրել էր բոլորին եւ առաջի հերթին, ի հարկէ ընդդիմութեանը: Եւ միթէ՞ զարմանալի է, որ ընդդիմութիւնը պատասխանատուութեան է կանչում գաղտագողի վերջնագիր ստորագրած վարչապետին եւ պահանջում է նրա հրաժարականը: Ընդդիմութեան այս պահանջը վարձու քարոզիչները ներկայացնում են որպէս իշխանութեան գալու փորձ, որպէս աթոռակռիւ , դիմում են շանթաժի` վախեցնելով թէ՛ մեր ժողովրդին, թէ՛ միջազգային հանրութեանը, որ իշխանութեան գալով` ընդդիմութիւնը վերսկսելու է պատերազմը: Այո՛, ընդդիմութիւնը ուզում է օր առաջ ազատուել Նիկոլից եւ կազմել նոր իշխանութիւն` երկիրը փրկելու եւ նոր կորուստներից խուսափելու համար: Ին՞չ է, ընդդիմութիւնը այդ իրաւունքը չունի՞: Պատմութեան մէջ չի եղել ու չկայ որեւէ քաղաքական ընդդիմութիւն, որ չպահանջի պարտուած ու ձախողուած իշխանութեան հրաժարականը: Դա ընդդիմութեան պարտքն է հասարակութեան առաջ: Ընդդիմութեանը կարելի է եւ պէտք է քննադատել, եթէ այն իր այդ պարտաւորութիւնը չի կատարում , այլ ոչ թէ` հակառակը: Դա ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքներից է: Տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում, որ պետութեանն ու ժողովրդին մեծագոյն վնասներ հասցրած իշխանութիւններին պատասխանատուութեան կանչելու համար ընդդիմութեանը մեղադրեն:
Ն. Փաշինեանի կառավարումը երկարաձգելու համար միւս` ամենածիծաղելի փաստարկը, որ տարածում են ժողովրդի մէջ, հետեւեալն է. «Եթէ ոչ Նիկոլը, ապա ո՞վ»: Նախ ասենք, որ Նիկոլի մակարդակին համապատասխան փոխարինող կարելի է գտնել թէկուզ նրա նուիրեալ զինակիցների շրջանում: Այնտեղ քիչ չեն Քաջ Նազարի, Փանջունու, Աւիս Նուրիջանեանի համատեղուած յատկութիւններով կերպարներ, որոնք կարող են փոխարինել Նիկոլին: Դրանցից շատերը պետական համակարգը կազմալուծելու եւ տնտեսութիւնը աւերելու զգալի փորձ են ձեռք բերել, նոյն յաջողութեամբ կարող են զուարճացնել ամբոխին շոուներով ու միտինգներով, շանտաժով վարկաբեկել ու հալածել իրենց հակառակորդներին: Քիչ չեն եւ պատրաստ են նրան փոխարինել հհշական բուծարաններում աճած ու դաստիարակուած ժառանգական ազատականները նաեւ իմքայլականների մէջ: Եւ վերջապէս, ընդօրինակելով ուքրանական փորձը, կարող են իշխելու կանչել մեծ ազատական Սահակաշուիլուն: Բայց ի հարկէ նիկոլն ուրիշ է:
Իսկ այս վարձկան քարոզիչների հարցին պատասխանենք հարցով. իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով, Հայստանում կրթուած, բարեկիրթ, ազնիւ ու պետութիւն ղեկավարելու յատկութիւններով օժտուած մարդիկ չե՞ն մնացել: Եթէ ոչ, էլ պետութիւնն ինչների՞ս է պէտք:
Այս քարոզիչները բոլոր միջոցներով ցանկանում են շեղել կատարուածից, արդարացնել իրենց կուռքին: Նրանք գուցէ չեն էլ գիտակցում, որ անկախ այն բանից Նիկոլը հրաժարական կը տա՞յ, թէ՞ ոչ, մեղայ կը գա՞յ իր ժողովրդի առաջ եւ հազարաւոր զոհուած երիտասարդների համար խղճի տանջանքներին չդիմանալով ինքնասպան կը լինի՞, թէ՞ ոչ , միեւնոյն է , նա այլեւս մեր պատմութեան մէջ յաւիտեանս կը մնայ, որպէս ԴԱՒԱՃԱՆ: Դա ընդդիմութիւնը չի որոշում: Դա ամրագրուած է միջազգային փաստաթղթերում: Արդէն ամրագրուած է մեր պատմութեան սեւ էջերում:
