Երէկ` երեքշաբթի, 1 դեկտեմբերին, Հայաստանի կառավարութեան շէնքին դիմաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հացադուլ յայտարարած` ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկեանին ու Գարիկ Աւետիսեանին այցելած է Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը: Վեհափառ հայրապետը յորդորած է անոնց` դադրեցնել հացադուլը:
Տեղեկութիւնը հաստատած է Գեղամ Մանուկեանը` նշելով.
«Սիրելի՛ զինակիցներ, ընկերներ, հարազատներ: Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, կառավարութեան շէնքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա բաւականին երկար զրուցեց հետներս, յորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան: Եղել էին բազում նման յորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողութիւնները: Վեհափառ հայրապետին դժուար էր մերժելը: Այսօրուանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը: Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ:
Նիկոլը պէտք է անյապաղ հեռանայ: Մանրամասներն` առաւել մանրամասն կը ներկայացնեմ այսօր երեկոյեան: Շնորհակալ եմ աջակցութեան, զօրակցութեան եւ սրտացաւութեան համար»: