Անթոյլատրելի նկատելով հասարակութեան մէջ թշնամութեան, վրէժխնդրութեան, անվստահութեան, ատելութեան սերմանումը` Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահութիւնը յայտարարութեամբ մը պահանջեց Հայաստանի կառավարութեան հրաժարականը:
Յայտարարութեան մէջ նշուեցաւ.
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ Ազրպէյճանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդիւնքում Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում ստեղծուած ծանրագոյն իրավիճակի կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութիւնը յայտարարում է.
1.- Նոյեմբերի 9-ին Ազրպէյճանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքուած յայտարարութիւնը գնահատում ենք որպէս հայ ժողովրդի համար նուաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի, Արցախի Հանրապետութիւնը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանութեան լրջագոյն սահմանափակումներ, հայկական զոյգ պետութիւններում եւ սփիւռքում ստեղծւում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ:
2.- Ստեղծուած իրավիճակում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահներին համարում ենք Արցախի հայութեան նկատմամբ թուրք-ազրպէյճանական ցեղասպան եւ հայրենազրկման քաղաքականութիւնից փրկութեան եւ տարածաշրջանում կայունութեան հաստատման բացառիկ երաշխաւոր:
3.- Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամէն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը եւ արդիականացմանը:
4.- Խստագոյնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտութեան նկատմամբ հանրապետութեան իշխանութիւնների կրաւորական վերաբերմունքը, որի արդիւնքում անհնարին դարձաւ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նուաճումների կիրառումը:
5.- Անթոյլատրելի ենք համարում հասարակութեան մէջ թշնամութեան, վրէժխնդրութեան, անվստահութեան, ատելութեան սերմանումը եւ կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտ ստեղծելու համար:
6.- Ստեղծուած իրավիճակում անարդիւնաւէտ ենք համարում Հայաստանի կառավարութեան հետագայ պաշտօնավարումը եւ պահանջում կառավարութեան հրաժարականը հանրապետութեան վարչապետի գլխաւորութեամբ»: