19 յուլիսին Սուրիոյ մէջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, որոնք պատերազմի սկսելէն ի վեր թէեւ առաջին ընտրութիւնները չէին, բայց առաջինն էին` գրեթէ ամբողջ Սուրիոյ մէջ կայացող:
Սուրիոյ այս ընտրութիւններուն, հայկական գաղութի մասնակցութեան եւ յատկապէս հայ երեսփոխաններու ընտրութեան եւ խորհրդարանին մէջ անոնց ներկայութեան մասին «Ալիք» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանին հետ:
Վ. Բ.- Մենք վերջին շրջանում Սիրիայի խորհրդարանում ունեցել ենք երկու պատգամաւոր, որոնք ընտրուել են մէկը` Դամասկոսից, միւսը` Հալէպից: Այս անգամ, քանի որ մեծ թուով թեկնածուներ էին գրանցուել եւ ոչ միայն հայ, այլ ընդհանուր առմամբ թեկնածուներ, հետեւաբար խնդիրը մի քիչ աւելի բարդ էր եւ անհրաժեշտ էր, որպէսզի համապատասխան գործունէութիւն ծաւալուի` քարոզչական եւ այլ միջոցներով, որպէսզի սիրիահայ համայնքը չկորցնի խորհրդարանում այդ երկու տեղերը:
Նշեմ նաեւ` քանի որ նախավերջին ընտրութիւնները տեղի էին ունեցել 2016-ին, ուստի նոր խորհրդարանի ընտրութիւնները պէտք է տեղի ունենային ապրիլին, բայց «Քորոնա»-ի համաճարակին պատճառով յետաձգուեց եւ վերջապէս յուլիսի 19-ին կայացան Սիրիայի խորհրդարանական ընտրութիւնները:
Պէտք է ասել, որ Սիրիայում հայերի մասնակցութիւնը ընտրութիւններին դա առանձին քոթաների վրայ չի հիմնւում, այսինքն` Իրանի նման չէ. իրենք չունեն երկու տեղ, որոնց ընտրում են հայերը: Այնտեղ թեկնածուները ընդհանուր քուէներով են ընտրւում եւ ընտրատարածքների բաժանումների հիման վրայ թեկնածու են լինում: Մի խօսքով` հայերի լիարժէք թուաքանակ այնտեղ գոյութիւն չունի որպէս այդպիսին եւ նրանք պէտք է ընտրուեն նաեւ արաբների եւ միւսների տուած քուէների հաշուին, քանի որ զուտ հայկական քուէն չի բերում ցանկացած արդիւնքի: Ընդհանուր թեկնածուներ են եւ հետեւաբար այդ առումով մի քիչ բարդութիւններ կարող են լինել:
Բարեբախտաբար, ընտրութիւնների արդիւնքը կարող եմ ասել` գոհացուցիչ էր. երեք հայ թեկնածուներն էլ ընտրուեցին եւ նշեմ, որ խորհրդարանի պատգամաւորների թիւը խորհրդարանում 250-ն է, որտեղ մենք երեք խորհրդարանական մանդատ ստացանք:
Հայ պատգամաւորներից երկուսը արդէն նախկին խորհրդարանում կային` Ժիրայր Րէիսեանը եւ դոկտ. Նորա Արիսեանը: Երրորդը, ով այս ընտրութիւններում յաջողեց անցնել խորհրդարան առաջին անգամ` իրաւաբան Լիւսի Իսկէնեանն է:
Ժիրայր Րէիսեանը եւ Լիւսի Իսկէնեան ընտրուել են Հալէպից, իսկ Նորա Արիսեանը Դամասկոսի շրջանից է ընտրուել:
Որքանով է կարեւոր այսօր ընտրութիւնների նման պատկերը մեզ համար հարցին` Վ. Բաղումեանը պատասխանեց,- «Չափազանց կարեւոր է այս ընտրութիւնների նման պատկերը մեզ համար, քանի որ, գիտէք, այսօր քաղաքական իրավիճակը` Թուրքիայի հետ, Սիրիայի ներքին կեանքի հետ կապուած եւ բազմաթիւ այլ պատճառներով, մեզ հնարաւորութիւն է ընձեռում, որ բարեկամ երկիր Սիրիայում քաղաքական եւ հասարակական գործունէութիւն ծաւալել, երկրի անկախութիւնը, ամբողջականութիւնը պաշտպանելու ամրապնդմամբ: Ինչպէս նաեւ միջազգային հարթակներում, որտեղ մենք` հայերս հակառակ հակասիրիական չարախօս շրջանակների գործունէութեան եւ տարածած մտքերի, ինչպէս միշտ այժմ եւս կը կանգնենք սիրիական պետութեան եւ ժողովրդի կողքին, ընդդէմ բոլոր այդ հիւանդագին քաղաքականութեան, որը բերեց երկրի քայքայմանը, բերեց ահաբեկչական շրջանակաների կառոյցների տեղակայմանը, որոնք հովանաւորւում էին Թուրքիայի կողմից: Սրանց դէմ պայքարում, մենք էլ մեր բաժին դերակատարութիւնը պէտք է ունենանք, որպէսզի կարողանանք հասցնել նպատակայարմար տեղ»:
Նաեւ պէտք է շեշտել, որ Հայաստանի համար Սիրիան որպէս բարեկամ երկիր, անչափ կարեւոր է, որ այս յաջողութիւնը մենք կարողանանք կեանքի մէջ վերածենք նաեւ քաղաքական յաջողութեան:
Ա. Է.
«ԱԼԻՔ»



