Հայրենիքի փրկութեան շարժումը ժամ առ ժամ թափ կը հաւաքէ ու կը վայելէ հասարակութեան բաւական ընդարձակ շրջանակներու աջակցութիւնը:
Դիմատետրի իր էջին վրայ այս մասին գրառում կատարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը: Ստորեւ` ամբողջութիւնը.
«Հայրենիքի փրկութեան շարժումը ժամ առ ժամ թափ է հաւաքում` ստանում հասարակութեան ամենալայն շրջանակների աջակցութիւնը:
Այս փաստից ահաբեկուած վարչակարգը` բռնութեամբ, ստով, շանթաժով եւ երեսպաշտութեամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:
Վստահաբար ասում եմ` չի ստացուելու, չէք յաջողելու:
Փաստօրէն, Հայրենիքի փրկութեան շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրութեանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է:
Հոգեվարքի մէջ գտնուող վարչակարգը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պէտք է յստակ գիտակցեն.
– Հայրենիքի փրկութեան շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնութիւնը: Յստակ է, որ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը եւ անցումային կառավարութեան ձեւաւորումը տեղի է ունենալու միայն իրաւական, սահմանադրական ճանապարհով:
– Նիկոլը չունի հանրային աջակցութիւն: Այս պահին նրա կողքին են մի խումբ` իրենց դիրքորոշումներում տատանուող ՔՊ-ականներ (Քաղաքացիական պայմանագիրի անդամներ), մի քանի սադրիչ արկածախնդիրներ: Հետեւաբար` բախումն բացառուած է. հակամարտող կողմեր պարզապէս չկան:
Կայ խոցուած արժանապատուութեամբ, դաւաճանուած մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից եւ գիտակցում կորուստը:
Նիկոլ Փաշինեանը հեռանալու է: Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից եւ ողջամիտ ժամկէտներում երաշխաւորելու ենք Հայաստանի քաղաքացիների ազատ եւ արդար ընտրութեան իրաւունքը:
Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացութիւնների եւ իշխանութիւններին պաշտպանելու յուսահատ փորձերի վրայ:
Նիկոլ Փաշինեանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտութիւն է:
Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք հայրենիքը: Առանց Նիկոլ Հայաստան»: