Միասնականութեան Ազգապահպան Ուժը

 

Գնդ. ԱԼԵՔՍԱՆ ՄՈՒՇԵՂԵԱՆ
Լիբանանի մէջ ՀՀ դեսպանութեան զինուորական կցորդ

Հայ ազգի իւրաքանչիւր ներկայացուցիչ քաջատեղեակ է Հայկական լեռնաշխարհում Ուրարտական պետութեան, ինչպէս նաեւ Մեծ Հայքի Երուանդունիների, Արտաշէսեանների, Արշակունիների եւ Բագրատունիների թագաւորութիւնների պատմութեան ընթացքում հայ ժողովրդի պետականաշինութեան եւ մշակութային զարգացման յաջողութիւնները:

Հայկական լեռնաշխարհն ու հայ ժողովուրդն իր հազարամեակների դժուարին պատմութեան ընթացքում բազմիցս ենթարկուել են արտաքին թշնամու յարձակումներին, որոնց ընթացքում պատմական փառահեղ յաղթանակները կերտել է խիզախութեան եւ, յատկապէս, համաժողովրդական պայքարի շնորհիվ` ապահովելով Հայրենիքի ու հայ ժողովրդի ազատութիւնն եւ անկախութիւնը:

Համաշխարհային պատմական իրադարձութիւնները դասեր են տուել աշխարհի ժողովուրդներին եւ ապացուցել, որ իւրաքանչիւր ազգի անվտանգ գոյատեւման ու ազգային նպատակներին հասնելու յաջողուած գրաւականը պետութեան եւ ազգային կառոյցների համախմբուածութիւնն է:

Այդ առումով հայ ժողովրդի գոյատեւման ընթացքում միասնական պայքարի պատմական ցայտուն եւ վճռորոշ առաւել յիշարժան դրուագներից են, յատկապէս, Աւարայրի ճակատամարտն ու Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը:

Աւարայրում հայ ժողովուրդը` որպէս առաջին քրիստոնեայ պետութեան կրող, պաշտպանելով սեփական գոյութիւնը, հաստատել են նաեւ հոգեւոր հաւատամքին նուիրական մնալու կամքը, իսկ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում յաղթանակներով, 543 տարի առաջ Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը կորցնելուց յետոյ, նաեւ հնարաւորութիւն է ստեղծել հայ ժողովրդի նորագոյն պատմութեան շրջանում հայ ազգային պետականութեան վերածննդին` 1918թ. մայիսի 28-ին հռչակելով առաջին անկախ Հայաստանի Հանրապետութիւնը:

Այս հերոսամարտերը վերահաստատել են, որ ազգային արժեքների` քրիստոնէութեան ու անկախութեան համար պայքարը հայ ժողովրդի համար բարձրագոյն արժէքներ են: Այն նաեւ ապացուցել է, որ հայն` իր հայրենասիրութեամբ, ազգային գիտակցութեամբ, ազատութեան եւ անկախութեան հանդէպ տենչանքով, ունի քրիստոնէական արժէքներով պարուրուած անկոտրում կամք, իսկ յաղթանակներն առաւել հեշտ է ձեռք բերել միմիայն միասնական ու համաժողովրդական պայքարի միջոցով:

Մայիսի 28-ին Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան հիմնադրմանը նախորդած Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերը նշուած խօսքերի ապացոյցն է, ինչի արդիւնքում հայ ժողովուրդն արեամբ է ձեռք բերել սեփական պետականութիւն ստեղծելու եւ վերածնուելու իրաւունքը: Փոքրաթիւ ուժերի հերոսական պայքարով հայ ժողովուրդը կարողացաւ ստեղծել հայկական ազգային պետականութիւն, որի գոյութեան ընթացքում կառուցուեցին այն հիմնասիւները, որոնց շնորհիւ, անկասկած, այլեւս յարատեւելու է Հայաստանի Հանրապետութիւնն ու հայ ազգը:

Պատմական ժամակները փոխուել են, սակայն Հայաստանի Հանրապետութեան, Հայ եկեղեցու եւ Սփիւռքի հանդէպ արտաքին թշնամական նկրտումներն ու մարտահրաւէրները մնացել են անփոփոխ, աւելին` դրանք ստացել են նոր դրսեւորումներ:

Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ներկայ զարգացումների պայմաններում հայ ազգային պայքարն ու նորօրեայ Սարդարապատի հերոսամարտերն առջեւում են դեռ: Հայ ազգի ներկայ եւ գալիք սերունդների համար կարեւոր է մեր նախնիների օրինակով ազգային խնդիրներում համազգային գաղափարներով ղեկավարուելու առաջնահերթութիւնը: Նոր յաղթանակների հասնելու համար այլեւս պահանջւում են համազգային նոր մօտեցումներ եւ համահայկական համախմբման անհրաժեշտութիւն:

Այդ առումով այսօր առաւել քան կարեւոր են համազգային զգօնութեան բարձրացումը, Հայրենիքի շուրջ համահայկական կառոյցների միասնականութիւնը:

Առաջին հանրապետութեան անկախութեան հռչակումից անցել է աւելի քան 100 տարի, սակայն, Հայրենիքի հանդէպ ներկայիս մարտահրաւէրներին դիմագրաւելու նպատակով, Աւարայրի եւ Սարդարապատի հերոս հայորդիների ազգային նպատակների գաղափարական նուիրուածութեան օրինակն ուսանելի եւ ժամանակի պահանջ է դարձել իւրաքանչիւրիս համար:

Փառք ու պատիւ բոլոր այն հայորդիներին, որոնք հայ ժողովրդի պատմութեան ընթացքում եւ 20-րդ դարի սկզբում պատմական բարդ իրավիճակում համազգային ներուժի կենտրոնացմամբ իրենց պայքարն են մղել եւ ներդրումն ունեցել Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան հիմնադրման ու հայապահպանութեան գործում:

Օգտուելով առիթից` ՀՀ ԶՈւ անունից սրտանց շնորհաւորում եմ հայկական պետականութեան վերածննդի` Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան հիմնադրման տարեդարձի կապակցութեամբ, բոլորին մաղթում խաղաղութիւն, բարօրութիւն, անկոտրում կամք եւ ազգային նպատակների իրականացում:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )