ԲԱԲԳԷՆ ՍԻՄՈՆԵԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ,
մշակոյթի վաստակաւոր գործիչ
Անչափ ցաւ եմ ապրում Պէյրութում տեղի ունեցած կործանարար պայթիւնի առիթով, որը մարդկային հարիւրաւոր կեանքեր խլեց, եղան նաեւ հազարաւոր վիրաւորներ: Առաջադէմ մարդկութիւնը անյապաղ պիտի դատապարտի այդ հրէշաւոր յանցագործութիւնը:
Չարութիւնը ու ատելութիւնը կրկին գլուխ են բարձրացրել: Փարիզում տաճարներ են հրկիզւում, Պէյրութում պայթիւններ են տեղի ունենում, հայ-թուրքական սահմանին եւ Նախիջեւանում՝ զօրավարժութիւններ: Այս ամէնը յուշում է սրբապիղծ թուրքական արիւնոտ ձեռագիրը:
Երկու անգամ եմ տեսել Պէյրութը՝ հայոց սփիւռքի մայրաքաղաքը, որին նուիրել եմ տարիներ առաջ լոյս տեսած իմ «Պատկերներ Լիբանանից» ուղեգրութիւնների գիրքը, որով ցանկացել եմ ջերմ խօսքս ուղղել եղբայրական Լիբանանին եւ լիբանանահայութեանը: Իսկ հիմա նայելով պայթիւնի հետեւանքով առաջացած ահասարսուռ տեսարաններին՝ սիրտս մղտում, ցաւով է լցւում:
Այս բախտորոշ պահին իմ զօրակցութիւնն եմ յայտնում Լիբանանի արաբ ժողովրդին, որը 1915 թուականին ջերմութեամբ ու եղբայրաբար ընդունեց Եղեռնից փրկուած մեր տարաբախտ ժողովրդի մի հատուածին: Զօրակցութիւնս եմ յայտնում նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա.-ին, ամբողջ լիբանանահայութեանը:
Լիբանանը տեսել է քաղաքացիական պատերազմ 1975 թուականին, բայց յետոյ կարողացել է շտկել իր կոտրուած մէջքը, ապաքինուել ու ծաղկել է: Այս փորձութիւնից էլ դուրս կը գան բարեկամ արաբ ժողովուրդը եւ լիբանանահայութիւնը, իսկ յանցագործները պատասխան են տալու Աստծոյ ահեղ դատաստանի առջեւ:
Սիրելի՛ Լիբանան, դու մենակ չե՛ս, քեզ հետ է հայոց սփիւռքը, քեզ հետ է առաջադէմ մարդկութիւնը:
08.08.2020
Երեւան