ԳԷՈՐԳ ԽՈՒԴԻՆԵԱՆ
Բոլորս ենք ընդունում այն իրողութիւնը, որ ներկայ դաժան պատերազմում լուծւում է ոչ թէ հայկական Արցախի, այլ Հայաստանի ու հայութեան գոյութեան հարցը, որովհետեւ առանց Արցախի` Հայաստանը լինելիութեան շանսեր չունի, իսկ առանց Հայաստանի` հայկական արդի սփիւռքը:
Պատճառն աւելի քան պարզ է. բաւական է, որ հակառակորդն ամրանայ Որոտան-Բերձոր-Քարվաճառ ջրբաժան գծի վրայ եւ մենք զրկուենք ինչպէս Զանգեզուրի հարաւի պաշտպանական խորութիւնից, այնպէս էլ Սեւանայ լճի ջրային պաշարներից, որոնք անպայման կը թունաւորուեն Ազրպէյճանի կողմից` Քարվաճառում գտնուող Արփայի, Որոտանի, Թարթառի եւ այլ գետերի վերին հոսանքներին տիրելու պարագայում, ուստի, իսկապէս որ, մենք կը փակենք մեր պատմութեան վերջին էջը:
Խորհրդային Հայաստանի 30 հազարանոց տարածքը, իսկապէս որ, ընդարձակ գերեզման է անկախ Հայաստանի համար` ինչպէս դա կանխատեսել էր թուրք զօրավարներից մէկը` 1918-ին մեզ բաժին ընկած աւելի սահմանափակ տարածքի վերաբերեալ:
Սակայն պէտք չէ մոռանանք նաեւ, որ այդ նոյն 1918-ի արշաւանքը գլխաւորած թուրք զօրավարը` Վեհիպ փաշան, նոր ժամանակների մեր Աւարայրը դարձած Ղարաքիլիսայի ճակատամարտում անօրինակ հերոսութիւն դրսեւորած, բայց փամփուշտները սպառելու պատճառով մարտադաշտը լքած հայերի հանդէպ իր փիւռոսեան յաղթանակից յետոյ, Պաթումում խոստովանել էր մեր դիւանագէտներին, որ` «Գալու է ժամանակը, երբ հայերն աշխարհի լաւագոյն զինուորներն են դառնալու»: Այսօր, իսկապէս որ, եկել է այդ ժամանակը, առաւել եւս, որ հայ ժողովրդական իմաստնութիւնն ասում է` «Թուրքն անիծուած է, բայց նրա խօսքը սուրբ է»:
Ուրեմն Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը, որ վերջերս է դոկտորական ատենախօսութիւն պաշտպանել ամերիկեան զօրավար Հարպորտի` Սեւրի պայմանագրի ստորագրմանը նախորդած տարածաշրջանային առաքելութեան եւ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների մասին, պէտք է որ ծանօթ լինի ժամանակի հայ դիւանագէտների յուշերին, որպէսզի ունկնդրի Հայաստանի դէմ ցեղասպանական արշաւանքի գծով իր նախորդի` Վեհիպ փաշայի խօսքերին եւ խորութեամբ հասկանայ դրանց իմաստը: