ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր
… «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»:
Այս խօսքերի հեղինակը թուրքական բանակի հրամանատար, տխրահռչակ Ալի Իհսան Փաշան է, ով իր հեծելազօրի հետ սրանից 102 տարի առաջ, 1918-ի գարնանը, Իրանի Ատրպատականի շրջան հերթական ներխուժման ժամանակ ջախջախուեց հայ կամաւորականների հուժկու դիմադրութեան արդիւնքում…
Հայ կամաւորականները մասնաւորապէս Ուրմիայի եւ Խոյ-Սալմաստ ճակատամարտերով պատճառ դարձան, որ Իհսան փաշայի զօրքերը ամիսներ դոփեն տեղում եւ այնպէս էլ չյաջողեն միանալ Սարդարապատում նոյնպէս ջախջախուող թուրքական զօրաբանակին:
Պատմական վերոգրեալ փաստի մասին այստեղ հարկ չկայ լայն փակագծեր բացել, որպէսզի ապացուցելու լինենք փանթուրանական հին թէ՛ նոր` նոր օսմանականութեան բարդոյթով տառապող մերօրեայ Իհսան փաշաների` էրտողան-ալիեւների երազանքների «արդիականութիւնը»…
Ահաւասիկ, եթէ 100 տարի առաջ, Իրանում իշխող ղաջարական ապիկար, թուլամորթ ու պարտուողական «երկրապահների» բացը` դիմակայելու թուրք ոտնձգիչներին, լրացնում էին հայ ազատագրական պայքարի նուիրեալները, այսօր, սակայն, հզօր, զգօն եւ հայրենանուէր Իրանի զաւակների առկայութեամբ սաղմի մէջ խեղդուել ու խեղդուելու է ոտնձգիչ ամենադոյզն իսկ խելացնորութիւնը…:
Եւ ահա, նոր օսմանացիների նկրտումների կիզակէտում դարձեալ Կովկասն է, որի ճամբին որպէս խոչընդոտ առկայ է դարձեա՛լ հայութիւնը, սակայն, այսօր որպէս պետական ուրոյն միաւոր ու ազգային անվտանգութեան երաշխաւոր` փառապանծ բանակով, որի հայրենական առաջնային խրամատներն են արծուաբոյն Արցախը, իսկ այդ ամէնի թիկունքում` Սփիւռքի գիտակից, հայրենասէր ու պահանջատէր մերօրեայ բազմահազար «կամաւորական ջոկատները»…:
Եւ այսպէս` աշխարհագրա-քաղաքական, ինչպէս եւ` տարածաշրջանային (Մերձաւոր ու Միջին-արեւելեան ու կովկասեան) վերջին ժամանակաշրջանների յարափոփոխ զարգացումներին ի տես` էրտողանեան նոր օսմանականութեան, (եւ համատեղութեան կարգով իսրայէլական սիոնիզմի), յատկապէս ՏԱՀԵՇ-աբարոյ նկրտումները յօդս են ցնդելու, յար եւ նման ընդդէմ Սիրիա-Իրաք թուրքական ոտնձգութիւնների, քանզի.-
1.- Տուեալ դէպքում (միեւնոյն Ատրպատականի սահմանակից շրջանների ողջ երկայնքով) Թուրքիան յօգուտ Պաքուի կլանի կուտակել է վարձկան-ջիհադիստ ՏԱՀԵՇ-ականների, որով անմիջական սպառնալիք են դառնում Իրանի ազգային-պետական անվտանգութեանը,
2.- Անկախ դրսեւորման եղանակներից, հայ-իրանական ազգային-պետական շահերի համընկնումը դառնում է բնական եւ անխուսափելի` այս վերջինների դէմ ներուժ ու ներգործուն սպառնալիքները դիմագրաւել-յաղթահարելու առումով:
… Ու այժմուանից պարզորոշ է, թէ Իհսան Փաշայի խելացնոր ժառանգորդ Էրտողանը եւս, ուշ թէ շուտ, խոր մղձաւանջի մէջ նւնւալու է.- եթէ չլինէին հայ-իրանական համատեղ շահերը, մենք կը գրաւէինք Կովկասը»…