Սակայն, չնայած կատարուած աղէտին եւ համազգային նսեմացմանը, ժողովուրդը չի ելնում բողոքի, չի կանգնում ընդդիմութեան թիկունքին: Իսկ առանց հզօր, զանգուածային բողոքի շարժման` Նիկոլից եւ նիկոլականներից ազատուել դժուար է:
Մի քանի հազար քաղաքացիներ են ելնում բողոքի, մի քանի հազարն են, որ չեն կարող տանել ազգային ամօթը, կորուստների կսկիծը: Ստորացուել է նրանց` որպէս հայ մարդկանց ազգային արժանապատուութիւնը, եւ նրանք պահանջում են սրբել այս խայտառակութիւնը մեր պատմութեան երեսից: Չգիտենք, թէ որքա՛ն է նման մարդկանց քանակը: Հասարակական կարծիքի հետազօտութիւններ մեզանում չեն անցկացւում եւ դժուար է մեր հասարակութեան տարբեր շերտերի ճշգրիտ քանակական ու որակական սահմանումները տալ/: Եթէ դրանք կազմում են մեր քաղաքացիների գոնէ 5-7 տոկոսը, ապա կարող ենք վստահ լինել, որ մենք ապագայ ունեցող ժողովուրդ ենք:
Մեր ազգային արժէքները կրող եւ պահպանող, ազգային արժանապատուութեամբ օժտուած այս մարդիկ են մեր երկրի աղը: Այս մարդիկ են, որ ուղղելու եւ ամուր են պահելու մեր ժողովրդի ողնաշարը, մեր կեանքի տարբեր բնագաւառներում իրենց աշխատանքով կերտելու եւ շարունակելու են մեր պատմութիւնը: Երբ ասում ենք` հայ ժողովուրդ, պատկերացնում ենք մեր պատմութիւնը ամբողջութեան մէջ, մեր ծագումը, մեր մշակոյթը, լեզուն, կրօնը, յաղթանակները, կորուստները եւ այլն, որոնք եւ տալիս են հայ ժողովրդի ամբողջական, աւարտուն կերպարը, դարձնում են այն ընկալելի եւ շօշափելի:Այս մարդկանց շնորհիւ է ձեւաւորուելու մեր ազգային կերպարը:
Այս մարդիկ են մեր ժողովրդի, մեր պետութեան գոյատեւման գրաւականը, այլ ոչ թէ` Նիկոլի հետեւորդներից բաղկացած ամբոխը: Ամբոխ, որը հաւաքագրուեց գունաւոր յեղափոխութիւններ կազմակերպող մասնագէտների կողմից` ներառելով քաղաքային տգէտ խաւը, աղանդաւորներին, ԼԿՊՏ համայնքը, իրենց պիզնեսմեն անուանող չարաշահողներին, չճանաչուած հանճարի կերպար ընդունած անտաղանդ արուեստագէտներին, ընկերային ցանցերում կեղծիքներ թխողներին, դիմատետրեան կրթութիւն ստացած քաղաքագէտներին ու լրագրողներին: Խոստումներ տալով ու վախեցնելով` սրանք իրենց կողմը ներգրաւեցին չինովնիկների, որոնց համար միեւնոյն է թէ ում կը ծառայեն, միայն թէ իրենց պաշտօնին մնան, շարքային քաղքենիների, որոնց արժանապատուութիւնը չափւում է միայն իրենց Մերսետեսով , վզի հաստութեամբ եւ կերած- խմածի չափով: Սա այն ամբոխն է, որ անտարբեր է մեր ազգային արժէքների, մեր ժողովրդի ճակատագրի նկատմամբ, որի համար կարեւորը իր ամենանսեմ բնազդների բաւարարումն է:
Վերջապէս, սա այն ամբոխն է, որին եթէ հարցնենք, թէ ու՞մ է ուզում, կը պատասխանեն Նիկոլին, իսկ Արցախն ի՞նչ անենք, կը պատասխանեն` խաչէ՛ք, խաչէ՛ք: