ՅԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
«Կարէն Դեմիրճեան… Բարի, աստուածային, հայրենիք ու հող պաշտող, պայծառ, անդաւաճան, նուիրեալ ամէնքին: Հայի մի տեսակ, որ հպարտ կարող է ասել.
– Ես հայ եմ. Տիգրան Մեծի, Արտաշէս Բարեպաշտի եւ Արշակ Երկրորդ թագաւորների, մեծն արքաների բարի գործերի ու անաւարտ գործերի շարունակողը: Ես` իմ ժողովրդի օճախի ծխի, խաղողի որթի ամէն մի մատի, գիւղացու կոշտացած եւ արեւախանձ ու դառնաղի քրտինքն իմ հոգում պահած, մագաղաթէ գրերն աչքիս խորքում անաղարտ պահած, օտարի դրանը երբեք չծնկած` հպարտ թագաւոր. հայի մի տեսակ, իմ ժողովրդին նեցուկ ու մէջքին ամուր կանգնած` մի մարդ եմ հասարակ, հասարակ մի մարդ` միայն մեծատառով:
Տառապած ու մեծապանծ ազգիս զաւակն եմ…
Թէ խոնարհւում եմ, իմ ժողովրդի բազմատառապած անցեալին եմ խոնարհւում, հպարտ եմ կանգնում օտարի առաջ, վեհապանծ տեսքով` նայում օտարի աչքերին…
Հայրենիքս իմ հնամենի հայ ժողովուրդն է իր մշակոյթով, մի բուռ հողն անգամ մայր հող դարձնելով, մեր զուլալ առուակները սարի սրտից հոսելով` իմ սրտի մէջ ամբարելով, արեւի ցոլքերն իմ աչքերում պահելով ու ջերմութիւնը ժողովրդիս բաժանելով…
Տարիներ առաջ էր… 1977 կամ էլ 1978 թուականները… Մեծ եղբօրս ողբերգական մահից յետոյ կարծես սեւ հողն էր լցուել մեր գլխին, վիշտ, լաց ու սուգ էր մեր տանը: Յիշում եմ` դպրոցական էի ու գիւղում տարածուեց, որ Կարէն Դեմիրճեանն Ամասիա է գալու, եւ գնալու է մինչեւ Շուրաբադ ու Արփի լիճ:
– Թագաւորն էլ գի՞ւղ գայ,- զարմացաւ իմ բարի ու միամիտ հօրաքոյրը: Մինչեւ այդ չլսուած բան էր, թախտ ու գահը թագաւորը թողնի ու գայ գիւղ:
Շատերը չէին հաւատում…
Բայց …Եւ այդ շատերն` անհաւատները, զարմանք ապրեցին… Տեսան այն, ինչ արդէն իրենց աչքերի մօտ էր ու իրականութիւն:
Բարեսիրտ մարդը, երբ մտել է մեր գիւղի այգին, հիացած բացագանչել է.
– Այս ի՜նչ սիրուն փոքր քաղաք է:
Իմ հայրենակիցները Դեմիրճեանին ընդունեցին ցնծութեամբ: Ծնողներս էլ` տխուր վշտի մէջ կարծես մի քիչ սփոփուել էին, որ թագաւորի էին տեսնելու:
Իսկ փոքր եղբայրս` Հրաչոս եւ ընկերը` Յարութիւնը, անընդհատ պարծենում էին, թէ ինչպէս էին տեսել Կարէն Դեմիրճեանին:
Ես պատմութիւնից եւ հեքիաթներից գիտէի, որ թագաւորը խիստ է լինում:
– Խի՞ստ էր,- հարցնում էի եղբօրս եւ ընկերոջը:
– Չէ, Յասմի՛կ ջան, ժպտում էր մարդկանց, բարի էր…
Նրանք երկուսով վայելում էին թոնրի բաղարջը եւ պարծենում, թէ ինչպէ՛ս են Դեմիրճեանի մեքենային ձեռքով հպուել: Երկու ընկերներով դեռ փոքրուց սիրել են մեքենայի մասերը քանդել եւ հաւաքել: Գուցէ երկուսի ձեռքերն էլ մրոտ է եղել, եւ շարքային ոստիկանը թոյլ չի տուել, որ շատ երկար կանգնեն մեքենայի մօտ:
Չէի հաւատում, որ աշխարհում բարի թագաւոր կայ ու խօսում է մարդկանց հետ, գոռոզ չէ: Ախր, իմ կարդացած գրքերն ու իրականութիւնը չէին համընկնում:
Միամիտ հօրաքոյրս էլ երկար ժամանակ չէր հաւատում եւ միշտ կրկնում էր, որ չլսուած բան է, որ թագաւորին հասարակ գիւղացին տեսնի…
Ամէնք, ամէնքը դարձան, աւա՜ղ…
Չկան, անվերադարձ չկան հիմա նրանք… Դարձան յիշողութիւն, վաղեմի իրական դարձան երազ…
Մեր սիրելի թագաւորի օրօք ինչքան լաւ ենք ապրել: Լիքը, լիքն էր ամէն ինչ, հիւր ընդունել, հիւր գնալ, երբ ուզենաս, ո՞վ էր այդ տարիներին թոյլտուութիւն խնդրում… Հիւրընկալը հիւրին ընդունում էր խելքով, շնորհքով, բարեսիրտ ձեւով:
Իսկ երբ հիւրը հիւրընկալի տանը գրքեր, արուեստի նկարներ ու քանդակներ էր տեսնում, դա մի ուրիշ աշխարհ էր արդէն…
Արուեստի, գիր ու գրականութեան տարիներ էին…
Երնէկ այդ տարիներին, ես ջահէլ էի, թէեւ սուգ-վշտի մէջ` այսքան վշտեր դեռ չէի տեսել…
Անցան տարիներ… Գիւղը դատարկուել` մտել էր հրապարակամէջ: Իմ գիւղը, իմ բնօրրանը երկրաշարժից յետոյ դարձել էր մի տխուր ոստան. տեսնես Կ. Դեմիրճեանը ինչպէ՞ս կ՛ընդունի իր տեսած սիրուն փոքր քաղաքը…
Նա եւ Սպարապետը տխուր էին, ուրախութիւնը, խեղճութիւնն իրար էին խառնուել…
Աղն ու հացը կիսելիս` Կ. Դեմիրճեանն աշակերտուհուս ասել է.
– Սիրուն բալա, սիրուն բալա…
Ու իմ բոլոր աշակերտները հրճուանք էին ապրում, կարծես մոռացել էին ամէն ինչ` սով, մութ ու խաւար տարիներ, կօշիկ ու տաք հագուստները` ընկերովի, եւ էլի շատ ու շատ կարիքներ… Մարդիկ մոռացել էին իրենց ցաւն ու դարդը, մարդիկ մոռացել էին, որ կուշտ չեն, չունեն ապրելու տարրական պայմաններ. իրենց Թագաւորն է եկել, իրենց Սպարապետն է եկել: Ուրախ էին, աշխարհի չափ ուրախ, ու ես զարմանում ու հրճուանք էի ապրում, որովհետեւ երկրաշարժից յետոյ իմ գիւղի մարդիկ երբեք այդքան պայծառ չէին եղել…
Երեխան մօտ գրկում` թաթիկները էր պարզում, ու հրճւում, որովհետեւ բոլորն էին ժպտում: Մարդկանց դէմքին, այդքան տարիներ անց, ով էր տեսեր, ժպիտ, ով էր տեսել յոյս ու հաւատ:
Վաղուայ օրն` լաւն էր լինելու…
Ու կը լինէր… Եթէ չլինէին թուրքից էլ աւելի թուրք հայեր…
Մեր սիրելի Սպարապետը ծանր էր տարել, որ լեռներում մարդիկ վատ են ապրում: Նրան անծանօթ էր մեր գիւղը, ու չգիտէր, որ եօթանասունական թուականներից սկսած` Եղնախաղի փէշերին ինչքան լաւ ենք ապրել, չգիտէր, որովհետեւ այդ տարիներին եղել է դպրոցական աշակերտ:
Իսկ Հայոց թագաւորը` Կարէն Դեմիրճեանը, հիացած էր մեր փոքրիկ քաղաքի (նրա բնորոշմամբ) մաքրութեամբ, ալպիական բնաշխարհի գեղեցկութեամբ…
Ու ես վախ էի ապրում, չէ՞ որ երկրաշարժը սրբել-տարել էր ամէն ինչ, ու օտարին, կամ իմ բնօրրանն առաջին անգամ այցելած մարդու համար տխրութիւնը չէր սքօղւում:
Բայց ամասիացիներս ինչքան էինք սիրում ե՛ւ Կարէն Դեմիրճեանին, ե՛ւ Սպարապետին, որ ոչ մի դժգոհութիւն առաջ չպարզեցինք. հաւատում էինք նրանց միասնութեանը` Հայոց երկիրն էր փրկուելու…
Հրաժեշտի պահից յետոյ էլ հրապարակը չէր դատարկւում:
Միամիտ, միամիտ, աստուածավախ մի ժողովուրդ, ում մտքով կ՛անցնէր, թէ թիկունքում սեւ ու մարդակեր գործ էր դարանւում…
Ու չգիտէին, որ մեր սիրելի, պայծառ թագաւոր Կարէն Դեմիրճեանին եւ Հայոց Արծիւ Սպարապետին տեսնում են վերջին անգամ: Դա մեր վերջին հանդիպումն էր եւ վերջին հրաժեշտը…
Նրանց սիրտը մեր Եղնախաղի լեռներում է, ու անձրեւին, ձեան, սառոյցին` տագնապով նայում եմ լեռներին… Հո, չմրսեցի՞ն…»:
Ամասիա