Թուրքիայի Հանրապետութեան նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուած է որպէս թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցոյց է տալիս Թուրքիայի իշխանութիւնների իրական էութիւնը: Հակառակ ստանձնած միջազգային պարտաւորութիւնների` թուրքական իշխանութիւնը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտաւորութիւնները, միւս կողմից պետական մակարդակով ցուցում է քաղաքակրթութիւնները արհեստականօրէն միմեանց հակադրելու իր խիստ վտանգաւոր գործելաոճը:
Այս առումով դատապարտելով թուրքական իշխանութեան այդ քայլը, այն դիտում ենք ոչ միայն յոյն ուղղափառ եկեղեցու իրաւունքների դէմ արուած քայլ, այլեւ այնպիսին, որը ոտնակոխում է Թուրքիայի փաստացի սահմաններում բնակուող ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն ու ազգային-հոգեւոր զգացմունքները:
Պատահական չէ, որ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրութեան օրուանից այն շարունակել ու շարունակում է իր հակահայ վանտալիստական քաղաքականութիւնը, որի վկայութիւնն է նաեւ Թուրքիայի այսօրուայ փաստացի սահմաններում, յատկապէս հայկական բռնագրաւուած տարածքներում գտնուող մշակութային ժառանգութեան քանդումը կամ ձեւախեղումը: Իսկ բացառիկ դէպքում, երբ Թուրքիան վերանորոգել է հայկական յուշարձան` միջնադարեան ճարտարապետութեան հոյակերտ կոթողներից Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, այն վերածել է թանգարանի եւ արգելել այնտեղ եկեղեցական արարողութիւնների անցկացումը:
Յատկանշական է, որ Այա Սոֆիայի տաճարն էլ 75 տարի ունէր թանգարանի կարգավիճակ, սակայն զուտ քաղաքական որոշմամբ ստացաւ մզկիթի կարգավիճակ: Այս դէպքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին որեւէ կերպ ապահովագրուած չէ նման ճակատագրից:
Աւելի՛ն, Թուրքիան այլամերժ քաղաքականութեանը զուգահեռ, շարունակում է իր առաւելապաշտական նկրտումները, որը վերջին շրջանում դրսեւորւում է հարեւան պետութիւնների տարածքներում թուրքական ապակայունացնող գործօնի աճով:
Թուրքական ապակառուցողական քաղաքականութիւնը, որը լրջօրէն սպառնում է տարածաշրջանային կայունութեանը, յատկապէս դրսեւորւում է Հայաստանի հետ յարաբերութիւններում, որի վկայութիւնը պարբերական բնոյթ կրող` Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութիւններն են` շաղախուած հակա-Հայաստան եւ հակահայ մօտեցումներով: Իր այլատեաց քաղաքականութիւնից ու քայլերից միջազգային համայնքի ուշադրութիւնը շեղելու համար, Թուրքիան մեղադրում է Հայաստանին ու միջամուխ է լինում իրեն չվերաբերուող այնպիսի հարցի մէջ, ինչպիսին ղարաբաղեան հակամարտութիւնն է` խրախուսելով ազրպէյճանական զինուած ուժերի յարձակողականութիւնը Հայաստանի պետական սահմանի ուղղութեամբ: Այս առումով ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման առաջին օրուանից նրա նկատմամբ թշնամական դիրքորոշում որդեգրած Թուրքիան իրաւունք չունի «բարի վարուց» քարոզներ տալու Հայաստանին:
Առաւել, Թուրքիայի խրախուսած ռազմական գործողութիւնների իրականացումը Ազրպէյճանի կողմից, հաստատապէս կ՛ապակայունացնի տարածաշրջանը եւ անկախատեսելի հետեւանքներ կարող է ունենալ դրանից դուրս եւս:
Միջազգային հանրութիւնը թէեւ բացասական արձագանգեց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու Թուրքիայ քայլին, սակայն մեկնելով աշխարհաքաղաքական հաշուարկներից` լուրջ, իսկապէս Թուրքիային զսպող քայլերի չդիմեց` քրիստոնէական արժեհամակարգում առանձնակի կարեւորութիւն եւ խորհուրդ ունեցող յուշարձանի կարգավիճակի խեղումը կանխելու համար:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփիւռ իր ցանցի եւ համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրութեամբ հետեւել Թուրքիայի հակահայ ու այլատեաց քաղաքականութեանը եւ դրան դիմակայելու համար յստակ քայլերի կը դիմի:
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 յուլիս 2020