«Սա Բոլոր Դիկտատորների Տրամաբանութեան Կարմիր Գիծն Է…» Վիգէն Բաղումեան

Օրերս Նիկոլ Փաշինեանը` իր հանգամանքին անյարիր, կրկին փորձեց ցեխարձակել 130-ամեայ կուսակցութեան հասցէին, առանց դոյզն իսկ գիտակցելու ՀՅԴ արժեհամակարգային նշանակութիւնը մեր պատմութեան աւելի քան մէկդարեայ ճակատագրական հոլովոյթում:

Ինչեւիցէ, այս հարցի շուրջ «Ալիք» փորձեց ճշտել ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի տեսակէտը, ով թերթին հետ զրոյցում խօսեց կատարուածից եւ յաւելեց.

«Նման միտք կարող է արտայայտել միայն անգրագէտ մարդը կամ ամբոխավարը:

Եթէ վերջապէս իրենք` իշխանութիւնները հասկացել են, որ իրավիճակը հասցրել են տագնապալի կէտի եւ պէտք է ազգային միասնութիւն, ինչո՞ւ այդ ուղղութեամբ քայլեր չեն վերցնում: Չէ՞ որ արդէն երկու տարի է վարչապետը հետեւողականօրէն գնում է պառակտման ուղիով եւ այսօր էլ շարունակում է այն:

Օրինակ, նա կարող էր հաւաքել քաղաքական բոլոր ուժերին, հրաւիրել անհատ գործիչների խորհրդակցական հանդիպումների եւ ձեւակերպել միասնական ծրագրեր: Բայց նա ինքնասիրահարուածի պէս միայն իր ձայնն է լսում, իսկ միւսները պիտի հիացմունքով ծափահարեն կամ լռեն:

Աւելի՛ն, ասում են արտակարգ վիճակ է, տագնապ է եւ պէտք է լռել, իսկ քննադատելը դաւաճանութիւն է:

Սա ծայր աստիճանի գռեհիկ ու յետադէմ մօտեցում է: Սա բոլոր դիկտատորների տրամաբանութեան կարմիր գիծն է` լռէ՛ք, եթէ ոչ` դաւաճա՛ն էք:

Եթէ դու քննադատում ես եւ քո բողոքի արտայայտութիւնը ընթանում է օրէնքի սահմաններում, ապա դա ոչ միայն դաւաճանութիւն չէ, այլ պարտականութիւն է: Ընդհակառակը` չքննադատելն է դաւաճանութիւն, որովհետեւ լուռ մնալով դու խրախուսում ես դիկտատուրան:

Ապա, եթէ երկրիդ ղեկավարը հէնց ինքն է տագնապի աղբիւրը, կամ այն խորացնողը, ինչ պիտի անես` լռե՞ս: Այդ լռելն ու համակերպուելը բացարձակ անընդունելի է:

Դա միայն կարելի է վերագրել նրա ինքնասիրահարուածութեանը կամ անտեղեկատութեանը:

Եթէ վարչապետը ՀՅԴ-ի հետ կապուած մեր ժամանակակից պատմութիւնից անտեղեակ է կամ դրանից դասեր չի քաղել` ուրեմն, ցաւօք, ոչ մի այլ պատճառ չկայ բացի վերոնշեալ գնահատականներից:

Յանուն հայ ժողովրդի ազատագրութեան առաւել քան մէկ դար ՀՅԴ-ն պարտաւորուել է պայքարի դուրս գալ երեք կայսրութիւնների դէմ` միաժամանակ:

Օսմանեան, ցարական եւ Պարսկաստանի Ղաջար թագաւորութեան, ապա սովետական ժամանակաշրջանի արհաւիրքները յաղթահարելու տանջալի ճանապարհին արիւն է տուել, բանտ նստել, չարչարանք կրել, բայց չի ընկրկել եւ իր բոլոր հնարաւորութիւնները ազգին ու հայրենիքին է նուիրել ու նուիրում է: Մոխիրների միջից Հանրապետութիւն է կերտել, Սփիւռք է կազմակերպել եւ այսօր էլ համայն հայութեան ամենահզօր կազմակերպութիւնն է:

Չգիտես ինչպիսի չհիմնաւորուած ինքնավստահութեամբ է վարչապետը իրեն թոյլ տալիս նման անպատասխանատու արտայայտութիւն եւ փորձում է -կամ երազում- ՀՅԴ-ի վերջը կանխատեսել»,- եզրակացրեց Վ. Բաղումեանը:

Ա. Է.

«Ալիք»

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )