ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը տեւական ժամանակ է, ինչ վերածուել է Իրան-ԱՄՆ դիւանագիտական պայքարի հարթակի:
Դիմակայութիւն, որի այս հանգրուանում Իրանին յաջողուել է ապահովել որոշակի դիրքային առաւելութիւն: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.
Ա. Իրանի նկատմամբ զէնքի էմբարգոն երկարաձգելու նպատակով ԱՄՆ նախաձեռնած քայլերը միանշանակ ձախողուել են: Դեռ աւելին, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում յայտնուել է այնպիսի մեկուսացած պայմաններում, որն իր նախադէպը չի ունեցել Կազմակերպութեան ողջ պատմութեան ընթացքում:
Նման իրավիճակը հիմնականում պայմանաւորւած է Սպիտակ տան վարած չհաշւարկուած, չափազանց ագրեսիւ եւ կամք թելադրող դիւանագիտութեամբ, որն ակնյայտ սպառնալիք է ուղղուած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին, եւ կարող է լուրջ մարտահրաւէրներ առաջացնել տարածաշրջանային եւ միջազգային կայունութեան եւ անվտանգութեան համար:
Հէնց այս հանգամանքից ելնելով էլ, ԱԽ անդամ 15 պետութիւններից 13-ը, այդ թւում, նաեւ, ԱՄՆ արեւմտեան դաշնակիցները կտրականապէս դէմ են Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի (Միջուկային համաձայնագիր) շրջանակում վէճերի կարգաւորման մեխանիզի (Ձգանի մեխանիզմ) գործարկման մասին ԱՄՆ ներկայացրած պահանջին, որը ենթադրում է Իրանի դէմ սահմանւած ԱԽ բոլոր պատժամիջոցների վերականգնումը:
Բ. Նման իրավիճակը մեծապէս պայմանաւորուած է նաեւ Իրանի վարած գործապաշտ եւ հաւասարակշռուած դիւանագիտութեամբ, որը փաստօրէն զինաթափել է ամերիկացիներին:
Միջազգային դիւանագիտութեան ասպարէզում կան խաղի ընդգծուած կանոններ, որոնք պարտադիր են բոլորի, այդ թւում՝ ԱՄՆ-ի համար: Պաշտօնական Թեհրանում լաւ գիտեն այդ մասին, եւ փորձում են տեղաւորուել խաղի այդ կանոնների սահմաններում՝ գործելով սառնասիրտ: Մինչդեռ ամերիկացիները տրամագծօրէն հակառակ վարուելակերպն են կիրառել, որն էլ, բնականաբար, հակառակ էֆեկտն է ունեցել:
Գ. Այս համաթեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Իրանի համար ներկայ պահին առաջնային նշանակութիւն չունի Անվտանգութեան խորհուրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հնարաւոր հեռանկարը:
Իրանը ներկայ դրութեամբ էլ գտնւում է տարաբնոյթ պատժամիջոցների տոտալ ճնշման ներքոյ, իսկ փորձը ցոյց է տուել, որ Թեհրանում չեն պատրաստւում ընկրկել դրանց առջեւ:
Թեհրանում սառնասրտօրէն հետեւում են զարգացումների ընթացքին: Մանաւանդ, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկման եւ պատժամիջոցների վերականգնման դէպքում, Իրանը սեղանի վրայ ունի մի քանի տարբերակ, որոնցից ամենահաւանականը եւ, անշուշտ, ազդեցիկն իր ողջ թափով միջուկային ծրագրի ամբողջական վերականգնումն է: Տարբերակ, որից ցանկացած գնով փորձում է խուսափել միջազգային հանրութիւնը:
Իրանի դիրքային այս առաւելութիւնն իհարկէ, դեռեւս ոչինչ չի նշանակում: Չպէտք է մոռանալ, որ կողմերի դիւանագիտական այս դիմակայութեան վերջնախաղը դեռ առջեւում է: Թէ՛ Թեհրանում, թէ՛ Ուաշինկտոնում դա լաւ են գիտակցում:
Դիրքային առաւելութիւնը անհրաժեշտ է նիւթականի վերածել, իսկ դրա համար հարկաւոր է խուսափել հնարաւոր սխալներից եւ բացթողումներից: Խաղադրոյքն արուած է հակառակորդի հնարաւոր սխալի/սխալների վրայ:
Այնպէս, որ մեզ լարուած վերջնախաղ է սպասւում: Հետաքրքիր, եթէ չասենք շրջադարձային իրադարձութիւնները դեռ առջեւում են:
alikonline.ir